Friday, March 14, 2008

ՄԵԶ՝ ԱՆՄԵՂՆԵՐԻՍ ՈՒ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՍ

Տեսնես որտե՞ղ է սկսվում, որտե՞ղ ավարտվում ժողովուրդը: Անպատասխան այս հարցը վերջին օրերին այնքան հստակ պատասխաններ ստացավ, որ, վախենամ, մշտապես մնա այդպիսին՝ անպատասխան: Հստակ գիծ գծվեց: Դրանից այս ու այն կողմ տեղավորվեց ժողովուրդն ու ոչ ժողովուրդը: Եվ դա արվեց այնքան աներկբա, որ հավատ, վստահություն չներշնչեց: Հընթացս ով ասել-լսելու տարածք ունեցավ՝ երթուղային տաքսուց մինչեւ հեռուստաեթեր ու հրապարակ, պնդեց. «Ժողովուրդն իմաստուն է, ժողովուրդը կտա ամեն հարցի պատասխանն ու այդ պատասխանի գնահատականը»:
Մի հարցնող լինի, թե որտեղի՞ց այդ վստահությունը, ի՞նչ հույսով եք ժողովրդից պատասխաններ ակնկալում: Չէ, վստահաբար սխալ է ասել, թե այնտեղ՝ իշխանական ու ոչ իշխանական վերեւներում ակնկալում են ժողովրդից որեւէ հարց ու պատասխան լսել՝ պարզապես ձեւացնում են, թե կա այդ կարեւորության գիտակցումը: Այլապես ինչկերպ բացատրել այլընտրանքի ակնկալիք ունեցող մարդկանց այդչափ հեշտ ամբոխանալը: Հասարակության լսվածության խնդիրն այնքան առկախ թողնվեց, որ գոնե լռակյացության 10 տարիներին մերժելի անձը, առանձնապես ասելիք չունենալով հանդերձ, ունկնդիր ունեցավ՝ եթե ոչ հանուն, ապա գոնե ընդդեմ:
Գծած գծից այս ու այն կողմ դասդասվեցին հասարակության բոլոր շերտերը՝ եղած-չեղած բանվորից մինչեւ կամակատար կամ մտածող չինովնիկ ու մտավորական: Ամեն թեւն իր բանակի համալրման մոլուցքով տարված՝ չնկատեց, որ հեղինակում է առանց այն էլ տեղայնամտության մեջ լող տվող, առանձնապես ոչ միասնական հասարակության երկատումը: Այս պայմաններում ավելորդ է անգամ խոսել հասարակական կարծիքից: Այդ ի՞նչ հավասարակշռմամբ կամ հեռատեսությամբ պիտի ձեւավորվեր ու դրսեւորվեր այն, երբ ամբոխանալու ավելի քիչ հավանականություն ունեցող մտավորականությունն ուղղակի շարունակաբար լռեց կամ իրեն դիտարկեց որպես անհատ, որը «ես»-ից այն կողմ նայել-տեսնելու խնդիր չունի, բայց որեւէ առիթով ասված խոսքն սկսում ու ավարտում է ժողովրդի իմաստնությունից, շրջահայացությունից, հեռատեսությունից ու արդարամտությունից... ճամարտակելով:
Մյուս կողմից, էլ ի՞նչ անի մտավորականը, որն առանձնակի պահանջված տեսակ չէ մեր հասարակությունում, ու թե գտել է իր երկրում քիչ թե շատ արժանապատիվ ապրելու տեղը, ապա արդեն մեծ գործ է արել՝ համարյա երախտագիտության արժանի: Ի՞նչ անի նա, ով գծի որեւէ կողմում չի ուզում տեղավորվել, եւ անհրաժեշտ է համարում սեւ ու սպիտակից, առավելագույնից ու նվազագույնից տարբեր մի բան էլ տեսնել իր երկրում: Հասարակության հենց այդ մասին պատկանողներից եմ, որոնք, ի դեպ, քիչ չեն, եւ ամենեւին չեմ ցանկանում իմ երկրի ապագան տեսնել այս հստակ գծագրության տրամաբանության շրջանակներում: Բավական չէ՞ երկիրը տանել «ես եմ, դու ես ու էլ ոչ ոք» ճանապարհով, բավական չէ՞ երրորդի բացառման գաղափարով ապրել-գործելը, ի վերջո հենց դա բերեց իրական այլընտրանքի փոշիացմանն ու մերժելի անձի հրապարակ դուրս գալու վտանգավոր համարձակությանը:
Կասենք քաղաքացիական հասարակությունն է, որ կարող է կոչվել ժողովուրդ ու կբացատրենք, թե ամբոխանալու ավելի քիչ հավանականություն ունի, բայց սա էլ խոցելի մոտեցում է: Տեսանք, չէ՞, Ֆրանսիայում, Իտալիայում... կատարվածը, որ լուծման չէր տրվում: Ամեն դեպքում ինչ-որ բան ակնհայտորեն այն չէ ոչ միայն մեր երկրում: Թերեւս մենք առավել սթափ լինելու անհրաժեշտությունը պիտի զգայինք, բայց ոչ՝ կարճամի՞տ գտնվեցինք, անտարբե՞ր, թե՞ ուղղակի կառավարելի՝ առավել հստակ կդառնա որոշակի ժամանակ անց: Իսկ այժմ փաստ է մասնատվածությունն ու ամբոխային հատկանիշների դրսեւորվածությունը, երեւի պիտի գոհ լինենք, որ չափն առավելագույնը չէ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

No comments: