Tuesday, February 12, 2008

ՕԲԱՄԱՅԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ

Այս կարծիքին է Օնտարիոյից (Կանադա) դոկտ. Տիգրան Աբրահամյանը, որի հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:
Մ. Նահանգների հետ աշխարհն էլ նոր սկզբի ականատես է դառնալու նոյեմբերին, երբ ամերիկացիները նոր նախագահ ընտրեն: Ներկա դրությամբ դա կարող է լինել Ամերիկայի պատմության մեջ առաջին կին կամ աֆրոամերիկացի նախագահը: Հետեւանքներն անկասկած տարբեր կարող են լինել, բայց վստահ կարելի է ասել, որ դրանք կապ չեն ունենա ընտրվողի սեռի կամ մաշկի գույնի հետ:
Բարաք Օբաման եւ Հիլարի Քլինթոնն, իրենց խոստումների համաձայն, երկրում իրականացնելու են բարեփոխումներ, որոնք անպայման ազդելու են բավական երկար ժամանակ անկայունության մատնված եւ մարդկային անմեղ կյանքեր խլած Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքականության վրա: Երկուսն էլ խելամտություն եւ առողջ դատողություն են բերելու հսկային, որն իրեն աշխարհի միակ տիրակալն է զգում: Աղքատները, զրկվածներն ու անբարենպաստ պայմաններում հայտնվածները վերջապես հնարավորություն են ունենալու շտկելու իրենց վիճակը, շահարկությունների առիթ դարձած անօրինական ներգաղթի օրենքը հավանաբար վերանայվի:
Երկու թեկնածուների քարոզարշավում տեղ գտած նմանությունների կողքին առկա են նաեւ տեսակետների սկզբունքային տարբերություններ, որոնց քիչ են ուշադրություն դարձրել ցարդ: Չնայած Օբամայի մարդասիրական կեցվածքն ու հասարակական կյանքում բազմազգ կորպորացիաների եւ քարոզչական խմբավորումների միջամտության քննադատությունները լուսաբանվել են բավականաչափ, Քլինթոնի հին ու նոր եւ միաժամանակ բարդ կապերը պետական կառույցների տարբեր ենթաբաժինների հետ մնացել են ստվերում: Բայց չէ՞ որ շատ բան է կախված այն հանգամանքից, թե ովքեր են ֆինանսավորում ընտրարշավները:
Օբամայի ընտրած ուղին դեպի ապագան նայելն է: Եվ հենց այս պատճառով է, որ Քերոլայն Քենեդին գրել էր. «Ոչ մի ուրիշ նախագահ ինձ այդքան չէր ոգեւորել, որքան հայրս (Ջ. Ֆ. Քենեդին) էր ժամանակին ոգեւորել մարդկանց: Հիմա, առաջին անգամ, ես տեսնում եմ այդ մարդուն, որը կարող է դառնալ մեր նախագահը, ոչ միայն իմը, այլեւ ամերիկացիների մի ամբողջ նոր սերնդի նախագահը»:
Երկու թեկնածուներն էլ անդրադարձել են մեր ժամանակների խնդիրներին՝ միջուկային զենքի տարածում, ահաբեկչություն, կլիմայական փոփոխություն, աղքատություն, հիվանդություններ եւ այլն: Սակայն Օբաման էր, որ առավել սրտացավորեն եւ ուժգնությամբ խոսեց Ցեղասպանության հարցի մասին: Դա նշանակում է, որ նա իսկապես մտահոգված է եւ սոսկ արջի ծառայություն չի մատուցում քվեներ ձեռք բերելու նպատակով: Սամանթա Փաուերի խոսքերը ճիշտ են գնահատում նրան: Հայ համայնքին ուղղված իր խոսքերում նա ընդգրկեց Օբամայի «հստակ կեցվածքը Հայոց ցեղասպանության հանդեպ, նրա անհողդողդ ջանքերը Սենատում, բանաձեւի անցկացման առնչությամբ, նրա ցանկությունը նախագահ ընտրվելու դեպքում հիշատակելու եւ իրերն իրենց անուններով կոչելու հանգամանքները»:
Իսկ որտե՞ղ է կանգնած Քլինթոնն այս հարցում: Ճիշտ է, Օբամայի նման նա էլ է պաշտպանում բանաձեւի անցկացումը եւ խոստանում է ընտրվելու դեպքում հիշատակել ու ճանաչել Ցեղասպանությունը: Բայց չմոռանանք, որ նրա ամուսինն էլ էր խոստացել, իսկ հետագայում խոչընդոտել դրա ընդունմանը Կոնգրեսում:
Թեկնածուներին շրջապատող մարդիկ երբեմն ավելի կարեւոր են եւ ավելին են ասում, քան նրանց խոստումները: Երբ Քլինթոնն Այովայում արտասանում էր իր ճառը, կողքին կանգնած էր Մադլեն Օլբրայթը, որն ուրիշ պետքարտուղարների նման ժամանակին դեմ էր դուրս եկել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը:
Թերթերի հաղորդումներին հավատալ միշտ չի լինում, բայց երբեմն պետք է արժանին մատուցել: Այդ առումով նշեմ հետեւյալը. թուրքական «Միլիեթից» արտատպելով հունվարի 28-ին «Նոր Մարմարա» հայկական թերթը գրում է, որ Մեհմետ Չելեբի անունով մի թուրք Քլինթոնի խորհրդատուներից մեկն է: Փորձելով վստահեցնել թուրքերին, որ քլինթոնյան ճամբարից իրենց վտանգ չի սպառնում, նա պարզաբանել է, որ Հիլարի Քլինթոնի «աջակցությունը Ցեղասպանության հարցում պարզապես նախընտրական մարտավարություն է»: Նա նշել է. «Կալիֆոռնիայում 1,5 մլն հայեր են ապրում, իսկ այդ նահանգը էլեկտորատի 28 տոկոսն է կազմում, ուստի նա ստիպված է այդ քայլին դիմելու, քանի որ այնտեղ հաղթանակ տանողը կհաղթի նաեւ նախագահական վերջնական ընտրություններում»:
Ամերիկահայերի մասնակցությունը այդ ընտրություններին մեծապես կախված է այն հանգամանքից, որ նրանք ցանկանում են նախագահական աթոռին տեսնել Ռոնալդ Ռեյգանի նման մեկին, որը ժամանակին հրապարակայնորեն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Դրա համար բարոյական հատկանիշներ են անհրաժեշտ: Իսկ այդպիսի հատկանիշներ կարելի է գտնել մի անձնավորության մեջ, որի ոչ վաղ անցյալը լի է եղել զրկանքներով եւ մարդու իրավունքների խախտումներով:
Այդ անձնավորությունը Օբաման է:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

No comments: