Friday, February 29, 2008

Մենք` սումգայիթյան ջարդերի 20-ամյակին նվիրված հանրահավաքի մասնակիցներս...

Մենք` սումգայիթյան ջարդերի 20-ամյակին նվիրված հանրահավաքի մասնակիցներս, Ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահ պետությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) ղեկավարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Եվրոխորհրդարանին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Հայաստանի նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին դիմում ենք սույն հայտարարությամբ:
Կյանքը ցույց է տվել, որ այսպես կոչված Ղարաբաղյան կարգավորմամբ արդյունավետորեն զբաղվելու միջազգային պաշտոնական կազմակերպությունների եւ միջազգային ընկերակցության բոլոր փորձերը ապարդյուն են անցել: Եվ այդ կապակցությամբ կան իրական երկյուղներ, որ կգա մի օր, երբ, ինչպես դա հաճախ է լինում, անտեսելով տրամաբանությունն ու ողջախոհությունը, կընդունեն չկշռադատված որոշում, որն անկանխատեսելի հետեւանքների կհանգեցնի ամբողջ տարածաշրջանում: Մինչդեռ առաջին անելիքը աղետի կանխումն է:
Կասկած չկա, որ ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի լուծման կարեւորագույն փաստարկը անմիջականորեն հակամարտող կողմերի բանակցություններն են: Սակայն բոլոր 20 տարիների ընթացքում համապատասխան միջազգային կազմակերպությունները, ինչպես նաեւ շահագրգիռ երկրները ակնհայտորեն հաշվի չեն առնում այն փաստը, որ բանակցություններն անցկացվում են Ադրբեջանում այսօր իշխող հակահայկական թունոտ հիստերիայի եւ ռազմաշունչ հայատյացության պայմաններում:
Պաշտոնական Բաքուն վաղուց արդեն Հայաստանին հայտարարել է մոլի ալյատյացությամբ համեմված անհաշտ պատերազմ, որն ակադեմիկոս Սախարովը Սումգայիթից անմիջապես հետո անվանեց «քարանձավային ռասիզմ»: Եվ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանում օտար կարծիքների, հավատալիքների, մշակույթների նկատմամբ հանդուրժողականության քարոզչության ներկայիս լիակատար բացակայության պայմաններում:
Ամբողջ աշխարհի աչքի առջեւ տեղի է ունենում հայ ժողովրդին Ադրբեջանի հայտարարած մարդատյաց պատերազմ, հիմա արդեն` տեղեկատվական դաշտում: Եվ ակնհայտ է դառնում, որ բանակցությունների սեղանի շուրջը նստելուց առաջ հարկավոր է նախ եւ առաջ շուտափույթ կանգնեցնել այդ պատերազմը:
Ավելին, «սումգայիթի» եւ «բաքվի» անպատիժ մնալը, հայկական ջարդերի կազմակերպիչներին ու իրագործողներին ազգային հերոսներ դարձնելը, Բուդապեշտում քնած գործընկերոջը միայն հայ լինելու պատճառով կացնահար արած ադրբեջանցի երիտասարդ սպային գրեթե սրբացնելը հանգեցրին այն բանին, որ այսօրվա Ադրբեջանի համար արդեն հատկանշանական են դարձել ոչ միայն չարագույժ հայատյացությունը, այլեւ պատերազմի բացահայտ կոչերը: Եվ հարկ է ընդգծել, որ արյունահեղության կոչ են անում ոչ թե հասարակ մարդիկ, այլ պաշտոնական անձինք, սկսած Ադրբեջանի նախագահից մինչեւ Միլի մեջլիսի պատգամավորները: Սեփական ժողովրդի առջեւ ի լուր աշխարհի ցինիկորեն հայտարարում են, որ «առաջիկա տարիներին Հարավային Կովկասի քարտեզի վրա գոյություն չի ունենա Հայաստան պետություն, քանզի այդ ժողովուրդը տարածաշրջանում ապրելու իրավունք չունի»:
Այսպիսով, անվերջանալի չարագործությունների ու վայրագությունների համար զղջալու փոխարեն, ահաբեկիչների դատավարության փոխարեն մենք այսօր լսում ենք միայն զենքի շառաչ եւ փոխվրեժի սպառնալիքներ, նույնիսկ նորագույն պատմության փաստերի խեղաթյուրում եւ հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող անվերջանալի վիրավորանքներ:
Եվ հենց այսպիսի ռազմաշունչ պայմաններում, երբ մի ամբողջ ժողովրդի դեմ ուղղված հիրավի կենդանական ատելության զգացումները ծայրաստիճան շիկացած են, երբ ԽՍՀՄ տրոհումից հետո դադարեցված են Սումգայիթում ու Բաքվում հայերի ցեղասպանության կազմակերպիչների եւ իրականացնողների պատիժներին վերաբերող բոլոր դատական գործերը, անիմաստ եւ բարոյազուրկ է դառնում բանակցությունների սեղանի շուրջը նստելը: Քանզի նման աննորմալ իրավիճակում հազիվ թե հնարավոր լինի ակնկալել սթափ երկխոսություն եւ, իհարկե, հարցի խելամիտ լուծում:
Ուզում ենք ձեզ հիշեցնել, որ եթե Թուրքիան, մաքրելով իր պետական արխիվները, պատմաբաններին ցինիկորեն հրավիրում է դրանցում գտնել Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթեր, ապա Սումթայիթի եւ Բաքվի դեպքում բոլոր անհրաժեշտ վկայությունները պահպանվել են:
Նախկին ԽՍՀՄ շատ քաղաքներում դատավարություններ են անցկացվել Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի գործերով: ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի նիստերում, ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարների եւ խորհրդային խորհրդարանի նստաշրջանների նիստերում քանիցս լսվել է Սումգայիթի եւ Բաքվի ոճրագործությունների հարցը եւ ընդունվել են որոշումներ: Այնպես որ բոլոր անհրաժեշտ նյութերը կան դատաքննությունները վերսկսելու համար: Մնում է հիշեցնել, որ խոսքը ահաբեկչության, մարդկության եւ մարդկայնության դեմ գործված ոճիրների մասին է, որոնց նկատմամբ կիրառելի չէ վաղեմության ժամկետի միջազգային իրավական սկզբունքը:
Մենք խորապես համոզված ենք. Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի կազմակերպիչների եւ իրականացնողների նկատմամբ արդար դատաստանից հետո միայն հնարավոր կլինի հուսալ, որ երկու ժողովուրդներն իրենք կգտնեն մերձեցման կետեր, որոնք առավել հուսալիորեն կհանգեցնեն տարածաշրջանում իրական հաշտության ու խաղաղության: Եվ միայն այդ ժամանակ հնարավորություն կստեղծվի բանակցությունների սեղանի շուրջը նստել բոլոր հարցերի հաջող լուծման համար:
Հայտնի է, որ չպատժված «սումգայիթը» հանգեցրեց նոր «սումգայիթների», որոնք իրենց հերթին ահաբեկչության նոր ու անթիվ օջախների ստեղծմանը հանգեցրին ոչ միայն ԽՍՀՄ-ում եւ ապա ԱՊՀ երկրներում այլեւ ողջ աշխարհում: Եվ չարիքի ծավալման այդ շղթայական ռեակցիան մենք չենք կանգնեցնի, եթե յուրաքանչյուր առանձին դեպքում չպատժվի հակամարդկային հանցագործությունը: Մենք` հանրահավաքի մասնակիցներս, այդ թվում նաեւ Սումգայիթի եւ Բաքվի բազմաթիվ զոհերս, պահպանելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տառն ու ոգին, հաստատակամորեն պահանջում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա միջազգային դատարան հիմնի Ադրբեջանի տարածքում 1988-ի փետրվարին (Սումգայիթ) եւ 1990-ի հունվարին (Բաքու) միջազգային իրավունքի լուրջ խախտումների համար պատասխանատու անձանց դատական հետապնդման համար: Եվ միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել արդարության հաղթանակի մասին, առանց որի երբեք չի լինում հուսալի խաղաղություն:
Սումգայիթի զոհերի հիշատակի 20-ամյակին նվիրված երեւանյան հանրահավաքի մասնակիցներ

No comments: