«Անանիա Շիրակացի» համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը հայտարարեց. «Քաղաքական իրավիճակը շատ եւ շատ լուրջ է:
Դեռ դեկտեմբերին եմ ասել, որ ընտրությունների նախաշեմին կձեռնարկվեն աննախադեպ գործողություններ, որոնց խնդիրն է պառակտել հասարակությունը, սենսացիոն «բացահայտումներ» կլինեն»: Ըստ Արտաշես Գեղամյանի, այժմ արդեն պարզ է, որ այդ «բացահայտումները» վերաբերում են Մեղրիի հանձնման տարբերակին. «Հրապարակ է իջնում Մեղրիի հանձնման տարբերակը, որը, իբր թե, քննարկման սեղանին է եղել 98-99 թվականներին»: Պարոն Գեղամյանը հարկ համարեց նշել, որ տարածվում է, թե այդ բանաձեւը «իբր իրոք ստորագրման եզրին է եղել, եւ հայկական կողմը համաձայն էր ստորագրել այն: Ես երբեք ու երբեք չեմ եղել ոչ Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ էլ Սերժ Սարգսյանի երկրպագուն, բայց տվյալ պարագայում, երբ հարցը վերաբերում է Հայաստանի պետության անվտանգությանը, ես երկրորդ պլան եմ մղում իմ անձնական վերաբերմունքը հիշատակածս քաղաքական գործիչների նկատմամբ եւ առաջնային եմ համարում պետության եւ պետականության շահը»: Արտաշես Գեղամյանը հարկ համարեց, իր ասելով՝ «համարձակ» հայտարարել բոլոր այն խոսակցությունների մասին, որ տարածվում են Մեղրին հանձնելու վերաբերյալ. «Զրպարտչական շատ լուրջ կամպանիա է ծավալվում հայոց պետականության դեմ, անունը դնում են, որ ուղղել են իբր անձերի դեմ, բայց իրականում ուղղված է հայոց պետականության դեմ»: ԱՄ նախագահը ուսանողներին եւ դասախոսներին բացատրեց, որ այդ փաստաթղթի «գոյության կամ չգոյության մասին» տեղյակ էին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, ինչպես նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները. «Ինքնին հասկանալի է, որ հայկական կողմի շահերից ամենեւին չէր բխի նման փաստաթղթի մասին լրահոս տալ, Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն բնավ շահագրգռված չէին նման բան կատարել, այն պատճառով, որ նրանք խնդիր չունեն խորամանկելու: Կնշանակի ո՞վ, ուրեմն՝ նա, ով շահագրգռված էր ապակայունացնել իրավիճակը՝ Ադրբեջանը եւ Թուրքիան»:
Մ. Ե.
Friday, February 15, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment