Friday, February 22, 2008

ՄԻՆՉ ՄԱՐԴԻԿ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Մինչ մարդիկ, մասնավորապես ամերիկահայերը, զբաղված են ընտրություններով` Ամերիկայում եւ Հայաստանում, աշխարհում այլ հետաքրքրական զարգացումներ էին տեղի ունենում, որոնցից մի քանիսը «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ ներկայացնում է ընթերցողների ուշադրությանը:
- Փոխնախագահ Դիկ Չեյնին եւ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը Թուրքիա են այցելելու մարտ ամսին մի խումբ բարձրաստիճան զինվորական եւ քաղաքացիական պաշտոնյաների ընկերակցությամբ: Նրանցից առաջ անցյալ շաբաթ Անկարայում էին գտնվում «Միացյալ աշխատակազմերի ղեկավարների» փոխնախագահ, գեներալ Ջեյմս Քարթրայթը, քարտուղարության գլխավոր գծով փոխհամակարգող Ֆրենկ Ուրբանչիչ կրտսերը եւ գլխավոր դատախազ Մայքլ Մուկասին: Հետաքրքրական է իմանալ, թե նրանք պարզապես իրենց պաշտոնում գտնվելու վերջին տարվա հնարավորությունի՞ց են օգտվում` ճանապարհորդելու հարկատուների հաշվին, թե՞ մի նոր վտանգավոր արկածախնդրություն են մոգոնում Մերձավոր Արեւելքում:
- Երուսաղեմում գործող Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն պրոֆ. Իսրայել Չառնին նոր վերլուծական մի ուսումնասիրություն է գրել, որը խորհրդածելու տեղիք է տալիս: Մասնագիտությամբ հոգեբան պրոֆեսորն իր նոր «Մտավոր խանգարումների եւ Հոլոքոսթի ու Հայոց ցեղասպանության նման բացահայտ ցեղասպանությունների ժխտման միջեւ գոյություն ունեցող հնարավոր հարաբերությունների հարցը» խորագրով աշխատության մեջ փորձում է պարզաբանել, թե արդյոք այդ ուրացողները տառապո՞ւմ են մտավոր հիվանդություններով: Ըստ նրա, «խելագարություն է պնդել, որ պատմական մի դեպք կամ իրադարձություն, որին ամբողջ աշխարհն է ծանոթ, տեղի չի ունեցել»:
Նրանց մեջ անպայման «հոգեկան խանգարումների երեւույթներ պետք է լինեն», համոզված է նա: Գուցե հայերիս համար այս ախտորոշումը նորություն չլինի, բայց լավ է, որ դրան անդրադառնում է համաշխարհային ճանաչման արժանացած մի մասնագետ:
- Եվրոմիության պաշտոնյաների ճնշումների տակ թուրքական կառավարությունը շուտով խորհրդարանի քննարկմանն է ներկայացնելու չարաբաստիկ 301 հոդվածի վերամշակված տարբերակը, որը, մեր տվյալներով, առանձնապես չի տարբերվում նախկինից: Նոր տեքստը դարձյալ հետապնդելու է բոլոր նրանց, ովքեր վիրավորում են թուրք ժողովրդին, հանրապետությանը, պետությանը, խորհրդարանին, դատական մարմիններին, զինվորականությանը եւ ոստիկանությանը: Նոր տարբերակը խախտողներին 24 ամսվա բանտարկություն է սպասում: Դժվար է պատկերացնել, որ նման «օրենքներով» Թուրքիան հավակնում է մուտք գործել քաղաքակիրթ Եվրոպայի երկրների շարքը:
- Չբավարարվելով մուգ մաշկ ունեցող ամերիկացիներին իրենց նախնիներից (թուրք նավաստիներից, որոնց նավը խորտակվել է Մ. Նահանգների արեւելյան ափերի մոտ) սերած լինելու պնդումներով, որոշ թուրքեր այժմ պնդում են, թե իրենք բնիկ ամերիկացի հնդկացիների հարազատ արյունակիցներն են: Այս մասին է գրել Էլիֆ Օզմենեկը «Թրքիշ դեյլի նյուզ» թերթում, փորձելով նույնիսկ նմանություններ գտնել թուրքերենի եւ բնիկ ամերիկացիների լեզուների միջեւ: Հավանաբար ոգեւորված նման ապատեղեկատվություններով, որոշ թուրքեր Նյու Յորքում վերջերս կայացած մի կոնֆերանսի ժամանակ (կազմակերպված Ստամբուլի համալսարանի Ամերիկայում ապրող շրջանավարտների ասոցիացիայի կողմից) հարցրել են կազմակերպիչներին, թե արդյոք թուրքերը կարո՞ղ են ԱՄՆ այցելել իրենց նորահայտ ազգակիցների (ամերիկացի կարմիր հնդկացիների) հրավերներով: Կոնֆերանսի հետին ծրագրերի մասին գաղափար կազմելու համար բավական է նշել վերոհիշյալ ասոցիացիայի նախագահ Ալի Չինարի խոսքերը. «Մ. Նահանգների Սենատում 15 բնիկ ամերիկացի սենատոր կա: Ուստի այս կոնֆերանսը ես համարում եմ մի նոր, կարեւոր քայլ ուժեղացնելու թուրքական քարոզչությունը Ամերիկայում եւ առավել մեծ աջակցություն ակնկալելու Սենատից»:
- Նորաստեղծ «Մ. Նահանգների ազերիների ցանցը» վերջերս հայտարարել է, որ «400 հազար անդամները» պաշտպանելու են հանրապետական թեկնածու Ջոն Մակքեյնին: Իհարկե, բոլոր ամերիկացիների նման այդ ամերիկաազերիներն ազատ են իրենց ընտրության մեջ, սակայն հարցն այլ է. նրանցից քանի՞սն են Մ. Նահանգների քաղաքացի եւ քանի՞սն իրավունք ունեն քվեարկելու: Հավանաբար սենատոր Մակքեյնը հույսը նրանց վրա չպետք է դնի:
Թարգմ. Հ. Ծ.

No comments: