Monday, March 24, 2008

ՀԱՅ-ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺՆԵՎՈՒՄ

1915-ի իրադարձություններում ճշմարտության բացահայտման քողի տակ վիճարկվում է Հայոց ցեղասպանության փաստը

Մարտի 18-ին Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ամենօրյա տեղեկագրում հրապարակել են Հայոց ցեղասպանության «ուսումնասիրության» ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ հոդվածներ, որոնցից վերջինը արտատպություն է «գորշ գայլերի» խոսափող «Ենի չաղ» թերթից, իսկ առաջինը՝ թարգմանությունն է Վիգեն Չեթերյանի շվեյցարական «Neue Zuricher Zeitung» թերթի մարտի 13-ի համարում գերմաներեն լույս տեսած հոդվածի: Հոդվածում Չեթերյանը լուսաբանում է փետրվարի 27-մարտի 1-ը Ժնեւի համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում կազմակերպված միջոցառումը, որին մասնակցել են աշխարհի տարբեր համալսարաններից 25 գիտաշխատողներ, ուսումնասիրելու համար 1908-ի երիտթուրքական հեղափոխության, ինչպես նաեւ «Իթթիհադ վե Թերաքիի» կուսակցության կենտրոնական կոմիտեի նպատակները:
Հոդվածից ակնհայտ է դառնում, որ ժնեւյան միջոցառումը եղել է «Հայ-թուրքական պատմագրություն» նախագծի շրջանակներում գործող հայ եւ թուրք գիտնականների աշխատանքային խմբի հերթական նիստը: Հոդվածագիրը, հիմք ընդունելով «Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների նկատմամբ» հայկական եւ թուրքական կողմերի հակադիր դիրքորոշումը, նշում է, որ պատմագրությունը դրա պատճառով կենտրոնացել է 1915-1917 թթ. իրադարձությունների վրա, որպեսզի պարզաբանի դրանք ցեղասպանությո՞ւն էին, թե՞ ոչ:
«Ահա, գրում է Չեթերյանը, 2000-ին հենց այս առաջադրանքով միավորվեցին բազմաթիվ ուսումնասիրողներ: Հայ-թուրքական աշխատանքային խմբի կյանքի կոչմանը մեծապես նպաստել է Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆ. Ռոնալդ Սյունին: Կարեւոր էր հայ-թուրքական պատմագրության համատեղ նախագծի իրականացումը: Սյունին ասում է. «Հայերը մի կերպ են ներկայացնում իրադարձությունները, թուրքերը՝ մեկ այլ: Անցյալի ամբողջական պատկերը վերականգնելու համար անհրաժեշտ է ի մի բերել բոլոր տեսակետները»: Աշխատանքային խումբը որոշեց նիստերն անցկացնել դռնփակ: Ըստ Սյունիի, եթե դրանք դռնփակ չլինեն, ապա մասնակիցները չեն կարող ազատորեն կարծիք հայտնել եւ բանավիճել»:
Անցած տարիներին, ինչպես Չեթերյանն է նշում, վերոհիշյալ նախագծի աշխատանքները առաջընթաց են ապրել եւ ուսումնասիրվող հարցերի թվին ավելացվել է «ցեղասպանության հետեւանքների» հարցը, աշխատանքային նոր խմբի ստեղծումով: Ժնեւյան միջոցառումը հայ-թուրք գիտնականների աշխատանքային խմբի 6-րդ նիստն է եղել, որին մասնակցել են ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Եվրոպայից ու Թուրքիայից գիտնականներ, որոնք քննարկել են հետեւյալ հարցեը. ինչո՞ւ տեղի ունեցավ ցեղասպանությունը, որո՞նք էին դրա պատմական նախադրյալները, պատրաստի ծրագիր ունե՞ր իթթիհադականների կենտրոնական կոմիտեն:
Շրջանցելով միջոցառման այլ մասնակիցներին, Չեթերյանը նշում է, որ Սյունիի պես աշխատանքային խմբի հիմնադիրներից է նաեւ Միչիգանի համալսարանի պրոֆ. Ֆաթմա Մյուգե Գյոչեքը, որը նույնպես խուսափում է ցեղասպանություն բառի օգտագործումից ինչպես Սյունին, բայց ոչ թե դրան չհավատալու պատճառով: Ըստ Չեթերյանի, տկն Գյոչեքին զարմանք է պատճառել սեփական պատմությանն առնչվող հարցերում Թուրքիայի լռությունը, դրա համար էլ ընդգրկվել է հայերի, թուրքերի եւ Թուրքիայի համար կարեւոր նշանակություն ունեցող աշխատանքային այս խմբի կազմում:
Չեթերյանի վկայությամբ, թեեւ Գյոչեքը բացառել է էթնիկ խտրականության հանգամանքը Թուրքիայում, բայցեւայնպես ընդգծել է, որ թուրքական պետությունը «կոտորածների ենթարկելու համար ներողություն չի խնդրել հայերից», դրա բացասական հետեւանքներն այսօր իրենց վրա են զգում երկրի էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունները, իսկ Ցեղասպանությունը Թուրքիայում կազմալուծել է «բարոյական կապվածությունը» (ըստ երեւույթին՝ պետության հետ): Նա որպես օրինակ նշել է հայերի ունեցվածքի կողոպուտը, ընդգծելով, որ դա ստվեր է գցել երկրի մասնավոր սեփականության համակարգի վրա:
Հոդվածագիրը պրոֆ. Ժիրայր Լիպարիտյանին նույնպես անվանում է աշխատանքային վերոհիշյալ խմբի հիմնադիրներից, նշում, որ նրա կարծիքով այս խումբը նպաստել է «պատմական բանավեճի» օրինականացմանը, ավելացնելով. «Խմբի աշխատանքներին մասնակցում էր նաեւ հանգուցյալ Հրանտ Դինքը»: Ըստ Չեթերյանի, հայ եւ թուրք գիտնականների աշխատանքային խումբը ձեռք է բերել որոշակի հասունություն:
Մեկնաբանելով Չեթերյանի հոդվածը, ՅՈւՆԵՍԿՕ-ում Թուրքիայի ազգային հանձնաժողովի նախկին փոխնախագահ Փոլաթ Թաջարը նախ «հատուկ նպատակին ծառայելու» մեջ մեղադրում է պրոֆ. Գյոչեքին, ապա Ցեղասպանության թուրքական ժխտողականությունը հերքելու մղումով, գրում է. «Իրադարձությունները ցեղասպանությո՞ւն էին, թե՞ ոչ՝ հարցի պատասխանը պետք է տա համապատասխան դատարանը, այլ ոչ թե պատմաբանը: Ցեղասպանություն բառը, որի շուրջ հազիվ թե հնարավոր լինի ընդհանուր հայտարարի գալ, պետք է թողնել իրավաբանների հայեցողությանը: Սակայն պատմաբանները, սոցիոլոգները, հնագետները կարող են խոսել ողբերգական իրադարձություններից: Կոտորած բառն արդեն օգտագործվում է: Այդ շրջանում մեծ վիշտ են կրել օսմանյան բոլոր հպատակները, անկախ դրանից եղել են հայ, թե մահմեդական, թուրք կամ քուրդ: Իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե թուրքական պետությունն ու պետական գործիչները ժխտում են 1915-16 թթ. տեղի ունեցած մեծ աղետը: Հայերը կարող են դա մեծ աղետի իմաստ կրող «Մեծ եղեռն»-ով արտահայտել: Ես չեմ ասում, որ նրանք հենց այսօրվանից փոխեն իրենց դիրքորոշումը, սակայն երկխոսությունը, հետազոտություններն էլ զուգահեռաբար թող շարունակվեն: Այդպես էր մտածում նաեւ Հրանտ Դինքը»:
Ինչ վերաբերում է «Ենի չաղի» հոդվածին, ապա այս թերթը «Ցեղասպանության ստի անխոնջ պաշտպան» Թաներ Աքչամին համարում է «հայամետ», նրան վերագրում է «հայկական սփյուռքի խոսափողը» դառնալու առաքելությունը, ապա եւ մեղադրում, թե նորից հարձակման թիրախ դարձրեց թուրք ազգին: Ինչպե՞ս: «Ենի չաղը» պատասխանում է. «Վերջերս Աքչամը հայտարարեց, որ այդ հարցը կլուծվի, եթե թուրքական կառավարությունը հանձն առնի իբրեւ «հանցանք» ճանաչել 1915-ի իրադարձությունները»:
Ինչպես երեւում է, հայ-թուրք գիտնականների աշխատանքային խումբը, դրա Ցեղասպանություն բառի օգտագործումից խուսափող անդամները եւ նրանց դռնփակ նիստերը 1915-ի իրադարձությունների առնչությամբ ճշմարտությունը բացահայտելու քողի տակ վիճարկում են Հայոց ցեղասպանությունը եւ ծառայում թուրքական պետությանը պատասխանատվությունից հնարավորինս ձերբազատելու ընդհանուր նպատակին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: