Friday, February 01, 2008

ՌԱԶՄԱՄՈԼԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Խմբագրությանը հասցեագրված ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացվող նյութը հայտնի հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի վերոնշյալ վերնագրով թուրքերեն ելույթի համառոտ տարբերակն է, որտեղ նա բացահայտում է Թուրքիայում բռնատիրական վարչակարգի բնույթն ու ակունքները, կապելով միջպատերազմյան շրջանի Եվրոպայում ծնունդ առած ֆաշիզմի եւ հետպատերազմյան շրջանի զինվորական բռնատիրությունների հետ: Ծրագրված էր, որ նա այս ելույթով հանդես կգա Լոնդոնում հունվարի 22-ին նախատեսված մամլո կարեւոր մի ասուլիսի ժամանակ, բայց հունվարի 31-ին նախատեսված դատավարության կապակցությամբ իր իսկ փաստաբանի խորհրդով նա չեղյալ է համարել Լոնդոն իր այցելությունը: Եվ քանի որ նա գլխավոր ելույթ ունեցողն էր, այդ մամլո ասուլիսն ընդհանրապես հետաձգվել է: Այդուհանդերձ նա ցանկացել է, որ Հրանտ Դինքի սպանության տարելիցի առթիվ այս օրերին հնչի այդ ելույթը հիշատակի որեւէ միջոցառման ժամանակ:
Ազգային անվտանգության պետություն հասկացությունը օգտագործվում էր սառը պատերազմի ժամանակաշրջանում, երբ Արեւմուտքը քաջալերում էր զինվորական բռնատիրություններին` պայքարելու համար ոչ միայն արտաքին, այլեւ այսպես կոչված «ներքին թշնամու» դեմ: 1960-1970-ական թվերին Լատինական Ամերիկայի շատ երկրներ, ինչպես նաեւ Հունաստանը, Թուրքիան, Ինդոնեզիան եւ Հարավային Կորեան զինվորական հեղաշրջումներ իրականացրած նմանատիպ բռնապետներ էին կառավարում: Արգենտինան, Չիլին եւ Թուրքիան տառապում էին նաեւ մեկ այլ գործընթացով, որն ամբողջովին քայքայեց այդ երկրների ժողովրդավարական շարժումներն ու կառույցները: Բրազիլիայում, Չիլիում եւ Թուրքիայում վարչակարգերը վերակազմավորվում էին կամ քաղաքական կուսակցությունները, արհմիություններն ու հասարակական կազմակերպությունները հիմնահատակ վերացնելով, կամ էլ դրանց զգալի վերակառուցումով` եւ այդ բոլորը կատարվում էր «ազգային անվտանգության» պատճառաբանությամբ կամ քողի ներքո:
Այսօրինակ վարքագիծն իր պատմությունն ուներ, որ հետ` դեպի 1920-ական թվականներն էր գնում, երբ ռազմամոլական վարչակարգեր հաստատվեցին սալազարիզմի, ֆրանկոյիզմի եւ քեմալիզմի դրոշների տակ: Դրանց ավելացան` Լեհաստանում գեներալ Պիլսուդսկու, Հունաստանում գեներալ Մետաքսասի եւ Հունգարիայում ծովակալ Հորդիի բռնատիրությունները:
Թուրքիայում ռազմամոլական ազգայնականությունը հաստատվել է Արեւմուտքի եւ մասնավորապես Միացյալ Նահանգների սերտ համագործակցությամբ: Հետագայում հասել է ծայրահեղության, այնքանով, որ ընտրված իրարահաջորդ կառավարությունները քիչ ազդեցիկ ուժ են ունեցել կառավարության հիմնական խնդիրներում եւ ոլորտներում: Դրանք զինվորականների բացարձակ իշխանությունների` այսպես կոչված, Ազգային անվտանգության խորհրդի իրավասության տակ են գտնվել: Թուրքիայում «կարմիր գիրք» անվան տակ գործում է գաղտնի մի սահմանադրություն:
2006 թվականի ամռանը Էրդողանի կառավարությունը ընդունեց այդ «կարմիր գիրքը» իր նոր, բարեփոխված ձեւով եւ հրաժարվեց հանրության սեփականությունը դարձնել, պատճառաբանելով, որ պետք է գաղտնի մնա` հաշվի առնելով նրա կարեւորությունը պետության համար: Դրանում ընդգրկված դրույթներով «ծայրահեղ ազգայնամոլությունն» ու «ռասիզմը» որպես վտանգավոր ծայրահեղական շարժումներ չեն դիտվում Թուրքիայում: Այսպիսով «ագրեսիվ ազգայնամոլությունը» չի դատապարտվում Թուրքիայում, եւ նրանում ընդգրկված մարդասպանները, որոնք «սպանում են համաձայն պատվերների», համարվում են «լավ տղաներ» կամ «տղաներ, որոնք լավ մտադրություններ ունեն»:
Լրատվամիջոցներից ոմանք դեմ են այս իրավիճակին: Ուրիշներ «հերոսների» նոր ալիք են ձեւավորում այդ «տղաներից»: Հեռուստածրագրերը երբեմն ոչ իրական պատմություններ են հորինում եւ հրամցնում հանրությանը: Օրինակ` Ստամբուլի Ֆեներ թաղամասում գտնվող հունական եկեղեցու աթոռանիստը հռչակվում է «Նոր Վատիկան»: Քրիստոնյա միսիոներները համարվում են «մեծ վտանգ», «սպառնալիք» այն առումով, որ նրանք քրդերին ու ալեւիներին (ալեւիները մահմեդական են եւ կազմում են բնակչության 20 տոկոսը): Քրդերն ու ալեւիները այսպիսով «անհուսալի» տարրեր են համարվում, իսկ մաքուր թուրքական արյուն ունեցողները (մի բան, որ Անատոլիայում հնարավոր չէ ապացուցել)՝ հավատարիմ ու հուսալի:
Չնայած պնդում են, որ Թուրքիան աշխարհիկ պետություն է, հայկական կամ հունական սրբազան վայրերը, եկեղեցիներն ու դպրոցները հետեւողականորեն համարվում են «օտար» եւ պետության կողմից ենթարկվում հետապնդումների: Այս խնդիրը հատկապես իր նշանակալի զարգացումն ապրեց Իսմեթ Ինոնուի (1938 թ.) նախագահության օրոք: Նման դիրքորոշման վերջնական նպատակը այդ, այսպես կոչված, «օտար», քրիստոնյա հաստատություններն ամբողջովին բնաջնջելն է:
Երկրի բողոքական եւ կաթոլիկ համայնքները զգալի դժվարությունների առաջ են կանգնած եւ չեն կարողանում պաշտոնապես գրանցել իրենց աղոթավայրերը: Բազմիցս ռումբեր են գցվել հունական պատրիարքարանի տարածք:
Զինվորականների պաշտոնական կայքը քրիստոնյա փոքրամասնություններին դասում է վտանգավորների ցուցակում: Հայկական ցեղասպանության ժխտումը նրանց գլխավոր նպատակներից մեկն է: Այդ առթիվ եղած հայտարարությունները համահունչ են թուրանիզմ-պանթուրքիզմի գաղափարախոսության հետ: Զինվորականները նույնիսկ պաշտպանում են Թալեաթ փաշայի շահարկումները համաշխարհային պատերազմի վերաբերյալ: 2007-ի ապրիլի 28-ին նրանք համարձակություն ունեցան նույնիսկ պետական հեղաշրջման կոչ անելու էլ. փոստով: Սրանք, իհարկե, փորձնական քայլեր են՝ միտված ապագային:
Զինվորականները անցած 90 տարիների ընթացքում հրաժարվել են լուծել քրդական խնդիրը խաղաղ եւ քաղաքական միջոցներով: Գնդապետներ են եղել, որոնք նույնիսկ հայտարարել են. «Եթե չլիներ այս «մարդու իրավունքներ» կոչվածը, մենք մեկ օրում կլուծեինք այդ հարցը»: (Այս առիթով պետք է հիշել Արեւմտյան Հայաստանի հայերի, ինչպես նաեւ քրիստոնյա ասորիների եւ պոնտական հույների ճակատագրերը):
Զինվորականների այս ռազմամոլական ազգայնականությունը անշուշտ շարունակելու է իր պատերազմը «ներքին թշնամու» դեմ: Այս հոգեբանությունը նաեւ տարածվում է արտասահմանում ապրող թուրքերի շարքերում, դրանով խթանելով Թաներ Աքչամի նման առաջադեմ գիտնականների եւ հեղինակների հրապարակային ելույթների խափանումները: Երեւույթն այն աստիճանի է «արմատավորվել», որ երբեմն կարիք էլ չի զգացվում «վերեւների հրահանգներին» սպասելու, քանի որ արտասահմանում գործող այդ ռասիստական եւ ազգայնական խմբավորումները այնքան են ենթարկվել «ուղեղների լվացմանը», որ կարծես ծրագրավորված ռոբոտներ լինեն:
Այսօրինակ վարչակարգի երկար պատմությունը նույնիսկ կապեր ունի նացիստների հետ: Սառը պատերազմից հետո, շնորհիվ ՆԱՏՕ-ի, զգալիորեն վերակենդանացել է նրանց գաղափարախոսությունն ու դիրքորոշումը: Ովքեր կանգնում են նրանց ճանապարհին, պարզապես «հեռացվում են»:
Հարցն այստեղ հետեւյալն է: Պատահակա՞ն էր արդյոք Հրանտ Դինքի սպանությունը: Զուգադիպությո՞ւն էր:
Այժմ, երբ ասորի քրիստոնյաներն են հետամուտ լինում իրենց ցեղասպանության ճանաչմանը, զուգադիպությո՞ւն է արդյոք, որ նրանք «վտանգավոր գոտում» եւ սպառնալիքների տարափի տակ են հայտնվել, իսկ վերջերս էլ Շվեդիայում սպանվեց նրանց գիտնականներից մեկը:
Ինչո՞ւ են արտասահմանից եկած կաթոլիկ կրոնավորները հարձակման ենթարկվում անընդհատ, իսկ նրանցից մեկն էլ սպանվեց:
Ինչո՞ւ բողոքականներն ու գերմանացիները, որոնք Թուրքիան իրենց բնակության վայր են դարձրել, դժվարանում են իրենց դավանանքին տեր կանգնել առանց հետապնդումների:
Ի՞նչ կապ ունի այս բոլորը մի պետության հետ, որն իրեն աշխարհիկ է համարում:
Վերոհիշյալներից (եւ ոչ միայն) ոչ մեկն էլ զուգադիպություն կամ պատահականություն չէր:
Ընդհանուր մտածելակերպը դեռ մնում է ռազմավարական, զինվորական:
Իրավիճակը կարող է փոխվել միայն ժողովուրդների միջազգային համերաշխության շնորհիվ:
ՌԱԳԸՓ ԶԱՐԱՔՈԼՈՒ, Թարգմ. Հ. Ծ.

No comments: