Tuesday, February 12, 2008

«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ», ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԸ ՓԱԿ Է

ՀՀ արտգործնախարարությունից հաղորդում են, որ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցելով անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 44-րդ համաժողովին, Թուրքիայի վարչապետի ելույթից հետո մեկնաբանություններով է հանդես եկել: Ի գիտություն ընդունելով, որ Թուրքիայի վարչապետը հպարտանում է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացով եւ իր երկրի ռազմավարական դերակատարությամբ խաղաղության եւ կայունության հաստատման գործում, Օսկանյանը ասաց. «Պրն վարչապետ, ինչպես Դուք գիտեք, այսօր սահմանը մեր երկու երկրների միջեւ փակ է Թուրքիայի կողմից: Մենք հաճախ բարձրացրել ենք այս հարցը` նշելով, որ մենք կցանկանայինք Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ: Սակայն մենք լսում էինք Ձեզ պարզ եւ հստակ, երբ Դուք կրկնում էիք սահմանը փակ պահելու երկու հիմնական պատճառաբանությունները կամ պատրվակները: Ձեր հնչեցրած պատճառներից առաջինը Հայաստանի ներգրավվածությունն է ԼՂ հակամարտության մեջ, երկրորդը` Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելը: Սակայն ԼՂ հակամարտությունն ընթանում է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, իսկ Ցեղասպանության ճանաչումը մեր բարոյական, պատմական պարտականությունն է»: Օսկանյանը հարց է տվել, որ այս պահին մեր երկրները չեն պատերազմում, եւ պատերազմական իրավիճակում չգտնվելու պայմաններում, արդյոք այն պատճառները, որ մշտապես բերում եք, բավարա՞ր են արդարացնելու համար մեր երկու երկրների միջեւ սահմանների փակ լինելը: Օսկանյանը նշել է նաեւ, որ «Թուրքիան կարող է դառնալ բնական կամուրջ Կովկասի եւ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջեւ»: Հաղորդվում է, որ Թուրքիայի վարչապետը չի պատասխանել նախարար Օսկանյանի հարցերին, նա կրկնել է միայն պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը, ասել է, թե 1915-ի կոտորածները պատմականորեն ապացուցված չեն` մի կողմից առաջարկելով պատմաբաններին ու հնագետներին ուսումնասիրել խնդիրը, մյուս կողմից՝ մերժել պնդումները, թե Ցեղասպանությունը թուրքական մշակույթի մաս է:

No comments: