Wednesday, February 27, 2008

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԱՐԵՑ

Միաժամանակ խոստացավ պատժել օրինազանցներին
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Երեկ Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Հանրապետության բոլոր մարզերից ու Երեւանի բոլոր համայնքներից եկել էին նրանք, ովքեր իրենց քվեն էին տվել փետրվարի 19-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո նոր միայն իր շնորհակալության ու վստահության խոսքը հղեց Հայաստանի երրորդ հանրապետության երրորդ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ու վստահեցրեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի լուծի իրենց առջեւ ծառացած խնդիրները: «Այսօր մեզ մեկտեղել են ե՛ւ հաղթանակի բերկրանքը, ե՛ւ մտահոգությունները մեր երկրի ապագայի հանդեպ...», ասաց ընտրված նախագահ Սերժ Սարգսյանն ու ցավ հայտնեց, որ դեռ շատ վերքեր նոր են սպիանում, քանի որ ոմանք չեն կարողանում մինչեւ վերջ գիտակցել ու գնահատել մեր երկրի ձեռքբերման արժեքը, ժողովրդավարության արժեքը, ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու արժեքը, մեծամասնության կարծիքի արժեքը:
Ս. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց այն ընտրողներին, ովքեր քվեարկել էին մյուս թեկնածուների օգտին ու ասաց. «Մենք հարգում ենք մեր քաղաքացիների տեսակետներն ու չենք բաժանում հասարակությունը՝ մերոնց ու նրանց, կամ, ինչպես որոշ վայ ժողովրդավարներ են ասում՝ «մերոնց եւ ազգի տականքների», ֆաշիզմն ու ռեւանշիզմը մեզ համար խորթ են»:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ընտրական գործընթացին, վստահեցրեց, որ այն «միայն ուժեղացնելու է մեզ, միայն նպաստելու է մեր երկրի հետագա վերելքին ու իրական ժողովրդավարության արմատավորմանը, եւ այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին ու նրանց սատարող քաղաքական ուժերին՝ եկեք համագործակցենք ընդհուպ կոալիցիոն կառավարության ձեւավորումն ի նպաստ Հայաստանի զարգացմանը»: Անդրադառնալով մեր երկրում ժողովրդավարության զարգացման մարտիկ ու շարժիչ ուժ հանդիսացող քաղաքացիներին, Ս. Սարգսյանը շեշտեց. «Յուրաքանչյուր հաղթանակ ինչ որ հանգրվանի վերջն է, բայց ինձ համար, մեր բոլորի հաղթանակը, ընդամենը սկիզբն է գալիքի հաղթանակների եւ մեր սերունդներն այս հաղթանակով են հպարտանալու»:
Այնուհետեւ Ս. Սարգսյանը նշեց, որ այսօր մենք ականատես ենք այն երեւույթի, թե ինչպես են հասարակությունը բաժանել, տրոհել, ականատեսն ենք, թե ինչպես է ագրեսիվ խմբավորումը ցանկանում ամեն գնով հասնել իր նպատակին, ինձ համար այսօր չկա մերոնքականի-ձերոնքականի խնդիրը: «Այսօր կա Հայաստանի խնդիրը, մեր արժեքների, մեր ձեռքբերումների խնդիրը, որի լուծման համար մենք հավաքվել ենք այստեղ եւ կոչ եմ անում հաղթահարել այս արհեստական բաժանումը»: Սերժ Սարգսյանը հորդորեց ներկաներին չլցվել չարությամբ Ազատության հրապարակում տիրող իրավիճակից, քանի որ այնտեղ նույնպես մեր քույրերն ու եղբայրներն են, որոնք ակամա դարձել են մեր մի քանիսի վրեժխնդրության ու աթոռապաշտական նկրտումների գործիքը» ու խնդրեց զսպել հույզերը եւ հանդուրժողականություն ցուցաբերել:
Վերլուծելով, թե ինչ տվեցին այս ընտրությունները, նա նշեց, որ ժողովրդին երկփեղկման տանողները լավ գիտեն իրեն. «Ես արմատից կտրելու եմ լկտի պահվածքը, հարկեր չտալը, զոռբայությունն ու խմբապետությունը, մաուզերիստ մեր երկրում այլեւս չի լինելու, իսկ իրենց կյանքը միայն մութ անկյուններում պատկերացնողների համար ոչինչ չէր մնում, քան փախչել եւ հարթակներից խոսել ժողովրդավարության մասին, ինչից իրականում իրենք այնքան հեռու են, որքան հեռու են մեր ժողովրդի հոգսերից ու խնդիրներից: Այս ամենի մեջ ինձ համար ամենից անընդունելին մի քանի ընկերների անվայել պահվածքն է, ում սատանան կարողացավ գայթակղել խոստումներով ու զազրախոսությամբ: Ես վայրկյան անգամ չեմ վատնելու չափն անցածներին իրենց տեղը դնելու համար, անկախ անցած մարտական ուղուց, շնորհված կոչումներից ու պարգեւներից: Հայաստանի շահը վեր է ամեն ինչից», շեշտեց Սերժ Սարգսյանն ու պատմական ժամանակաշրջան համարեց մեր երկրի երկու ընտրությունները:
Այնուհետեւ ընտրված նախագահը նշեց, որ չնայած որոշ մարդիկ չկարողացան օգտվել իրենց ազատություններից ու կորցրին կոռեկտությունը, չափն անցան, սակայն դա չի նշանակում, որ մեր քաղաքը պիտի կաթվածահար լինի ու խոստացավ պաշտպանել ամեն մի քաղաքացու խոսքի ազատության իրավունքը եւ հայտարարեց. «Ես ամենավճռական քայլերը կձեռնարկեմ մեր երկրում առկա քաղաքական կայունության ամրապնդման, հասարակական կարգ ու կանոնի պահպանման ու հասարակության բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ»: Վկայակոչելով Սուրբ գիրքը, Սերժ Սարգսյանն ասաց. «Ամեն ինչ ունի իր ժամանակը, այսօր քարեր հավաքելու ժամանակը չէ, այսօր քարը փեշից թափելու ժամանակն է, այսօր ոխակալության ժամանակը չէ, այլ խաղաղության ժամանակն է, միասնության ժամանակն է... Առաջ Հայաստան, առաջ դեպի բարգավաճ ու անկոտրում ու երազած մեր Հայաստանը, դեպի նոր հաղթանակներ»: Հանրահավաքի մասնակիցները, չնայած անձրեւին, մի քանի ժամ ունկնդրեցին հայ էստրադայի ճանաչված երգիչ-երգչուհիների ելույթները:

No comments: