Friday, February 29, 2008

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆԵԼԸ ԸՆԴԴԱՏՅԱ ԳՈՐԾ Է»


Ասում է Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը


Նախընտրական եւ հետընտրական հանրահավաքներում օտար պետության դրոշ ծածանվել էր միայն նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հրավիրած հանրահավաքներից մեկում, բայց ոչ առանձին պետության, այլ Եվրոմիության դրոշը: Ազատության հրապարակում յոթ օր ու գիշեր հանրահավաք անող Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա աջակիցները փետրվարի 27-ին իրենց ցնծությունը արտահայտեցին Իսրայելի պետական 2 դրոշներով՝ հաղթականորեն պահված հարթակից քիչ հեռու կանգնածների ձեռքերում: Այդ դրոշների ֆոնի վրա ազգային ու ժամանակակից պարեր պարող Լեւոն Տեր-Պետրոսյանին Հանրային հեռուստատեսությամբ նախորդ օրը դիտած մարդկանց համար եթե ոչ անհասկանալի, գոնե անսպասելի էին այդ երկրի պետական դրոշն ի ցույց ամենքի հանելու քաղաքական նրբերանգները: Այդօրինակ քաղաքական «միացում» կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հանրահավաքում ներկա գտնվեին իրենց երկրի խորհրդանիշն իրենց հետ բերած իսրայելցիները կամ մեր երկրի հրեական համայնքի անդամները: Վերջիններս, ինչպես «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը, չեն մասնակցում Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների հանրահավաքին: Մնում է ենթադրել, որ կամ լեւոնական թեւի հարազատներն են ժամանել Իսրայելից, կամ որոշ մասնակիցներ իրենց արդեն իսկ համարում են իսրայելցիներ:
«Իսրայելի դրոշը հանրահավաք տանելու հետ մենք ոչ մի կապ չունենք, ուղղակի ապշահար ենք այդ արարքից: Դա ընդդատյա գործ է, ո՞վ է իրեն իրավունք վերապահել մեկ այլ պետության դրոշի ներքո հանրահավաք անել: Մենք այստեղ Հայաստանի քաղաքացիներ ենք, ես չգիտեմ՝ դա ո՞ւմ կազմակերպած սադրանքն է: Մեզ իրոք շատ է հետաքրքրում, թե ո՞վ է կանգնած դրա հետեւում: Մեր համայնքի անդամները չեն գնում Ազատության հրապարակ, մենք ոչ մի կապ չունենք ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ նրանց հանրահավաքների հետ», ասաց Ռիմա Վարժապետյանը, բացառելով, որ այդպիսի անմիտ արարք կարող էր իրեն թույլ տալ Հայաստանի առաջին նախագահի ազգությամբ հրեա կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:
Հայաստանի հրեական համայնքը, ինչպես նշեց համայնքի ղեկավարը, երեկ շնորհավորական հեռագիր է ուղարկել նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին: «Մեզ համար նա է երկրի ղեկավարը, նրան ուղարկած հեռագիրը տեղադրել ենք մեր ինտերնետային էջում: Այս ընտրություններում աջակցել ենք նրան՝ գնահատելով վերջին տարիներին Հայաստանի զարգացման համար նրա ունեցած ներդրումը»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

No comments: