Friday, March 14, 2008

ՎԱՐԴԳԵՍ ԵՂԻԱՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐՈՎ

Ճանաչված իրավաբան Վարդգես Եղիայանի «Վահան Քարտաշյան: Հայկական դատի արտակարգ պաշտպանը» խորագրով նոր գիրքը անուրանալի փաստերի հիման վրա մի անգամ եւս բացահայտում է Ամերիկայի դերը Հայոց ցեղասպանության իրականացման գործում եւ ամերիկյան կառավարության հաշվարկված դավաճանությունը դրանում, գրում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն իր մարտի 1-ի համարում:
Քարտաշյանը (1883-1934 թթ.) դասական հերոսին բնորոշ հատկանիշներով օժտված մի անձնավորություն է եղել, ամերիկյան քաղաքացիությունն ընդունած մի հայորդի, մասնագիտությամբ իրավաբան, որը Սիզիփոսյան ապարդյուն պայքար է մղել հանուն հայկական դատի մի երկրում, որտեղ այլ շահեր էին (եւ ե՛ն) արժեւորվում: Նա մոտ երեք տասնամյակ, 1908-ից մինչեւ իր հուսահատ մահը 1934-ին, բազմաթիվ ահազանգերով փորձել է ամերիկացի իշխանավորների գիտակցությանը հասցնել ակնկալվող ողբերգությունը, բայց հանդիպել է սառը անտարբերության: Գիրքը բացահայտում է, որ ապրիլյան Եղեռնից ինը ամիս առաջ նյույորքաբնակ իրավաբանը այդ ժամանակվա Ամերիկայի պատերազմի նախարար Լինդլի Գարիսոնին հղած նամակում գրել է. «Ես տեղեկություն ունեմ, որ թուրքական կառավարությունը ծրագրում է իրականացնել իր նողկալի կարիերայի ամենազարհուրելի սարսափներն ընդդեմ անօգնական մարդկության, եթե մասնակցի եվրոպական պատերազմին: Այդ ծրագիրը իրագործվելու է Թուրքիայում ապրող բնիկ եւ օտարերկրացի քրիստոնյաների հանդեպ: Եթե ինչ-որ ուժեղ, զսպող մի ուժ չկանգնեցնի նրան, կարող ենք վստահ լինել, որ Թուրքիան անարգելք գործելու հնարավորությունից օգտվելով, մի հանգամանք, որը նա արդեն իսկ վայելում է, գործի է դնելու իր զազրելի ծրագիրը»:
Քարտաշյանի նախազգուշական կոչը մնաց «ձայն բարբառոյ յանապատի» գրում է թերթը, եւ մնացածը մեզ բոլորիս ծանոթ պատմությունն է:
Երեքհարյուր հիսուներեք էջանոց գիրքը հրատարակել է «Քար» հրատարակչատունը: Գրքի արժեքն է 25 դոլար: Կարելի է ձեռք բերել գրելով P.O.Box 250322 Glendale, CA 91225-0322 հասցեով կամ այցելելով «info@centerar.org» կայքէջը:
Հ. Ծ.

No comments: