Friday, January 25, 2008

ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ

Երեկ այդ մասին իրենց կայքէջերում նշել են թուրքական կենտրոնական թերթերը, հենվելով իսրայելական «Հաարեցի» վրա: Դրանց համաձայն, Իսրայելի արտգործնախարարությունը, ելնելով վարչապետ Էրդողանի հայտարարությունից, թե իսրայելական զինված ուժերն ամեն անգամ ներխուժելիս տասնյակ պաղեստինցիների են սպանում Գազայում, մինչդեռ «Կասսամ» հրթիռները որեւէ իսրայելցու մահ չեն պատճառել, պաշտոնապես բողոք է ներկայացրել Իսրայելում Թուրքիայի դեսպան Նամըք Թանին եւ վերոհիշյալ հայտարարության համար պահանջել է բացատրություն:
Դա տեղի է ունեցել հունվարի 23-ին, ինչի առնչությամբ Իսրայելի արտգործնախարարության բարձրաստիճան աշխատակիցը, որը հանդիպել է դեսպան Թանին, ասել է. «Էրդողանի հայտարարությունը խոր հիասթափություն է պատճառել Իսրայելին: Ահաբեկչության դեմ պայքարի լուրջ խնդիր ունեցող երկրի վարչապետից Իսրայելը բոլորովին այլ մոտեցում էր ակնկալում»: Ենթադրվում է, որ վարչապետ Էրդողանի հայտարարության առնչությամբ Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնին կդիմի Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանին, իսկ վարչապետ Եհուդ Օլմերտը՝ Էրդողանին:
Հ. Չ.

No comments: