Friday, February 01, 2008

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ»

Գրում է «Զաման» թերթը
Թեեւ Թուրքիայում ներքաղաքական զարգացումները սրընթաց են զարգանում եւ երկրում բացահայտվում են պետական կառույցների հետ սերտաճած ընդհատակյա ահաբեկչական կազմակերպություններ, սակայն այս ամենը չի խանգարում, որ թուրքական լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում պահեն Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունները: Իրականում այդ ուշադրությունը պայմանավորված է ոչ այնքան թուրք հասարակության տեղեկացվածությունն ապահովելու լրատվամիջոցների պարտաճանաչությամբ, որքան թուրքական քաղաքական շրջանակների շահախնդիր շահագրգռություններով:
Գաղտնիք չէ, որ Թուրքիան իբրեւ ազգային խնդիր է դիտում նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, ինչը ենթադրում է պետական համապատասխան մոտեցում մեր հանրապետությունում ընթացող գործընթացներին: Ահա թե ինչու կենտրոնական թերթերը ամենայն մանրամասնությամբ լուսաբանում են ՀՀ նախագահի թեկնածուների ընտրապայքարը, իսկ վերլուծականներով փորձում են թեկուզ մասնակի ազդել այդ պայքարի ընթացքի վրա:
Վերոհիշյալ թերթերից թերեւս պետք է առանձնացնել «Զամանին», որովհետեւ Ադրբեջանում եւս հրատարակվելու հանգամանքը այս թերթին ինչպես Հայաստանի նախագահական ընտրությունների, այնպես էլ առաջադրված թեկնածուների նկատմամբ ավելի զգայուն է դարձնում, որի հետեւանքով դրա հրապարակումները հաճախ են հայտնվում Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ամենօրյա տեղեկագրում:
Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Զամանի» վերոհիշյալ տեղեկագրում արտատպված վերջին հրապարակումը:
Հ. Չ.
«Հայաստանը փետրվարի 19-ին պետության նոր ղեկավար ընտրելու համար գնալու է քվեարկության: Ընտրությունը, որի համար մրցելու է ինը թեկնածու, ունի երկու ֆավորիտ: Նրանցից մեկն իշխանությունների թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանն է, մյուսն էլ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին չի մասնակցում, քանի որ ՀՀ սահմանադրությունը թույլ չի տալիս հաջորդաբար երեք ժամկետով նախագահության պաշտոնը զբաղեցնել:
Անկասկած, ընտրությունները բնորոշվում են որպես 10 տարի առաջվա հաշիվների ռեւանշ: Հիշեցնելու համար նշենք, որ Տեր-Պետրոսյանը 1998-ին Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի համար կողմ է եղել խաղաղության ծրագրին, սակայն երկրում առկա ծայրահեղ ազգայնականների հակազդեցության է արժանացել:
Քաղաքական գործիչները, Քոչարյանի գլխավորությամբ, նրան մեղադրեցին Ադրբեջանին զիջում անելու մեջ, այդ պատճառով էլ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ: Ավելի վաղ միջազգային հանրության կողմից չճանաչված Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Քոչարյանը 1997-ի մարտին վարչապետ դարձավ, 1998-ին էլ Տեր-Պետրոսյանից հետո թափուր մնացած աթոռը զբաղեցրեց: Քոչարյանը 2003-ին ընտրությունների արդյունքում երկրորդ անգամ նույն պաշտոնին ընտրվեց:
«Մեղմ» անհատականության համարում ունեցող Տեր-Պետրոսյանը, որ նույնիսկ հանգուցյալ Ալփարսլան Թյուրքեշի հետ հանդիպել էր Փարիզում (1993-ի մարտի 12-ին), ասում է, որ քոչարյանական շրջանում Հայաստանը շատ վատ է ղեկավարվել, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար ոչ մի դրական քայլ չի արվել, Թուրքիայի հետ հարաբերությունները ընդհատվելու պատճառով երկրի տնտեսությունը հասել է աղետի շեմին: Ըստ Տեր-Պետրոսյանի` Հայաստանը 10 տարի ղեկավարվում է «մաֆիայի նման մի վարչակազմի» կողմից: Այս խոսքերով, Տեր-Պետրոսյանը նկատի ունի «ղարաբաղյան կլան» կոչվող եւ Քոչարյանի կողմից պետության կարեւոր պաշտոններում նշանակված ղարաբաղցիներին: Ի գիտություն ձեզ, խոսքը հայերենում «հայաստանցի» անվանվող Հայաստանի տեղաբնիկների եւ «ղարաբաղցի» անվանվող ղարաբաղցիների միջեւ շատ հնուց առկա մշակութային մրցակցության մասին է: Այսօր այս մրցակցությունն իրեն զգացնել է տալիս նաեւ քաղաքական ասպարեզում:
Տեր-Պետրոսյանից պաշտոնը ստանալուն պես Քոչարյանի արած քայլերն էլ արդեն իսկ ցույց են տալիս, թե որքան անհաշտ ոգով է ընթանում այս քաղաքական պայքարը: Քոչարյանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապված խաղաղ բանակցությունների հետաձգումը դրանցից մեկն է: Մյուսն էլ ծայրահեղ ազգայնական Դաշնակցություն կուսակցությանն իշխանության մեջ տեղ տալն է: Թուրքիային ճնշելու համար հայկական սփյուռքի հետ մտնելով սերտ համագործակցության մեջ` Եվրոպայի եւ ԱՄՆ-ի խորհրդարաններում «ցեղասպանության» բանաձեւի անցկացման համար ջանքերի գործադրումը, երկրի տնտեսության ամբողջովին հանձնումը Ղարաբաղի հայերի գերիշխանությանը այս քաղաքական մրցակցության դրսեւորումներից են: Դեռեւս թարմ է երկրում Քոչարյանի հիմնած «օլիգարխական» վարչակազմի դեմ պայքարողների ենթարկված արյունոտ հարձակման հիշողությունը: Այն ժամանակ, երբ Հայաստանում «անօրինական» վարչակազմի առկայության մասին խոսակցություններն աճում էին, նրանց շարքերում Քոչարյանին ընդդիմադիր վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի հետ եւս 8 մարդ 1999-ի հոկտեմբերի 27-ին հայկական խորհրդարանում, այն էլ տեսախցիկների առաջ, ավտոմատ հրազեններով սպանվեցին:
Վերջին 10 տարիների ընթացքում լռություն պահպանած Տեր-Պետրոսյանի վերադարձը Հայաստանի քաղաքականություն երկրի ներսում առկա իրավիճակի առումով կենսական նշանակություն ունի: Անշուշտ, Թուրքիայի առումով էլ... «Առանց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծելու, Թուրքիայի հետ սահմանները բացվելու Հայաստանը չի կարող հասնել բարեկեցության» խոսքերը նույնիսկ ցույց են տալիս, որ Տեր-Պետրոսյանի գնահատականը երկրի վերաբերյալ միանգամայն իրատեսական է: Անկասկած, վերջին 10 տարում Ադրբեջանը «նավթից» ստացված եկամուտով քաղաքական, ռազմական եւ տնտեսական հավասարակշռությունները փոխել է իր օգտին: Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ էներգետիկ համագործակցության` նաեւ հաղորդակցության ոլորտում ռազմավարական համագործակցության վերաճելու պայմաններում, ակնհայտ է, որ Հայաստանը տարածաշրջանում դատապարտված է մեկուսացման: Այս պայմաններում Հայաստանը կարիք ունի տեսլական ունեցող մի նոր կառավարության:
Տեսնենք, հայ ժողովուրդը Տեր-Պետրոսյանի նման հասկանո՞ւմ է դա: Փետրվարի 19-ին ընտրողը ինչպե՞ս կփակի 10 տարվա վաղեմության հաշիվը: Հօգուտ Քոչարյանի՞, թե՞ Տեր-Պետրոսյանի: Բոլորս միասին սպասենք եւ կտեսնենք»:
ՄԵՀՄԵԴ ՅԸԼՄԱԶ, «Զաման», 28 հունվարի, 2008

No comments: