Friday, February 22, 2008

ԿՈՍՈՎՈ-ՄԵՏՈԽԻԱՆ ՍԵՐԲԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍՆ Է

Մի էջ հայ-սերբական բարեկամության նորագույն պատմությունից

Հայ հասարակագիտական-քաղաքագիտական միտքը, կապկելով արեւմտյան գործակիցներին, թութակի նման կրկնում է Կոսովոյի հարցի համանմանությունը Լեռնային Ղարաբաղի հարցին: Մինչդեռ իրականում նմանությունը Նախիջեւանի հետ է. Կոսովոյում կատարվեց հենց այն, ինչ անցյալ դարի առաջին կեսին` հայկական Նախիջեւանի հետ: Վերջին հարյուրամյակին բնավորվելով հայոց հայրենիքի այդ հատվածում, քոչվոր թուրքազգիներն ու քրդերը ժամանակի ընթացքում հայաթափեցին այդ տարածքը` 1920-ականների սկզբին քեմալական-խորհրդային դավադրությամբ այնտեղ հիմնելով Նախիջեւանի «ինքնավար հանրապետությունը»: Նույնն արեցին ալբանացիները սերբական Կոսովոյի հետ` անցյալ դարի երկրորդ կեսին: Համանմանություն կա նույնիսկ տեղանունների հարցում. սերբերի համար գոյություն ունի սերբական Կոսովո-Մետոխիա, հայերիս համար` հայկական Շարուր-Նախիջեւան:
Իմ համոզումով` թուրքական դարավոր լծից առավել տուժել են երեք ժողովուրդներ` բուլղարները, սերբերն ու հայերը: Վերջին երկուսն այսօր էլ շարունակում են «ճաշակել» թուրքական բարբարոսությունների հետեւանքները, մասնավորաբար` հայրենի տարածքների օտարումը, նրանցում տարատնկված պետություններով եւ պետական նոր կազմավորումների երեւան գալով. Սերբիայում` Կոսովոն, Հայաստանում` Նախիջեւանը, Ջավախքը, Թուրքիան եւ ուրվագծվող քրդական պետական կազմավորում(ներ)ը:
Հայ-սերբական բարեկամությունն ունի դարերի պատմություն: Նա նոր իմպուլս ստացավ 1990-ական թվականներին` հայ եւ սերբ ժողովուրդների հերթական ազգային-ազատագրական զինյալ պայքարի տարիներին:
Այդ հարաբերությունների վերահաստատման ու ամրապնդման մեջ կարեւոր ներդրում ունեցավ Հայկական ժողովրդային շարժումը: Ստորեւ մի դրվագ հայ-սերբական բարեկամության նորագույն պատմությունից:
ՀՅԴ հովանավորությունը վայելող «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպության երկու մարտիկներ` Րաֆֆի Էլբեկյանն ու Անդրանիկ Պողոսյանը 1983 թվականին Բելգրադի կենտրոնում զգետնեցին Հարավսլավիայում Թուրքիայի դեսպան Կալիպ Բալկարին: Գործողության վայրում պատահաբար հայտնված սերբ պահեստի մի սպա (եթե չեմ սխալվում` ազգանունը Պոպովիչ էր), կրակոցներ լսելով, առանց երկար-բարակ մտածելու, հանում է իր ատրճանակն ու կրակում հայ տղաների վրա` ծանրորեն վիրավորելով Անդրանիկ Պողոսյանին, որի հետեւանքով Պողոսյանը սայլակին գամված հաշմանդամ դարձավ (նա ավելի քան մեկ տասնամյակ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում):
Իմանալով սերբ սպայի հանպատրաստի «հերոսական» արարքի մասին, Թուրքիայի այդ օրերի բռնատեր գեներալ Քենան Էվրենը նրան պաշտոնապես հրավիրում է Անկարա եւ նախագահական պալատում նրան շնորհում Թուրքիայի պետական բարձրագույն շքանշաններից մեկը:
Անցան տարիներ: Հարավսլավիան սկսեց մասնատվել: Սկսվեց սերբ ժողովրդի` հանուն հայրենիքի վերամիավորման ազգային-ազատագրական պայքարի նոր փուլը խորվաթների, բռնի իսլամացած նախկին ազգակիցների (բոշնակների) եւ սերբական հայրենիք թափանցած ալբանացիների դեմ, որոնք լայն օժանդակություն էին ստանում (այսօր էլ են ստանում` առատաբար) արեւմտյան ու մուսուլմանական երկրներից եւ ... Վատիկանից: Իհարկե, Թուրքիան եւս ակտիվորեն միջամտեց` առաջնորդված Բալկաններից չինական պարիսպ ձգվող պանթուրքական զառանցանքով: Այս իրողությանն ի տես, սերբ սպան անհանդուրժելի համարեց իր մոտ պահել թուրքական շքանշանը: Եվ մի օր նա հայտնվեց Բելգրադում Թուրքիայի դեսպանատան ճաղավանդակների մոտ, տեսախցիկների ու լրագրողների ներկայության թքեց թուրքական շքանշանի վրա եւ դա շպրտեց ճաղավանդակից ներս:
Այս լուրը Հայկական ժողովրդային շարժման միջոցով հասավ Լիբանան: Դա իմանալով, ՀԺՇ-ի Լիբանանի մասնաճյուղի անդամ մի հայ երիտասարդ ոսկերիչ, ի նշան երախտագիտության, նախաձեռնեց եզակի մի մեդալի իրագործումը: Նա ցանկացավ, որ իր ստեղծագործածը կրկնօրինակ չունենա: Այդ նպատակով, նա մեդալի միակ օրինակը պատրաստելուց հետո փչացրեց կաղապարը: Եվ այսպես ծնվեց մոտ 30 գրամ քաշով ոսկե մեդալը, որի մեկ կողմում, հիշում եմ, քանդակված էր սերբական խաչը, մյուս կողմում` Մասիսները: Մեդալն ուներ «Հայ ժողովուրդէն սերպ ժողովուրդին» արեւմտահայերեն մակագրությունը, առաջին երկու բառերը` մեդալի առաջին երեսում, մյուս երկուսը` երկրորդ կողմում քանդակված:
Հայ-սերբական բարեկամությունը խորհրդանշող մեդալը ՀԺՇ-ի Հունաստանի կենտրոնի միջոցով հասցվեց սերբ պահեստի սպային: Հայ տղաները հետագայում պատմում էին, որ մեդալն ափերում պահելով, նախկին զինվորականը բարձրաձայն լաց էր եղել անակնկալի պատճառած հուզմունքից...
Հավատում եմ, որ կանցնեն հայ եւ սերբ ժողովուրդների այս դառնագույն ժամանակները, երկու ճակատագրակից ազգերը կվերականգնեն իրենց հայրենիքի ամբողջականությունը եւ կշարունակեն իրենց հավերժի երթը` մնալով բարեկամ, հոգեհարազատ, եւ ինչո՞ւ չէ, նույնիսկ դաշնակից ընդհանուր թշնամիների դեմ պայքարում (1990-ականներին սակավաթիվ հայ երիտասարդներ կռվել են սերբերի կողքին):
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

No comments: