Friday, March 14, 2008

Մեղադրանք կառաջադրվի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանին

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում 9 օր շարունակ չարտոնված հանրահավաքներ կազմակերպելու եւ իրականացնելու համար մարտի 1-ին հարուցվել է քրեական գործ: Նույն օրը հարուցվել է նաեւ մեկ այլ քրեական գործ` Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում զանգվածային անկարգությունների կազմակերպման, իրականացման, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, իշխանության ներկայացուցիչներին` ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար: Մարտի 2-ին այս երկու քրեական գործերը, որոնք քննվում էին հատուկ քննչական ծառայությունում, մտցվեցին մեկ վարույթ: Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ մեր հարցազրույցով փորձեցինք տեղեկանալ քրեական գործի շրջանակներում այս օրերին կատարված աշխատանքի մասին:
- Մարտյան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարելու համար ստեղծված հատուկ քննչական խմբում ովքե՞ր են ներգրավված:
- Հաշվի առնելով քրեական գործի քննության ծանրությունը, քրեական գործի ծավալը, քննչադատավարական գործողությունների ծավալը եւս` ստեղծվել է բավականին մեծ քննչական օպերատիվ խումբ, որում ընդգրկված են 50-ից ավելի քննիչներ, այդ թվում` հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության քննչական գլխավոր վարչության, պաշտպանության նախարարության քննիչներ: Բացի այդ, կա նաեւ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված դատախազների խումբ, որն անմիջականորեն դատավարական հսկողություն է իրականացնելու քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ: Դատախազական խումբը ղեկավարում է Արմավիրի մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը:
- Ի՞նչ է հասցրել անել քննչական խումբը մինչեւ այսօր:
- 2008-ի մարտի 14-ի դրությամբ, ամփոփված տվյալներով, քրեական գործի քննության ընթացքում 102 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որոնց առաջադրված են նաեւ մեղադրանքներ, կան նաեւ 2 ձերբակալվածներ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են շուրջ 500 վկաներ, նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ` դատաբժշկական, դատաձգաբանական, քրեագիտական, հետքաբանական, կատարվել են զննումներ, առգրավումներ, շուրջ 200 խուզարկություններ, հայտնաբերվել են զենք-զինամթերք: Ընդ որում, մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել ԱԺ պատգամավոր, սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված Սասուն Միքայելյանին պատկանող ձկնաբուծական տնտեսությունից:
- Հարցաքննությունների ընթացքում որքանո՞վ են ապահովված եղել հարցաքննվողների դատավարական իրավունքները, որքանո՞վ է պահպանվել գործընթացի համապատասխանությունն օրենքին:
- Նախաքննության ընթացքում բոլոր անձանց, վկաների, ձերբակալվածների, մեղադրյալների հարցաքննությունները, ձերբակալումները, կալանավորումները, առերեսումները կատարվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերին, պահանջներին համապատասխան:
- Տեր-Պետրոսյանի շարժման կազմակերպիչների առանցքային դեմքերի մասով ի՞նչ նորություն կա:
- Նորությունը Սասուն Միքայելյանի հայտնաբերումն ու կալանավորումն էր, որի մասին արդեն հայտնվել է: Ձեռնարկվում են օպերատիվ -որոնողական միջոցառումներ հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին եւ Խաչատուր Սուքիասյանին հայտնաբերելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
- Նրանց գտնվելու վայրի մասին մոտավոր տեղեկությո՞ւն էլ չունեք:
- Չեմ կարող Ձեզ նման տեղեկատվություն հայտնել` քննության գաղտնիությունից ելնելով:
- ՀՀՇ վարչության անդամները, որ ձերբակալված են, որպես ո՞վ են դիտարկվում իրավական հարթության վրա, ինչպե՞ս է որակվում նրանց առաջադրված մեղադրանքը:
- Ձեր հարցադրման ձեւակերպումը պետք չէ տալ, որ հենց ՀՀՇ անդամներին են ձերբակալել: Քրեական գործով բազմիցս հայտարարվել է, եւ դա փաստ է, որ նախաքննական մարմինը քաղաքական հետապնդում որեւէ անձի նկատմամբ չի իրականացնում: Այսինքն` նախկինում որեւէ պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքով կամ ՀՀՇ վարչության անդամ լինելով պայմանավորված չէ նրանց կալանավորելն ու մեղադրանք առաջադրելը: Նկատի ունեմ, որեւէ մեկի նկատմամբ քաղաքական հայացքների, գաղափարների համար հետապնդում չի իրականացվում. բոլոր անձինք, ովքեր քրեական գործով ներգրավված են որպես մեղադրյալներ, նրանց մեղսագրվում են կոնկրետ արարքներ:
- Քննչական խումբը նախաքննության ընթացքում որեւէ գնահատականի եկե՞լ է կատարվածում Լեւոն Տեր-Պետրոսյանի դերակատարության վերաբերյալ:
- Նախաքննության ընթացքում կատարվում են քննության պլանավորում, տակտիկայի մշակում եւ դրանից ելնող գործողությունների անցկացման հերթականություն: Դրա համար հավաքվում են ապացույցներ, տրվում է գնահատական, որոնց վերլուծության եւ համատեղ գնահատման արդյունքում կայացվում է որոշում՝ անձին որպես մեղադրյալի ներգրավվելու կամ չներգրավելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չդադարեցնելու մասին:
- Այսինքն, հնարավո՞ր է, որ նախաքննության ավարտին քննչական խումբը բավարար հիմքեր ունենա Տեր-Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու համար:
- Հնարավոր է: Կատարվում է նախաքննություն, հավաքվում են օբյեկտիվ բազմակողմանի ապացույցներ, որոնց համակցության, գնահատման արդյունքում կկայացվի համապատասխան որոշում:
- Հնարավո՞ր է նախաքննության ավարտին այնպիսի մի պատկեր ունենանք, որ այս ամենի համար պատասխանատվության առջեւ կանգնեն շարքային քաղաքացիները, իսկ կազմակերպիչներն, այնուամենայնիվ, խուսափեն պատասխանատվությունից:
- Ոչ: Նման բան հնարավոր է միայն այնքանով, երբ հայտնի կդառնան բոլոր կազմակերպիչները, որոնց թվում արդեն հայտնի է, որ մեղադրանքներ ենք առաջադրել զանգվածային անկարգություններ եւ վերոհիշյալ միջոցառումների կազմակերպիչներին, այդ թվում՝ Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ այլոց: Սա նշանակում է, մենք արդեն իսկ ունենք Ձեր մատնանշած ոչ շարքային քաղաքացիներ, այսինքն՝ անձինք, որոնք կազմակերպել, ծրագրել եւ անցկացրել են վերը նկարագրված զանգվածային անկարգությունները:
- Տեր-Պետրոսյանի վստահված անձ եւ այժմ ձերբակալված Մասիս Այվազյանի փաստաբանը հայտարարություն է տարածել, թե արտակարգ դրության պայմաններում նախաքննական մարմնի գործողություններն անվերահսկելի են: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ոչ, բացառվում է, որովհետեւ արտակարգ իրավիճակը որեւէ կերպ քրեական դատավարության գործող նորմերի վրա ազդել չի կարող. քննությունը կատարվում է քրեական դատավարության նորմերին համապատասխան:

No comments: