Thursday, March 13, 2008

ՀՐԵԱ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ ԴԵՍՊԱՆ ԼԵՎԻԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Հրեա ճանաչված ցեղասպանագետներ պրոֆ. Յաիր Օրոնը, պրոֆ. Իսրայել Չառնին եւ պրոֆ. Էլիհու Ռիխտերը բաց նամակ են հղել Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիին, արտահայտելով իրենց վրդովմունքը Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբբի Լեւիի այն հայտարարության առթիվ, թե «այն, ինչ մենք (Իսրայելը) Գազայում իրագործեցինք, ցեղասպանություն չէր, ճիշտ այնպես, ինչպես ցեղասպանություն չէր հայերի հետ կատարվածը»:
Ինչպես գրել էր «Ազգը», Թուրքիայում Իսրայելի դեսպանը նման հայտարարությամբ հանդես էր եկել, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը խստորեն քննադատել էր Իսրայելի հարձակումները Գազայում:
«Դեսպան Լեւին անարգանք պատճառելու աստիճան սխալվում է, եթե ժխտում էր հայերի ցեղասպանությունը: Նրա հայտարարությունները ծայր աստիճան վիրավորական են եւ ինքնակործան: Նրա առաքելությունը Իսրայելին հարգալից եւ արժանապատվությամբ ներկայացնելն է եւ ոչ թե պատմական ճշմարտությունների վերանայումը: Նման ժխտողական հայտարարությամբ հրապարակավ հանդես գալով, նա (դեսպանը) ճանապարհ է հարթում անտեսելու կամ ժխտելու բոլոր այն ցեղասպանական սպառնալիքները, որոնցից մի քանիսը սպառնում են ներկայիս Իսրայելին», գրել են նրանք արտգործնախարարին, շեշտելով, որ պատմական ծանրակշիռ ապացույցներ կան հաստատելու, որ հայերի հետ կատարվածը «այդ ժամանակվա թուրքական կառավարության մտադրված եւ ծրագրված քաղաքականությունն էր», որը լիուլի համապատասխանում է ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին:
«Իսրայելի դեսպանը նվաստացուցիչ աստիճանի ապատեղեկացված է նաեւ Գազայի իրադարձությունների վերաբերյալ: Այնտեղ «Համասն» է, որ ահաբեկչական գործողություններ է ծավալում, իսկ Իսրայելը պարզապես պաշտպանվում է ցեղասպանական արարքներ հրահրողներից: «Համասի» օգտագործած «Գրադ» տիպի հրթիռները մատակարարվել են Իրանից, որը երդվել է աշխարհի երեսից սրբել Իսրայելի պետությունը», այնուհետեւ գրել են միջազգային ճանաչման արժանացած հրեա ցեղասպանագետները, նամակի վերջում նշելով, որ ինչքան էլ Թուրքիայի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունենան Իսրայելի համար, չարժե հրապարակային շողոքորթական հայտարարություններ անել եւ մասնակից դառնալ ցեղասպանական ժխտումներին:
Հ. Ծ.

No comments: