Thursday, January 31, 2008

ԼԻՈՆՈՒՄ «ԿԱՆԱՉՆԵՐԻ» ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆՎԵԼ Է ԹՈՒՐՔ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ

Պարզվում է՝ այդ թեկնածուն Հրանտ Դինքի զինակից Բասքըն Օրանի դուստրն է
Մարտին Ֆրանսիայում տեղական իշխանության մարմինների ընտրություններն են: Այդ մարմիններում ընտրվելու համար տարբեր կուսակցություններից առաջադրվել են նաեւ ֆրանսաբնակ թուրք թեկնածուներ, որոնց թիվը 15-ի է հասնում: Թուրքիայի իշխանությունները, ինչ խոսք, եվրոպական երկրներում խրախուսում են թուրք թեկնածուների առաջադրումը եւ թուրքական տարբեր կազմակերպությունների միջոցով աջակցում նրանց:
Սակայն, հակառակ թուրքական իշխանությունների ջանքերին, ընտրություններում առաջադրվող թուրք թեկնածուները երբեմն բախվում են խոչընդոտների, ինչի հետեւանքով դուրս են մղվում առաջադրվածների ցուցակից: Օրերս «Կանաչների» միությունը, որը ընտրություններին մասնակցելու Սոցիալիստական կուսակցության հետ դաշինք կազմած, ընտրացուցակից հանել էր Լիոնի արվարձաններից Վիյորբանում առաջադրված այդպիսի թեկնածուներից մեկին: Մինչդեռ ցուցակը հունվարի 12-ին հաստատել էր Վիյորբանի սոցիալիստ քաղաքապետ Ժան Պոլ Բրեն:
Ակամա հարց է ծագում` ինչո՞ւ: Հարցին հունվարի 28-ի համարում պատասխանել էր «Զամանը», գրելով. «Վիյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրեն «ցեղասպանության» օգտին արտահայտվելու համար հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր ծանոթացրել «Կանաչների» միության անդամ երիտասարդ կնոջ: Թեեւ հանդիպմանը թուրք գործիչը ճանաչել էր «ցեղասպանությունը», սակայն զգուշացրել էր համայնքի ներկայացուցիչներին, որ ճանաչման հայտարարությունը չի կարող հրապարակավ կրկնել, ինչի պատճառով նրա անունը հանվել էր քաղաքային խորհրդի համար առաջադրվողների ցուցակից»:
Թուրքական թերթը դա համարում է սկանդալ եւ միաժամանակ նշում, որ կատարվածի առնչությամբ զարմացած երիտասարդ թուրք կինը թեկուզ նեղ շրջապատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով որոշել է առայժմ գաղտնի պահել իր անունը: Ըստ երեւույթին նա շատ արագ վերանայել է իր որոշումը: Այլապես նույն «Զամանը» հաջորդ օրվա հունվարի 29-ի համարում չէր գրի, որ երիտասարդ թուրք կինը Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆ. Բասքըն Օրանի դուստր Սըրմա Օրանն է: «Զամանի» հունվարի 29-ի համարի տվյալներով, Վիյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրեն ոչ միայն դուստր Օրանին ծանոթացրել է լիոնահայ համայնքի ներկայացուցիչների հետ, այլեւ պահանջել է Լիոնի ցեղասպանության հուշարձանի առջեւ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Միջնակարգ կրթությունն Անկարայում Շառլ դը Գոլի անվան ֆրանսիական դպրոցում ստացած Սըրմա Օրանը ավարտել է Լիոնի համալսարանը: Ներկայումս նա աշխատում է Լիոնի քաղաքապետարանում:
Իր դստեր հետ կատարվածը որպես «խայտառակություն» որակող պրոֆեսոր Բասքըն Օրանը, որը Հրանտ Դինքի սպանության տարելիցի արարողություններին մասնակցելու համար հրավիրվել է Փարիզ, դա պայմանավորել է հակաիսլամականության, հակաթուրքականության դրսեւորումներով: Նա չի անդրադարձել Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագծին, որը Ֆրանսիայում ընդունվել էր անցյալ տարի, ինչպես նաեւ օրենքի տարածմանը Ֆրանսիայի բոլոր քաղաքացիների, առավել եւս տեղական իշխանության մարմիններում առաջադրվող իր դստեր վրա:
Ի դեպ, պրոֆ. Բասքըն Օրանը 2005-ին Երեւանում մասնակցել է Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովին: Նա ոչ միայն հանգուցյալ Հրանտ Դինքի մտերիմ ընկերն է եւ սյունաշարի հեղինակ «Ակօսում», այլեւ զինակիցը, որովհետեւ պայքարել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար, պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն ու հայկական սփյուռքը, ելնելով «Թուրքիայում ժողովրդավարության ամրապնդման» հեռանկարից, զերծ մնան հարցը միջազգային ասպարեզում բարձրացնելու գայթակղությունից: Այս մոտեցումը, ըստ հանգուցյալ Դինքի մտերիմ ընկերոջ, ծանր կացության մեջ է դնում նաեւ այն թուրք մտավորականներին, որոնք Թուրքիայում որպես ցեղասպանություն են որակում 1915-ի իրադարձությունները:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: