Thursday, March 13, 2008

ՉԱՐԵՆՑԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԵՏ ԲԵՐԵԼ ՎԱՃԱՌՎԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԸ


Այսօր մեր քաղաքում կնշվի Եղիշե Չարենցի ծննդյան 111-ամյակը, նրա շիրմին ծաղիկներ կդրվեն, կհնչեն նրա սքանչելի բանաստեղծությունները, կասվեն բազմիցս ասված կամ դեռեւս չասված խոսքեր: Ու մեկ էլ Չարենցի կյանքի ու բանաստեղծական արվեստի արժեքը գիտակցող մարդիկ կլսեն ու կկարկամեն, որ մեր երկրում, մերօրյա հայկական հեռուստաընկերությամբ ինչ-որ թերուս փորձել է ինքնարտահայտվել Չարենցի միջոցով, եթերից հնչեցնելով այնպիսի խորշելի արտահայտություններ՝ «Յախկ, զզվում եմ էդ Չարենցից», որոնք պետք է հակադարձվեն հենց իրեն: Նրա պես տխմարությունն իրեն առաջնորդ կարգածներից մեկն էլ Չարենցի փողոցում մի մեծ պաստառ է փակցրել ու վրան գրել՝ «Չարենցի տոնավաճառ», ուր վաճառում է ոչ հնամաշ գրքեր, այլ ավտոպահեստամասեր:
«Դժբախտաբար, մեր ազգային արժեքներից մենք աստիճանաբար հեռանում ենք ու մոտենում հազար ու մի տեսակ թեթեւ արժեքների: Հենց դա է պատճառը, որ «Շանթ» հեռուստաընկերությամբ հակաչարենցյան արտահայտություններ են հնչում: Դա գալիս է ազգային արժեքների հանդեպ ոչ մտածված քաղաքականությունից: Մենք պարտավոր ենք չկորցնել մեր ազգային արժեքները, վերադառնալ դրանց, իսկ դրա հաստատուն երաշխիքներից մեկը Եղիշե Չարենցն է: Ցավոք, մեզանում շեշտն ավելի շատ դրվում է գրողի կյանքի արկածային դրվագների վրա, քան նրա ստեղծագործության լուրջ բացահայտման: Այդ լուրջը մենք կորցնում ենք կամ չենք գիտակցում, մինչդեռ Չարենցի հետ կապված բազմաթիվ չլուծված, չբացահայտված հարցեր կան», ասաց չարենցագետ Դավիթ Գասպարյանը: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հետ երեկ նա հրավիրվել էր «Հայացք» ակումբ, խոսելու չարենցասիրության ու չարենցագիտության, վաճառված ձեռագրերի ու նորահայտ էջերն ամբողջական դարձնելու դժվարությունների մասին: Նախ հայտնեց, թե այս տարի լույս կտեսնի Չարենցի մասին հուշերի երրորդ գիրքը, որում ընդգրկված են մեծ բանաստեղծի մասին ժամանակակիցների բազում մտքերը. «Սա կլինի մի նոր քայլ չարենցագիտության ուսումնասիրությունների ճանապարհին»:
Չարենցի թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը վերստին փաստեց, որ բանաստեղծի ստեղծագործական կյանքը դեռեւս լիարժեք ուսումնասիրված չէ, որ ժառանգների մոտ կան բազմաթիվ անտիպ ձեռագրեր: Որպես ողբերգական իրողության հետեւանք նա հիշեցրեց բանաստեղծի կյանքի այն դրվագը, երբ 1937 թվականին, նրան եւ կնոջը՝ Իզաբելային ձերբակալելուց հետո պետանվտանգության աշխատակիցները պահանջում են տեղափոխել բնակարանի իրերը: Իզաբելայի մայրիկին օգնող երիտասարդներից մեկը բանաստեղծ Գեւորգ Էմինն էր, որի ձեռքն են անցնում Չարենցի թղթապանակը եւ անձնական որոշ իրեր: «Աննա տատիկը հետագայում պահանջում է վերադարձնել դրանք, բայց Էմինը մերժում է, պատճառաբանելով, թե դրանք իր մոտ ավելի ապահով են: Էմինի մահից հետո այդ ձեռագրերն անցան նրա որդուն՝ Արտաշես Էմինին, որը դրանց մի մասը վաճառել է ամերիկացի հայագետ Ջեյմս Ռասելին, իսկ մյուս մասը պետք է հանձներ Չարենցի թանգարանին: Նրա հետ ձեռք էինք բերել ձեռագրերը գնելու համաձայնություն, որից հետո անցած տարի դիմել էինք վարչապետին՝ գումար հատկացնելու խնդրանքով: Ի պատիվ իրեն, երջանկահիշատակ վարչապետն իսկույն արձագանքեց ու կարգադրեց տրամադրել անհրաժեշտ գումարը, բայց Արտաշես Էմինը մեզ հայտնեց, որ այդ ձեռագրերն արդեն վաճառել է: Սկզբում ասաց, թե վաճառել է մի կանադացու, հետո պարզվեց, որ գնորդը «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանն է», ասաց Լիլիթ Հակոբյանը, հավելելով, որ որեւէ մեկը չի կարող դրանք հրատարակել առանց բանաստեղծի ժառանգների համաձայնության, վերջիններս իրավունք ունեն պահանջելու դրանք: «Այդ խմորը դեռ շատ ջուր կվերցնի, այդպես չի մնա, ժառանգները շատ լավ գիտեն իրենց իրավունքները»:
Դավիթ Գասպարյանը ձեռագրերի վաճառքը համարեց «ազգային արժեքների թալանի ձեւերից մեկը»: Այդ մասին ինքն իմացել է անգլերեն հրատարակվող հայկական մի ամսագրում զետեղված Ջեյմս Ռասելի «Չարենց մարգարե» հոդվածի վերաբերյալ տեղեկությունից: «Այդ հոդվածում Ռասելը սեւով սպիտակի վրա գրել է, որ իր ձեռքին է Չարենցի անտիպ գործերի մի հավաքածու, որն իրեն է տրամադրել Արտաշես Էմինը: Ազգային արժեքների թալանն էլ ինչպե՞ս է լինում», ասաց չարենցագետը:
Չարենցի մասին տպագրված նորահայտ էջերից դուրս, նրա ասելով, կան բազմաթիվ վավերագրեր, բանաստեղծի ամբողջ ժառանգությունը դեռեւս իրենց ձեռքի տակ չէ: Այդ ամենը ամբողջացնելու համար ԳԱ ակադեմիայում, Գրողների միությունում կամ թանգարանում պետք է ստեղծել չարենցագիտական մի փոքր խումբ՝ ի մի բերելու եղածն ու որոշելու հետագա անելիքները. «Չարենցասիրությունը պետք է դարձնել չարենցագիտություն: Սեր, հարգանք, ծաղիկներ, խոնարհում, սրանք շատ լավ բաներ են, բայց պետք է գործ դառնան»:
Եղիշե Չարենցի ծննդյան 111-ամյակի հետ այս տարի կնշվի նաեւ նրա «Խմբապետ Շավարշ», «Գիրք ճանապարհի» գրքերի հոբելյանները, կբացվեն ցուցահանդեսներ, կանցկացվեն գրական երեկոներ, կտպագրվեն նոր ժողովածուներ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

No comments: