Wednesday, January 30, 2008

ՍԻՐԻԱՅԻՆ, ԻՐԱՔԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՆ ՉՊԵՏՔ Է ԱՆԴԱՄԱԿՑԻ ԵՄ-ԻՆ»

Հայտարարում են Ֆրանսիայում իշխող «Ժողովրդական շարժում» միության պատգամավորները
Ֆրանսիայում իշխող «Ժողովրդական շարժում» միության 10 պատգամավորներ հունվարի 28-ին հրապարակել են համատեղ հայտարարություն, որտեղ անընդունելի է համարվում Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությունը: Հայտարարությունը այդ պատգամավորների հետ ստորագրել է նաեւ ԵՄ-ում Ֆրանսիայի խորհրդարանական Ալեն Լամասուրը:
Նույն օրը Ֆրանսիայի թերեւս ամենաազդեցիկ «Մոնդ» թերթում հրապարակված հայտարարությամբ հեղինակները կարծիք են հայտնել, որ Թուրքիայի հնարավոր անդամակցությունը կհանգեցնի ԵՄ-ի աշխարհագրական սահմանների վերացմանը, ընդգծել են Սիրիայի, Իրաքի, Ադրբեջանի (Նախիջեւանի) պես երկրների հետ հարեւանության անհամատեղելիությունը ԵՄ-ի համար: Նրանք մատնացույց են արել, որ Թուրքիան սահմանակից է վերոհիշյալ երկրներին, ինչը եւս հակասում է «քաղաքական Եվրոպա» գաղափարի դրույթներին, այդ իսկ պատճառով, պետք է մերժել թուրքական պետության անդամակցությունը միությանը:
Հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ անդամակցության դեպքում Թուրքիան կկլանի ԵՄ-ի տարեկան բյուջեի 1/4-ը, միայն գյուղատնտեսության ոլորտում նրա համար նախատեսվող հատկացումները կկազմեն 11,3 մլրդ եվրո, իսկ դա կհանգեցնի կործանարար հետեւանքների:
Հայտարարության հեղինակները անդրադարձել են նաեւ Թուրքիայում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների անբավարար մակարդակին, ապա եւս նշել. «Անհնար է այն պետության ինտեգրումը ԵՄ-ին, որը չի ճանաչում 1,5 մլն զոհերի պատճառ դարձած Հայոց ցեղասպանությունը եւ որեւէ առաջընթաց քայլ չի կատարում քրդական ու Կիպրոսի հարցերում: Ավելին, որպես անդամակցության թեկնածու երկիր, նա հրաժարվում է ճանաչել ԵՄ-ի անդամ պետությանը, ի դեմս Կիպրոսի Հանրապետության, փակելով վերջինի առջեւ նավահանգիստներն ու օդանավակայանները, ինչը աննախադեպ երեւույթ է Եվրոպայի պատմության համար»:
Հայտարարությունը անդամակցության լուրջ խոչընդոտ է որակել Թուրքիայում մտքի ազատության սահմանափակումը, դա պայմանավորել է հաճախակիորեն քննադատվող թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, հիշեցրել է, որ այս հոդվածը, ինչպես Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի թուրք գրող Օրհան Փամուկի, այնպես էլ մահափորձի զոհ դարձած Հրանտ Դինքի եւ նրա որդու՝ Արաթի դեմ քրեական գործի հարուցման պատճառ է դարձել, ընդ որում, վերջինը իր հոր հոդվածները հրապարակելու համար դատապարտվել է 1 տարվա ազատազրկման:
Վերջում հայտարարության հեղինակները նշել են. «Ինչպես ԵՄ-ի ձեւավորման պարագայում էր, այնպես էլ Միջերկրականի միության կազմավորման նախաձեռնությունը պետք է պատկանի Ֆրանսիային: ԵՄ-ի ընդարձակման առնչությամբ որոշումներ ընդունելը չի մտնում ԱՄՆ-ի պարտականությունների մեջ: Թուրքիան չի կարող մուտք գործել ԵՄ, որովհետեւ եվրոպական երկիր չէ: Մենք այս ճշմարտությունը շարունակելու ենք պաշտպանել»:
Ֆրանսիայում իշխող «Ժողովրդական շարժում» միության պատգամավորների հրապարակած համատեղ հայտարարության մանրամասներին ծանոթացել ենք թուրքական հանրային հեռուստատեսության եւ «Եվրոնյուսի» թուրքերեն տարբերակ «Աբհաբերի» միջոցով:
Թե ինչ արձագանք կունենա հայտարարությունը, ցույց կտա ժամանակը: Բայց, որ Թուրքիայի նշանակությունը կարեւորվում է այն հեռանկարով, որը նա ԵՄ-ի առջեւ է բացում տարածաշրջան ներթափանցելու ճանապարհին, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ֆրանսիական ռազմակայան բացելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ստորագրած պայմանագիրը եվրոպական այս կառույցի համար ոչ միայն ներթափանցում, այլեւ ռազմական ներկայություն է ապահովում Պարսից ծոցում, ակնհայտ է:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: