ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Փետրվարի 17-ին հրավիրված արտահերթ նիստում Կոսովոյի խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց երկրամասի անկախության հռչակագիրը: «Այս պահից Կոսովոն հայտարարվում է անկախ եւ ինքնիշխան պետություն», խորհրդարանում հայտարարեց Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին: Արդեն երկուշաբթի Եվրոմիության երկրների արտգործնախարարների բրյուսելյան հավաքում ընդհանուր դիրքորոշում չստացվեց, եւ Կոսովոյի անկախության հռչակման ճանաչումը մնաց երկրներին` առանձին-առանձին:
Ամեն դեպքում, առաջին երկիրը, որ դրական արձագանքեց Կոսովոյի անկախացմանը, Աֆղանստանն էր, որ, ԱԳ նախարար Սուլթան Ահմեդ Բախինի խոսքերով, «ողջունեց Կոսովոյի բնակիչների` ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքներին հետեւելու համար»: Ճանաչման որոշման մասին հենց Բրյուսելում հայտարարեցին նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Միլիբանդը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները: Միանշանակ ճանաչման կողմ արտահայտվեցին Ալբանիան եւ Իռլանդիան: Կողմ են նաեւ Բելգիան, Իտալիան, Խորվաթիան, Գերմանիան:
Փետրվարի 18-ին Կոսովոյի ժողովրդի անկախությունը, իր իսկ խոսքերով, փաստեց Տանզանիայում գտնվող ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: «Սույն նամակով ես ամերիկացի ժողովրդի անունից ճանաչում եմ Կոսովոն որպես անկախ եւ ինքնիշխան պետություն», նշված է Կոսովոյի իշխանություններին ուղղված Բուշի նամակում: Նույն օրը երեկոյան Թուրքիան գրավոր հայտարարությամբ ճանաչեց Կոսովոյի անկախությունը: Ճանաչողներին միացել է նաեւ Ավստրալիան:
Եվրոմիության անդամ վեց երկրներ` Իսպանիան, Հունաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Կիպրոսն ու Սլովակիան չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը: Լեհաստանը եւ Իսրայելը գտնում են, որ այս հարցում շտապել չարժե: Ղազախստանն ու Տաջիկստանը հայտարարել են, թե չեն ճանաչելու Կոսովոյի անկախությունը:
Ուկրաինան բավականին երկակի է արտահայտել իր մոտեցումը: Ընդգծելով, որ անկախության հռչակումը չի կարող դիտրակվել որպես նախադեպ, Ուկրաինայի արտգործնախարարությունը, այնուամենայնիվ, երկրների մեծամասնության դիրքորոշման կողմնակից է, ինչը տվյալ դեպքում հավասարազոր է ճանաչմանը: Մոլդովայի կառավարությունը մտահոգություն է հայտնել, նշելով, որ հարցի նման լուծումը «ոչ միայն Սերբիայի Հանրապետության տարածքային ամբողջականության կամայական խախտում է, այլեւ Եվրոպայում ապակայունացման լուրջ գործոն»:
Ճապոնական կառավարությունը, թեեւ նախապես կողմ էր անկախությանը, հայտարարել է, թե դեռ կսպասի անկախության հռչակմամբ միջազգային նորմերի անխախտ լինելու եւ Սերբիային չվնասելու հավաստումներին:
Չինաստանն, իր հերթին, մտահոգություն է հայտնել, ընդգծելով, որ դա կարող է սպառնալ Բալկանների անվտանգությանն ու կայունությանը: Միակողմանի հռչակումից դժգոհ է նաեւ Ինդոնեզիան:
Սերբական իշխանությունները, բնականաբար, հայտարարել են, որ երբեք չեն ճանաչի Կոսովոյի անկախությունը: «Այդ կեղծ պետության հետեւում ՆԱՏՕ-ի շահերն են», անկախության հռչակման օրն իսկ հայտարարեց Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան: Ռուսաստանի արտգործնախարարությունը արդեն ՄԱԿ-ի ԱԽ փակ քննարկումից հետո հայտարարեց, թե աջակցում է Սերբիայի ղեկավարությանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հրաժարվեց Ռուսաստանի եւ Սերբիայի պահանջով Անվտանգության խորհրդի նիստում Կոսովոյի անկախության հռչակումը անօրինական հայտարարելու գործընթաց սկսել: Ամեն դեպքում, քննարկմանը անկախության ճանաչմանը դեմ արտահայտվեցին ոչ միայն Ռուսաստանը եւ Սերբիան, այլեւ Չինաստանը, ՀԱՀ-ը, Վիետնամը, Լիբիան եւ Ինդոնեզիան:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը», Կոսովոյի անկախացումը նախկին Հարավսլավիայի տրոհման վերջին փուլն է: 1990-ականներին երկրի տրոհումն սկսվեց Սլովենիայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցեգովինայի եւ ապա Չեռնոգորիայի անկախացմամբ: Իսկ Կոսովոն փաստորեն անկախ է 1999-ից, երբ ՆԱՏՕ-ի օդուժի հարվածներն այնտեղից դուրս մղեցին սերբական զորքերին:
Եվրոմիությունն, իր հերթին, մտադիր է ոչ միայն անմիջապես ճանաչել ինքնահռչակ նոր պետությունը, այլեւ դատաոստիկանական ուժեր ուղարկել այնտեղ: Առաջիկա շաբաթ ԵՄ-ը Պրիշտինա կուղարկի երկու հազար ոստիկաններից, դատավորներից, մաքսավորներից եւ դատախազներից կազմված հատուկ քաղաքացիական առաքելություն (EULEX): Ամեն դեպքում, Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն փետրվարի 18-ին հանդես եկան հայտարարությամբ` իրենց վրա վերցնելով Կոսովոյում անվտանգության ապահովման պատասխանատվությունը:
Կոսովոն, զարգացման վեկտորները մեր տարածաշրջանում եւ հակամարտությունները
Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշն արդեն իսկ հայտարարել է, թե Աբխազիան եւ Հարավային Օսիան կդիմեն Ռուսաստանին, ԱՊՀ մյուս երկրներին եւ ՄԱԿ-ին` իրենց անկախության ճանաչման խնդրանքով, քանի որ Կոսովոյում իրավիճակը նախադեպ է: Հարավային Օսիայի առաջնորդ Էդուարդ Կոկոյտին էլ ասվածին հավելել է, որ Կոսովոյում տեղի ունեցածը «Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղի է ունեցել դեռեւս 17 տարի առաջ»:
Սրա ֆոնին Վրաստանը բնավ էլ չի շտապում Կոսովոյի ճանաչման հարցում` հիմնական շեշտադրում անելով աբխազական եւ հարավօսական հակամարտությունների կտրվածքով Կոսովոյի շուրջը ստեղծված իրավիճակի հետագա զարգացումների ազդեցության վրա: Ավելին, երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհուրդ չի տվել Կոսովոն դիտարկել նախադեպ աբխազական եւ հարավօսական հակամարտությունների կարգավորման համար կամ էլ դրանց ճանաչումը մատուցել որպես հակադարձում Կոսովոյի կողմից անկախության միակողմանի հռչակմանը:
Տվյալ դեպքում Սաակաշվիլին նկատի ունի Ռուսաստանի բազմիցս հնչեցրած այն հայտարարությունները, թե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում կճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը:
Հետաքրքրական է, որ երկու դեպքում էլ խոսք չի գնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին, այն նուն տրամաբանությամբ, ինչպիսին կիրառական է համարվում մյուս երկու հակամարտությունների դեպքում: Միեւնույն ժամանակ, Կոսովոյի անկախության օգտին քանիցս արտահայտված եւ անմիջապես ճանաչած Միացյալ Նահանգներն, ի դեմս Ադրբեջանում այդ երկրի դեսպանության, հայտարարում է. «Կոսովոն առանձնանում է իր յուրահատկությամբ, եւ նախադեպ չի ստեղծում մյուս տարածաշրջանների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի համար»:
Ադրբեջանական կայքէջերը հայտարարությունից մեջբերում են. «Միացյալ Նահանգները, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, կողմնակից է հակամարտության խաղաղ եւ համաձայնեցված կարգավորմանը: Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի միջազգային համաձայնագրերով: Հարցի լուծման ռազմական կամ փոխզիջման շրջանակներից դուրս եկող բոլոր փորձերը կարող են վտանգել Կովկասյան տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա առայժմ արձագանքել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ չէ Լեռնային Ղարաբաղի համար, սակայն, միեւնույն ժամանակ, Կոսովոյից դրական ազդակ է ստացվել ԼՂՀ բնակչության իրավունքների պաշտպանության հարցում: Ռոյթեր գործակալության փոխանցմամբ, Սարգսյանը նշել է, որ Ղարաբաղն ու Կոսովոն տարբեր ուղիներով են գնացել դեպի անկախություն: «Լեռնային Ղարաբաղն անկախ է արդեն շուրջ 17 տարի, թեեւ դա դեռեւս ոչ ոք չի ճանաչել: ԽՍՀՄ օրենքները թույլ էին տալիս դուրս գալ Խորհրդային Միության կազմից, եւ երբ Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, ապա Ղարաբաղը օգտվեց դրանից եւ հռչակեց իր անկախությունը», պարզաբանել է Սերժ Սարգսյանը:
Wednesday, February 20, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment