Friday, March 14, 2008

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ 1915-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ամո՛թ բրիտանական կառավարությանը» վերտառությամբ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ վերջերս Լանդաֆի բարոնես Ֆինլեյի բրիտանական կառավարությանն ուղղած հարցին, թե արդյոք 1915-ի դեպքերը Միացյալ Թագավորությունը ճանաչո՞ւմ է որպես ցեղասպանություն, արտգործնախարարության Աֆրիկայի, Ասիայի եւ ՄԱԿ-ի գործերի պատասխանատու լորդ Մալոք-Բրաունը մարտի 4-ին պատասխանել է.
«Այդ հարցում կառավարության դիրքորոշումը եղել եւ մնում է անփոփոխ. կառավարությունը ընդունում-հասկանում է պատմության այդ սարսափելի միջադեպի շուրջը ստեղծված զայրույթը եւ 1915-16-ի կոտորածները (massacres) ճանաչում է որպես ողբերգություն (tragedy):
Այդուհանդերձ այս եւ նախորդ կառավարությունները եզրակացրել են, որ բավականաչափ հստակ (աներկմիտ) փաստեր չունեն այդ դեպքերը որակելու որպես ցեղասպանություն այն իմաստով, որ դրանք ներկայացված են ՄԱԿ-ի 1948 թվի կոնվենցիայում:
Ինչպես իմ հարգարժան ընկեր Ջեֆրի Հունը (Եվրոպայի հարցերով նախարար 2006-ին) ասել էր 2006-ի հունիսի 7-ին Վեստմինիստր Հոլում կայացած բանավեճի ժամանակ (պաշտոնական արձանագրություն` col. 137WH), «Հաշտության առաջնորդող ճշմարտությունը հաստատելու գործընթացը պետք է առաջ տանեն գործին անմիջական առնչվող կողմերը: Կողմնակի մարդիկ (օտարները) կարող են առաջարկել գաղափարը, բայց նրանց չպետք է փորձեն գործել նրանց փոխարեն: Դա միմյանց միջեւ վստահություն կայացնելու անհրաժեշտ պայման է: Կառավարությունը շարունակելու է քաջալերել կողմերին, որ սկսեն նման մի գործընթաց: Մինչ այդ մենք ձեռնպահ կմնանք վաղաժամ եզրակացություններ անելու գայթակղությունից»:
Հավելենք, որ 2007-ի հունվարի 22-ին նման մի հարցի պատասխանելով արտգործնախարարության փոխնախարար լորդ Տրիսմենը Լորդերի պալատում ասել էր. «Ներկայիս կառավարությունը Թուրքիայի ԵՄ անդամակցության համար պարտադիր պայման չի համարում այսպես կոչված Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ես ուզում եմ հստակ լինել այս հարցում: Այս եւ նախորդ կառավարությունները բավականաչափ հստակ (աներկմիտ) փաստեր չունեն այդ դեպքերը որակելու որպես ցեղասպանություն այն իմաստով, որ դրանք ներկայացված են ՄԱԿ-ի 1948 թվի կոնվենցիայում»:

No comments: