Wednesday, January 30, 2008

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ԱՌԱՋՆԱՀԵՐԹԸ ԼՈՂԱԼ ՍՈՎՈՐԵԼՆ Է»


Շախմատի Վեյք ան Զեեի մրցաշարի ավարտից հետո «Սպորտ-Էքսպրես» թերթի շախմատային մեկնաբան Յուրի Վասիլեւը հարցազրույց է վարել Լեւոն Արոնյանի հետ, ինչն անշուշտ կհետաքրքրի նաեւ «Ազգի» ընթերցողներին: Ի դեպ, մրցաշարի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում պարզվել է, որ առաջին անգամ մրցաշարի կազմակերպիչները որոշել են հավասար միավորների դեպքում տեղերի բաշխում կատարել ըստ Զոնենբոռն-Բերգերի գործակցի: Այդ գործակցով Արոնյանը գերազանցեց Մագնուս Կառլսենին եւ իրավունք ստացավ մասնակցելու սեպտեմբերին Բիլբաո քաղաքում անցկացվելիք «Մեծ սաղավարտի» մրցանակի եզրափակիչ մրցաշարին:
- Լեւոն, վերջին անգամ հանդիպել էինք Խանտի Մանսիյսկում, որտեղ քեզ չէր հաջողվել պահպանել աշխարհի գավաթակրի տիտղոսը: Այն ժամանակ դու երկրպագուներիդ խոստացար ուրախացնել մոտ ժամանակներս: Եվ խոստումը կատարեցիր, որի համար շնորհավորում եմ:
- Շնորհակալություն: Ինձ իսկապես հաջողվեց մրցաշարը պատշաճ մակարդակով անցկացնել: Կենտրոնացումս էլ իր բարձրության վրա էր:
- Քեզ ո՞վ օգնեց:
- Ինքս ինձ օգնեցի: Ընդհանրապես բախտս բերեց` մրցակիցներս նախապատրաստածս ծուղակն ընկան, երկուսին հաջողվեց «բռնել»: Իհարկե, պարտավոր էի հաղթել Իվանչուկին, սակայն ցայտնոտը խանգարեց, չկարողացա իրացնել մեկ զինվորի առավելությունը: Իսկ ընդհանուր առմամբ գոհ եմ ելույթիցս, արդյունքը նորմալ է:
- Ի՞նչ կարծիքի ես Մագնուս Կառլսենի մասին:
- Պատանին գերազանց է խաղում: Նրա տարիքում իմ ծանոթներիցս ոչ ոք այդպես հաջող չէր խաղում: Իհարկե, նրա խաղը դեռեւս կայուն չէ, սակայն ցանկացած պարտիայում կարող է իր տարիքին համապատասխան գիտելիքներ դրսեւորել:
- Մրցաշարի արդյունքներով «Մեծ սաղավարտի» կազմակերպիչները քեզ հրավիրել են Բիլբաո: Պատրաստվո՞ւմ ես այնտեղ հանդես գալ:
- Դա սեպտեմբերին է կայանալու, դեռ շատ ժամանակ կա: Եթե որեւէ արտակարգ բան չպատահի, ամենայն հավանականությամբ կխաղամ:
- Ապրիլին Բաքվում մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի մրցաշարերի շարքը, մասնակցելո՞ւ ես դրանց:
- Ապրիլին շախմատից հանգստանալու եմ: Առավել եւս, որ Բաքվում կայանալիք մրցաշարի ավարտից 2 օր հետո Սոֆիայում մրցաշար է մեկնարկելու, որում խաղալու եմ:
- Մոտ ապագայում անձնական եւ մարզական կյանքում ինչպիսի՞ն են ծրագրերդ:
- Կյանքում` լողալ սովորել: Դրանով կզբաղվեմ տանը` Բեռլինում: Իսկ մարզական ծրագրերը` լավ շախմատ խաղալ: Այլ ծրագրեր չունեմ:
- Ֆիշերի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պատրաստվո՞ւմ ես պաշտպանել:
- Այո:
- Քո կարծիքով, շախմատի այդ տարատեսակը համակարգչային սպառնալիքից փրկությո՞ւն է:
- Առայժմ շախմատին նման վտանգ չի սպառնում: Սակայն հնարավոր է ապագայում Ֆիշերի վարկածով շախմատը միակ փրկությունը դառնա:
- Համակարգչով երկար ժամանա՞կ ես պարապում:
- Քանի որ ցանկանում եմ կյանքում շատ բաներ հասցնել, ուստի համակարգչին քիչ ժամանակ եմ տրամադրում, ինչը բավարար չէ: Ուստի հաճախակի հարկ է լինում հույսը դնել գլխիս վրա, որն առայժմ ինձ փրկում է:
- Շատ բաներ հասցնել ասելով հավանաբար նկատի ունես գրականություն, կինո եւ երաժշտություն: Ի՞նչ ես ներկայում կարդում, դիտում ու լսում:
- Վերջերս ընթերցում էին Նաբոկովի «Մահապատժի հրավերը»: Ինձ դուր եկավ: Այժմ կարդում եմ բարեկամիս գրած վեպը: Նա ավստրալացի եկեղեցական է, սակայն աշխարհիկ իրադարձությունների մասին է գրում: Սիրում եմ ռուսական ռոմանսներ լսել: Երբ Բեռլինում հետաքրքրական ջազային խմբեր են ժամանում, հաճախում եմ նրանց համերգներին: Օրերս ավարտեցի Վուդի Ալենի ֆիլմի դիտումը...
- Դու որոշ չափով նման ես այդ ռեժիսորի հերոսներին:
- Ընկերուհիս ինձ այդ մասին եւս ասել է:
- Սովորաբար նա մրցաշարերում մշտապես ուղեկցում է քեզ, սակայն այս անգամ ինչ-որ չերեւաց:
- Ավստրալիայում նրա դասերն արդեն սկսվել են:
- Դու այնտեղ հաճա՞խ ես լինում:
- Ընդամենը երկու անգամ եմ եղել: Բայց ինձ շատ է դուր եկել:
- Աշնանը Դրեզդենում տեղի կունենա շախմատի համաշխարհային օլիմպիադան, որում ՌԴ հավաքականը կփորձի իրեն վերադարձնել չեմպիոնի տիտղոսը:
- Իսկ Հայաստանի հավաքականը կձգտի տիտղոսը ոչ մեկին չհանձնել: Ռուսաստանն, իհարկե շատ ուժեղ է, բայց մեր հավաքականում էլ տաղանդավոր պատանիներ են հայտնվել: Այնպես որ, դեռ կպայքարենք:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

No comments: