Friday, March 07, 2008

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ»

Գրում է «Ենի մուսաֆաթը», դառնալով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նկրտումների թարգման
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Մարտի 4-ին Մարտակերտից հյուսիս-արեւելք Ադրբեջանը խախտելով հրադադարը պատճառ էր դարձել բախումների, որոնց հետեւանքով ադրբեջանական կողմը տվել էր 8 սպանված, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն ունեցել էր երկու վիրավոր: Քանի որ ադրբեջանական կողմը հարձակումն իրագործել էր զգալի զինուժով, զրահատեխնիկայի եւ հրետանու աջակցությամբ, իսկ փոխհրաձգությունը շփման գծում շարունակվել է ավելի քան 10 ժամ, ուստի ակնհայտ էր պատերազմի վերսկսման վտանգը:
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը դա պայմանավորեց Հայաստանի լարված իրավիճակից օգտվելու Ադրբեջանի նկրտումներով: Իսկ Բաքուն, բարդելով հրադադարի խախտման պատասխանատվությունը հայկական կողմի վրա, փորձեց դա բացատրել միջազգային հանրության ուշադրությունը երկրում ստեղծված լարվածությունից շեղելու Երեւանի հաշվարկներով: Այդ ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կեղծ լուրեր տարածեց, թե 12 հայ զինվոր սպանվել է, 15-ը՝ վիրավորվել:
Հրադադարի խախտման ադրբեջանական նկրտումների մասին ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը ողջամտորեն շրջանցող աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները ցանկատեսությամբ իսկույն արձագանքեցին 12 հայ զինվորի սպանության վերաբերյալ Ադրբեջանի կեղծիքին: Հարցը, սակայն, կեղծիքը չէր, այլ պատերազմի վերսկսման զինադադարի խախտումից բխող վտանգը:
Այս հանգամանքը պետք է պարտավորեցնող լիներ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելոյի համար, որ նա ձգտի պատերազմի վերսկսման վտանգի չեզոքացմանը, ինչը ենթադրում էր դատապարտել զինադադարը խախտող կողմին եւ խախտման առնչությամբ մտահոգություն հայտնել:
Խորհրդարանական վեհաժողովի նախագահը, սակայն, առանց պատերազմի վերսկսման վտանգին անդրադառնալու, զինադադարի խախտումն ընդամենը բնութագրեց իբրեւ «տհաճ դեպք», նույնիսկ հարկ չհամարեց դրա առնչությամբ մտահոգություն հայտնելու:
Թեեւ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Թոմ Քեյսին շփման գծում բռնկված բախումների համար մտահոգություն հայտնեց, սակայն նա էլ հավասարության նշան դնելով զինադադարը խախտողի եւ խախտման թիրախը դարձած կողմի միջեւ, խախտումներում ակնհայտորեն խրախուսեց Ադրբեջանին: Ավելին, որպեսզի խրախուսանքը տպավորիչ լինի, պետքարտուղարության խոսնակը միաժամանակ հայտարարեց. «Կոսովոյի անկախությունը նախադեպ չէ, բացարձակապես չի կարող նախադեպ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի համար»:
Առաջին հայացքից գուցե տարօրինակ թվա, սակայն, այն, ինչ շրջանցում են աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները, կամ վրիպում է ինչպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ ԱՄՆ պետքարտուղարության ուշադրությունից, գրավում է «Միլլիեթի» ուշադրությունը: Թուրքական այս թերթը ոչ միայն տեղ է տվել ՀՀ արտգործնախարարի ինչպես հրադադարի խախտման, այնպես էլ Հայաստանում ստեղծված լարվածությունից օգտվելու Ադրբեջանի նկրտումների մասին խոսքերին, այլեւ մատնանշել է. «Իրականում հայտնի չէ, թե նախորդ օրվա բախումները որ կողմն է հրահրել: Սակայն ենթադրելի է, որ Բաքուն դրանով փորձի սաստել Երեւանին»:
Ինչ վերաբերում է հրադադարի խախտումներում Ադրբեջանին խրախուսելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի եւ ԱՄՆ պետքարտուղարության նկրտումներին, ապա դրանց էլ, թուրքական «Ենի շաֆաքի» վկայությամբ, արձագանքել է «Ենի մուսաֆաթը»: Ադրբեջանական այս թերթն, ակնարկելով Հյուսիսային Իրաքից փախուստի դիմաց PKK-ականների Լեռնային Ղարաբաղում տեղակայման լուրերի մասին, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը կարող է Թուրքիայի աջակցությամբ անցնի ռազմական լայնամասշտաբ գործողությունների: Ըստ «Ենի մուսաֆաթի», ձեռք է բերվել ԱՄՆ-ի համաձայնությունը, ստեղծվել է թուրք-ադրբեջանական հրամանատարական կենտրոն եւ հետախուզական աշխատանքներ են սկսվել:
Հայաստանի եւ հայերի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումն այնքան երկդիմի է, որքան՝ ԵՄ-ի: Թերեւս այդ առումով կարելի էր հավատալ ադրբեջանական թերթի գրածներին: Սակայն Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ռազմական գործողությունների ծավալման դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի ղարաբաղյան հիմնահարցի նախաձեռնությունը, թեկուզ մասնակի, զիջել Թուրքիային կամ վերջինին դարձնել այս նախաձեռնության մասնակիցը: Իսկ դա, ելնելով նախաձեռնությունների նկատմամբ Վաշինգտոնի խանդոտ վերաբերմունքից, հավանական չի թվում:

No comments: