Wednesday, January 30, 2008

ԱԹԱԹՈՒՐՔԻ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՆԱՐԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԸ

Այս օրերին, երբ «Էրգենեքոնի» գործով ցնծում է ողջ Թուրքիան, իսկ բացահայտումները հետզհետե որոշակի են դարձնում, որ քեմալական ազգայնականությունը ոտնձգություններից պաշտպանելու «սրբազան» առաջադրանքով ստեղծված ընդհատակյա այս կառույցը գործել է թուրքական զինված ուժերին առընթեր եւ նրա գործունեությունը հետնաբեմից ղեկավարել են գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականները, ահա հունվարի 28-ին Իզմիրի քրեական դատարանը Քեմալ Աթաթուրքի հիշատակն անարգելու մեղադրանքով 1 տարի 3 ամսվա ազատազրկման է դատապարտել «Գազի» համալսարանի դասախոս դոկտ., պրոֆ. Աթիլլա Յայլային:
Հիշեցման կարգով նշենք, որ պրոֆ. Յայլան 2006-ի նոյեմբերի 18-ին Իզմիրում մասնակցելով «Եվրոմիություն-Թուրքիա հարաբերությունների հասարակական ներազդեցությունը» թեմայով վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության երիտասարդական թեւի կազմակերպած «կլոր սեղանին», ասել էր. «Քեմալիզմը ավելի շուտ ենթադրում է հետադիմություն, քան առաջադիմություն: Ապագայում մեզ կհարցնեն, թե ինչո՞ւ ամեն տեղ այս մարդու արձաններն են կանգնեցված»: Այս խոսքերից հետո ռեկտորատի որոշումով, պրոֆեսոր Յայլան վտարվել էր «Գազի» համալսարանից, իսկ Իզմիրի վերոհիշյալ դատարանը դատախազության միջնորդությամբ քրեական գործ էր հարուցել նրա դեմ: Մինչ դատախազը պահանջում էր 4,5 տարվա ազատազրկման դատապարտել պրոֆեսորին, 208 դասախոսներ հաղորդագրությամբ, համերաշխություն էին հայտնել պրոֆ. Յայլային, դատապարտելով նրան համալսարանից վտարելու ռեկտորատի որոշումը:
Համենայն դեպս, Իզմիրի դատարանի հունվարի 28-ի նիստում դատական խորհուրդը երկու տարով հետաձգել է պրոֆեսորի 1 տարի 3 ամսվա ազատազրկման դատավճռի ի կատար ածումը: Պայմանով, որ նա 2 տարի շարունակ գտնվի դատարանի վերահսկողության տակ եւ նոր հանցանք չգործի:
Հ. Չ.

No comments: