Thursday, February 21, 2008

ՀԻԼԱՐԻԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Թիկունքում՝ այլոց թվում նաեւ թուրքական քարոզչությունն է
«Ազգը» փետրվարի 12-ին տպագրեց Օնտարիոյից (Կանադա) դոկտ. Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որտեղ հեղինակը նշում էր. «Չնայած Օբամայի մարդասիրական կեցվածքն ու հասարակական կյանքում բազմազգ կորպորացիաների եւ քարոզչական խմբավորումների միջամտության քննադատությունները լուսաբանվել են բավականաչափ, Քլինթոնի հին ու նոր, միաժամանակ բարդ կապերը պետական կառույցների տարբեր ենթաբաժինների հետ մնացել են ստվերում: Բայց չէ՞ որ շատ բան է կախված այն հանգամանքից, թե ովքեր են ֆինանսավորում ընտրարշավները»:
«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից խմբագրությանը տրամադրված Նաթ Պարրիի հոդվածը, որն առաջինը հրատարակել է «Consortiumnews.com» կայքէջը, կարծես պատասխանում է Աբրահամյանի առաջադրած հարցին:
Փետրվարի 5-ին կայացած «գերընտրություններից» հետո Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ իր նախընտրական արշավի ֆոնդին 5 մլն դոլար է փոխանցում իր անձնական միջոցներից, ընդգծելով, որ խոսքը ընտրական կազմկոմիտեին գումար փոխ տալու մասին է:
Եթե նախքան «գերընտրությունները» հայտնած լիներ, հավանաբար ավելորդ ուշադրություն բեւեռած կլիներ ինչպես իր ընտրարշավի ֆինանսական «առողջության», այնպես էլ հանգանակված գումարների աղբյուրների վրա:
Ի տարբերություն ուրիշ շատ հարուստ քաղաքական գործիչների, Քլինթոնները ո՛չ հարստություն են ժառանգել, ո՛չ էլ բիզնեսի միջոցով գումարներ դիզել: Ընդամենը յոթ տարի առաջ Սպիտակ տունը թողնելով, նրանք միլիոնավոր դոլարների պարտքի տակ խրված էին՝ դատաիրավական ծախսեր հոգալուց հետո:
Դրանից հետո նրանք ի վիճակի եղան հարստության տիրանալու (ներկա հաշվարկներով մոտ 30 մլն) հիմնականում գրքերի պայմանագրերից եւ նախկին նախագահի «կարգավիճակի» շնորհիվ, որը շահավետ գործարքների եւ արտասահմանյան դասախոսությունների լայն հնարավորություն ստեղծեց:
Հազիվ հարստացած ընտրապայքարի մեջ մտնելու Հիլարիի որոշումն այդ պատճառով էլ զարմանք պատճառեց շատերին: Իսկ վերջին այդ 5 մլն դոլարի փոխատվությունը՝ կասկածներ հարուցեց: Փետրվարի 6-ին նա լրագրողներին հայտնեց, որ «դա իմ փողն է», նկատի ունենալով, որ չի հենվում իր ամուսնու կամ այլոց նյութական օժանդակության վրա:
Ըստ իր հաղորդումների, 2001-ից այս կողմ նա 9,9 մլն դոլար է վաստակել «Սայմոն եւ Շուստեր» հրատարակչատան հրատարակած իր «Ապրելով պատմությունը» վերնագրով գրքից: Իսկ որպես սենատոր տարեկան եկամուտն է 169,300 դոլար:
Ընտանիքի բյուջեի մեծ մասը, այդուհանդերձ գոյանում է Բիլ Քլինթոնի դասախոսություններից, ելույթներից եւ գործարքներից: Այդ բոլորը, ընտրարշավի դրամահավաքի հետ, տնօրինում է «Քլինթոն ինկորպորեյշնը»:
Անցյալ ամիս «Ուոլ սթրիթ ջոռնըլը» (հունվարի 22-ին) հաղորդեց, որ նախկին նախագահը 20 մլն դոլար է վաստակելու «Յուկսիպա» ընկերության հետ բարդ մի գործարքի շնորհիվ: Այդ ընկերության տերը իր երկարամյա աջակից միլիարդատեր Ռոն Բըրքլն է, որը կապեր ունի Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ էլ Մակտումի հետ:
Մյուս կողմից, հունվարի 31-ին «Նյու Յորք թայմսը» բացահայտեց, որ Քլինթոնը 2005-ին օժանդակել էր կանադացի հանքային մագնատ Ֆրենկ Գյուստրային, որ ուրանի գործարկման շահավետ գործարք կնքի Ղազախստանի կառավարության հետ: Դրանից հետո Գյուստրան 31,3 մլն դոլարի նվիրատվություն էր արել Քլինթոնի հիմնադրամին:
Նախկին նախագահը նաեւ 10,2 մլն դոլար է վաստակել 2006-ին կարդացած 57 դասախոսությունների դիմաց: Դրանցից 31-ը Մ. Նահանգներից դուրս՝ 6,4 մլն դոլար արժողությամբ: Ընդհանուր առմամբ 2001-07 թվերին Բիլ Քլինթոնը մոտ 40 մլն է կարողացել կուտակել բանախոսություններից (ըստ «Վաշինգտոն փոստի» տվյալների), որոնց հոնորարը հասնում է 400 հազար դոլարի:
Հիլարիի «Դա իմ փողն է» ակնարկը վերաբերում էր դաշնային այն օրենքի դրույթին, որ թույլատրում է թեկնածուին անսահմանափակ նվիրատվություններ անել միայն «իր միջոցներից»: Այդ էր պատճառը, որ սենատոր Ջոն Քերին անցյալ ընտրություններում 6,4 մլն դոլարի փոխատվության համար օգտագործեց ոչ թե իր կնոջ՝ մուլտիմիլիոնատեր Թերեզա Հայնց Քերրիի փողերը, այլ իր բոստոնյան տան կողմնակի եկամուտները:
Այժմ արդեն նախկին թեկնածու Ջոն Էդվարդսի խորհրդականներից Ջ. Թրիպպին՝ մեկնաբանելով հավելյալ 5 մլն-ի փոխատվությունը, «Վաշինգտոն փոստին» ասել է. «Դա նշանակում է, որ նա չափազանց անբարենպաստ վիճակում է շարունակելու իր պայքարը»:
Առեղծված է մնում նաեւ մի այլ հանգամանք: Ինչո՞ւ էր պետք այդ հավելյալ 5 միլիոնը, եթե 2007-ին նա կարողացել էր իր ընտրարշավի համար հավաքել ավելի մեծ գումար, քան որեւէ այլ թեկնածու՝ երկու կուսակցություններից: Ըստ տեղեկությունների, նա 115,7 մլն դոլար էր հավաքել նախօրոք իր ծրագրած 75 մլն-ի դիմաց: Օբաման՝ իր մրցակիցը, հավաքել էր 102,2 մլն դոլար:
Մյուս հարցն այն է, թե արդյոք օտարերկրյա ֆինանսական օժանդակություն չի՞ հասնում Քլինթոնի հիմնադրամին: «ABC նյուզ» եւ «Հետաքննական լրատվության կենտրոնի» (ՀԼԿ) տվյալներով, նման արտաքին օժանդակությունները անհարկի միջամտություն են նշանակում հետագայում երկրի քաղաքականության մեջ: 2000-ի Բուշի քարոզարշավի օրերին, օրինակ, 245 օժանդակողներից 104-ը վարչական պաշտոններ զբաղեցրին հետագայում: Նրանցից 23-ը դարձան դեսպաններ, երեքը՝ մտան կառավարություն: Արդյոք նման բան չի՞ սպասում այս անգամ:
ՀԼԿ-ի տվյալներով, նվազագույնը 100 հազար դոլար հանգանակածներից գրանցված են որպես «օտար կառավարությունների քարոզիչներ»: Դրանցից երկու գլխավորները՝ Ջոն Մերիգանն ու Մաթյու Բարնստայնը աշխատում են Դուբայի կառավարիչների համար: Նրանք նաեւ թուրքական կառավարության օգտին են աշխատում, փորձելով «Թուրքիայի շահերը պաշտպանել»: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ա. աշխարհամարտի օրերին օսմանյան թուրքերի իրագործած հայերի Ցեղասպանության բանաձեւի տապալմանը վերջին րոպեին:
Մերիգան-Բարնստայնի ղեկավարած «DLA Piper» ֆիրման խոստացել էր 250 հազար դոլար ներդնել ընտրարշավում: Անցյալ սեպտեմբերին, ի պատասխան այն հարցերի, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ամուսինը գումարներ ներդնողների ցուցակը հրապարակել, Հիլարին ասել էր, որ նա «ուրախ կլինի այդ անել»: Մինչեւ օրս այդպիսի ցուցակ չի հրապարակվել: Ըստ «Նյու Յորք թայմսի» տվյալների, մեկ միլիոն դոլար նվիրատվություն անողներից առնվազն երկուսը ներկայացնում են ընկերություններ, որոնք «խնդիրներ ունեն արդարադատության նախարարության հետ»: Ուրիշներն անմիջական կապեր ունեն օտարերկրյա կառավարությունների հետ, որոնք իրենց տարածաշրջանում քաղաքականության փոփոխություններ են ակնկալում:
«Քլինթոն հիմնադրամին» չճշտված գումարներ են փոխանցել Սաուդյան արքայական ընտանիքը, Մարոկկոյի թագավորը, Միացյալ Արաբական Էմիրություններից մի հիմնադրամ, Քուվեյթի եւ Քաթարի կառավարությունները եւ այլն:
Հիլարի Քլինթոնի ընտրարշավի պատասխանատուները ժխտում են, որ իրենք կապ ունեն «Քլինթոնի հիմնադրամի» հետ, բայց այդպե՞ս է:
Եվ ամերիկացիները հույս ունե՞ն ակնկալելու որեւէ փոփոխություն «խնամիության» եւ «կաշառակերության» հատկանիշներից, որոնցով բնորոշվում է Բուշ կրտսերի ժամանակաշրջանը:
Թարգմ. Հ. Ծ.

No comments: