Wednesday, February 27, 2008

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ

Հոգեբանական տարբեր հնարքներով հասարակության գիտակցության վրա ազդելու մեթոդները այս կամ այն չափով գործում են գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, սակայն քիչ է պատահում, որ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը, օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ հնարքներին տիրապետի այնպիսի վարպետությամբ, որի համար, ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի, պահանջվում է մոտ 10 տարի: Ասվածը միանգամից համոզիչ դարձնելու համար բերենք նրա նշած ամենաթարմ օրինակը. նախորդ օրը Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը քոչարի է պարել իր 2 աջակիցների հետ՝ հասարակ ժողովրդի վրա կիրառելով հոգեբանական տերմինով ասած՝ «հասարակ մարդու մանիպուլացիան»: Հոգեբանական այս հնարքը գործադրվում է հանրույթին ցույց տալու, որ ինքը նրանցից մեկն է, կարող է նրանց պես թաշկինակը ձեռքն առնել ու ցատկոտել: Մարդիկ հրճվում են, հուզվում, հիանում՝ անտեղյակ հոգեբանական այն բոլոր տեխնոլոգիաներից, որ իրենց նախընտրելի թեկնածուն գործի է դրել եւ իրենց որպես գործիք օգտագործել քարոզարշավի հենց սկզբից:
«Հոգեբանական հայտնի մանիպուլացիաներից է պիտակներ փակցնելը. եթե ցանկանում ես մարդկանց համոզել քո ճշմարտացիության մեջ, պետք է անպայման պիտակներ փակցնես՝ «ավազակներ, դավաճաններ, տականքներ»: Բոլորին հայտնի է, թե թեկնածուներից ով է այդպիսի պիտակներով խոսում, դա նկատելի էր նաեւ Արթուր Բաղդասարյանի եւ մյուսների ելույթներում՝ չափի ու սահմանների տարբերությամբ: Նայած թե ո՞ւր են տանում այդ պիտակները, ի՞նչ արարքների են մղում: Եթե ժողովրդի հուզականությունը բարձր է, դրանք բավականին ազդու են: Պիտակներից բացի, Ազատության հրապարակում կիրառվում է նաեւ «փայլուն ընդհանրացումների» մանիպուլացիան, օրինակ՝ «նրանց կպատժի Հայաստանի անկախ դատարանը», այդ լսելով մարդիկ միանգամից ոգեշնչվում են, մտովի «փայլուն ապագա» տեղափոխվում»:
Հանրության ենթագիտակցության վրա հրաշալի է ազդում Տեր-Պետրոսյանի կիրառած հաջորդ մանիպուլացիան, որը հոգեբանները կոչում են տրանսֆերի՝ փոխանցման մանիպուլացիա: Երբ մեկը ներքին կապ է հաստատում իր եւ ազգային հերոսի կամ անբասիր հեղինակություն ունեցող երջանկահիշատակ մեկի հետ, խոսում է նրանց անունից այնպես, որ մարդիկ զգում են նրանց հոգեւոր ներկայությունը, դրանով հրաշալի է ազդում հանրույթի վրա ու հասնում է իր նպատակին: Հոգեբանական այս հնարքով Լեւոն Տեր-Պետրոսյանի համար տրանսֆերի օբյեկտ են դարձել Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը:
«Հայացք» ակումբ հրավիրված Կարինե Նալչաջյանը երեկ նշեց եւս մեկ՝ «վկայակոչման» մանիպուլացիայի մասին, որը ամենից շատ նկատելի էր Արտաշես Գեղամյանի քարոզարշավի ընթացքում: Այս տեխնոլոգիայով անհատը փորձում է իր խոսքը արժեւորել հայտնի մարդկանց ասույթները մեջբերելով կամ նրանց անձամբ ճանաչած լինելու մասին պատմելով: Այս մանիպուլացիան բավականին տարածված է մեր կյանքում, դրանից հատկապես սիրում են օգտվել իրենց կարեւորելու ձգտում ունեցողները:
«Դրանք մտածված մանիպուլացիաներ են եւ դրանց իմացությամբ զինվածները ներգործում են մարդկանց մտքի, գիտակցության վրա: Կարեւորն այն է, թե ինչ նպատակով են դրանք կիրառվում, որովհետեւ մեզանում ձեւավորված սոցիալական 2 խմբերը հոգեբանական տարբեր վիճակներում են: Հանրույթի մի հատվածը կատարել է իր ընտրությունն ու հետեւում է իրադարձություններին՝ առանց կիսատության զգացում ունենալու, իսկ մյուս հատվածը հոգեկան լարվածության մեջ է, որովհետեւ նրա համար ընտրությունները դեռ ավարտված չեն: Ամենից ուժեղ լարվածության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, մյուսներն անհամեմատ ավելի հանգիստ են: Լարվածություն կա նաեւ հաղթած ճամբարում, որովհետեւ ներքաղաքական այսպիսի վիճակում նրանք չեն կարողանում ճաշակել հաղթանակի բերկրանքը», ասաց Նալչաջյանը:
Իր պարտության հետ հաշտվելուց համառորեն հրաժարվող լեւոնական թեւն այս պահին օգտագործում է երիտասարդների հուզական պոռթկումները՝ իրենց ճանապարհին խոչընդոտող ամեն ինչ ավերելու, ջարդելու տենչով, իսկ ի՞նչ կլինի դրանից հետո, այդ երիտասարդները չեն գիտակցում, որովհետեւ մի քանի ամսվա ընթացքում նրանց գիտակցությունը դարձրել են թունելային, «նրանք անքննադատ ընդունում են ամեն մի ասվածը, դա հիպնոսի պես մի բան է, որը դեպի կործանում է տանում: Սա նշանակում է, որ թուլացել է ազգի հոգեբանական պաշտպանվածությունը: Չեմ ուզում հոռետես լինել, բայց գուցե այսպես է գալու մեր վերջը»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

No comments: