Friday, March 07, 2008

«ՍԵՐԸ ԴԱՌՆ Է, ՀՈՇՈՏՈՂ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ»


Նրբանկատ, խորաթափանց, յուրահատուկ ու կանացի: Այս բառերը բնորոշում են դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին: Նախորդ տարի փայլեց նրա դերասանական աստղն ու Նազենին արժանացավ երկրպագուների (նաեւ իրեն չսիրողների) բարձր գնահատականին: Գեղեցիկ կին լինելուց զատ Նազենին խելացի է: Յուրաքանչյուր հարցի մոտենում է սեփական գաղափարական-զգացմունքային տեսանկյունից եւ տալիս լուրջ պատասխաններ: Նազենին համարվում է հայկական շոու-բիզնեսի ամենացանկալի կանանցից մեկը, սակայն աստղային հիվանդություն կոչվածը նրան չի սպառնում:
- Իսկապե՞ս սերը ծանր աշխատանք է:
- Հրաշալի խոսքեր են: Կմեջբերեմ եւս մեկ հանճարեղ մարդու խոսքեր` «Սերը դառն է, հոշոտող եւ աստվածային»: Սերը հզոր տարերային զգացմունք է` առատ աստվածային տանջանքներով:
- Քեզ հաճախ են տեսնում հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի հետ: Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները:
- Ինչ-որ մեկի հետ պարզապես չեմ հանդիպում: Պետք է անպայման համակրանք, զգացմունք լինի: Չեմ սիրում խոսել իմ անձնական կյանքի մասին: Կար ժամանակ, երբ ես բարձրաձայնում էի իմ զգացմունքները, բայց հետագան ցույց տվեց, որ սխալվել եմ: Այժմ գերադասում եմ լռել:
- Ասում են` յուրաքանչյուր կին երազում է առաջին հերթին ընտանիք կազմել եւ երեխաներ ունենալ:
- Ընտանիքն ամուր ամրոց է: Ընտանիքի իմ մոդելը նման է այն ընտանիքին, որտեղ ես մեծացել եմ: Այն կյանքային է, ոչ թե կենցաղային, այլ իրական: Յուրաքանչյուր կին երազում է մայրանալ: Ես բացառություն չեմ: Հայ կանայք ծնվում են որպես մայր, ընկեր, քույր: Ես ընտրել եմ նախ կին լինել, հետո նոր ընկեր, մայր: Այլապես տղամարդը կնոջ մեջ տեսնում է ամեն ինչ, բացի կնոջից:
- Շամիրամի եւ Նազենիի միջեւ զուգահեռներ կա՞ն:
- Երբ ռեժիսորն ընտրում է դերասանների, պարտադիր նույնացնում է կերպարի հետ: Իմ խաղացած որեւէ կերպարին նման չեմ: Աշխատում եմ տվյալ կերպարը դարձնել իմը, մտնում եմ հերոսուհու հոգեբանության, փիլիսոփայության մեջ, սակայն երբեք զուգահեռներ չեմ անցկացնում: Կուլիսներից այն կողմ ես այլ մարդ եմ: Խորենը հոյակապ խաղընկեր է եւ շատ բան է տալիս: Թատրոնում շփումը քիչ էր, բայց ֆիլմում` hատկապես ենթատեքստերում բավականին շատ էինք շփվում: Միշտ ասում եմ, որ դերասանի խաղը կախված է խաղընկերոջից: Խորենն, իրոք, պրոֆեսիոնալ դերասան է:
- «Երկու աստղում» հանդես էիր գալիս Սոֆի Մխեյանի հետ:
- Այն որ բեմում երկու աղջիկ էինք, մեզ չէր նսեմացնում: Երբ հարցնում էին, թե ինչու երկու աղջիկ, կատակով ասում էինք, թե տղա չկա: Սոֆիի հետ ընկերական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են: Պարզապես այդ ժամանակահատվածում երկուսս էլ շատ զբաղված էինք ու երեւի մեր մեղքով էր, որ դուրս մնացինք:
- Թեեւ դու չես սիրում շոու-բիզնես արտահայտությունը, այնուամենայնիվ 2007 թ. ճանաչվեցիր շոու-բիզնեսի ցանկալին: Քեզ սիրում է նաեւ ժողովուրդը: Քո հանդեպ նախանձ, չարություն չե՞ս զգում:
- Նախանձ կա միայն թույլ մարդկանց մեջ: Ուժեղ մարդը զբաղվում է իր գործով: Նախանձը, չարությունը ազդում է էներգետիկ ֆոնի վրա: Գործի, մասնագիտության բերումով նույն ասպարեզում ենք աշխատում: Եթե անգամ միեւնույն ասպարեզում չենք, փոքրիկ Երեւան է` կարիք չկա չարությամբ լցվել: Բացասական էներգիան սադրանքի նոր ձեւ է: Պարզապես պետք է չտրվել:
- Ի՞նչ է քեզ անհրաժեշտ լիակատար երջանկության համար:
- Մի անգամ ազգությամբ հնդիկ շատ հետաքրքրական տեսության մասնագետ առաջադրանք տվեց` գտնել բոլոր բացասական կողմերը, որ կան մեր կյանքում: Թվում էր, թե այնքան բան կգրեմ, որ թուղթը չի բավականացնի: Բայց երկար մտածելուց հետո հասկացա, որ ամեն ինչ ունեմ: Հրաշալի ընկերներ, սիրելի աշխատանք, անձնական կյանք: Կողքիս կա տղամարդ, որ ինձ միշտ օգնում է, բարձրացնում: Իսկ ինչ չունեմ` ժամանակի խնդիր է:
Կատարյալ բառից ես վախենում եմ եւ վերաբերվում մեծ ակնածանքով: Բնությունը կատարյալ է, մարդն` անկատար: Օրեցօր մենք կորցնում ենք արժեքներ: Թվում է` ամեն ինչ ունես, բայց երջանիկ չես: Երբ մտածում եմ կատարյալ երջանկության մասին, ակամայից հիշում եմ Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը, որտեղ հերոսուհին գեղեցիկ է, հարուստ, բայց` դժբախտ: Պետք է մոտենանք բնությանն ու մաքրագործվենք:
- Խոսքերիցդ զգացվում է, որ հիասթափված ես:
- Ինձ համար անհասկանալի է, երբ ասում են, թե միմյանցից հիասթափվեցին: Պետք է հասուն լինել, սթափ մտածել: Մարդը սխալական է: Եթե ես սխալ եմ լինում, անպայման ներողություն եմ խնդրում: Խոսքը մոգական հզոր ազդեցությամբ բնորոշված երեւույթ է: Հայի պրոբլեմն այն է, որ վախենում են խոսել, արտահայտվել: Հանգիստ խոսելը վերացած է, միմյանց լսելով պետք է որոշումներ կայացնել: Հիասթափության գործոնը միշտ կա: Ես մարդուն երկար ուսումնասիրում եմ, ծանոթանում դիմացինի առավելություններին ու թերություններին:
- Կպատմես ապագա ծրագրերիդ մասին:
- Ես ապշում եմ, երբ մարդիկ խոսում են իրենց վաղվա օրից: Միգուցե այս հարցազրույցը կարդալուց հետո հոգեբանները կարծեն, թե ես շատ վախկոտ անձնավորություն եմ: Պարզապես մենք չգիտենք` ինչպիսին է լինելու մեր վաղվա օրը: Վաղվա ծրագրերի մասին չեմ ուզում այսօր խոսել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1 comment:

Anonymous said...

Նազո ջան դու անկրկնելի ես.