Հայտարարում է Ադրբեջանի նախագահը եւ ստեղծում հակասությունների հավելյալ պաշար Թուրքիայի հետ
Մարտի 4-ին, երբ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը Մարտակերտի շփման գծում գրոհում էր հայկական դիրքերի վրա, գրավում պաշտպանական հենակետերից մեկը, ապա հետ շպրտվում եւ փախուստի դիմում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Խանլարում հայտարարում է. «Ինչ գնով էլ լինի, վերականգնելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Նրա հայտարարությանն արձագանքել էր թուրքական հանրային հեռուստատեսությունը: Ըստ MSNBC-ի, նույն օրը Իլհամը վերադարձել է Բաքու, որտեղ ասել է, թե բոլորովին վերջերս անկախություն հռչակած Կոսովոն ոգեւորել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Հիշեցնենք, որ նախադեպի հանգամանքը խիստ զայրացրել է Ադրբեջանին, ինչի հետեւանքով Միլի Մեջլիսն ի նշան բողոքի որոշում է ընդունել Կոսովոյից դուրս բերել խաղաղարար միջազգային ուժերի կազմում ծառայող ադրբեջանական 33 հոգանոց ջոկատը:
Հատկանշական է, որ Թուրքիան, ելնելով «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» համար նախադեպ ստեղծելու հեռանկարից, ողջունել էր Կոսովոյի անկախությունը, ճանաչելով անհապաղ: Այլ կերպ, որքան էլ Ադրբեջանն ու Թուրքիան համարվեն մեկ ազգի երկու առանձին պետություններ, ակնհայտ են նրանց տարաձայնություններն, ընդ որում ոչ միայն Կոսովոյի հարցում:
Հակառակ Թուրքիայի պահանջներին, Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», պատճառաբանելով, թե այդ դեպքում Եվրոմիության անդամ Հունաստանն էլ Կիպրոսի Հանրապետության հետ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մինչ Թուրքիան հարաբերությունները բարելավելիս մի շարք բնագավառներում սերտորեն համագործակցում է Սիրիայի եւ Իրանի պես Հայաստանին ավանդաբար բարեկամ երկրների հետ, Ադրբեջանը Սիրիայի հարցում հանդես է գալիս ամերիկյան դիրքերից, իսկ Իրանի առնչությամբ պատրաստակամություն է հայտնում, որ ստեղծման դեպքում կմիանա ԱՄՆ-ի նախաձեռնած հակաիրանական կոալիցիային:
Թուրքիան եւ Իրանը միանգամայն հակադիր դիրքերում են Միջերկրածովյան միության հարցում, որի ստեղծման շուրջը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն փոխհամաձայնության են եկել: Այս հակադրությունը, որի հիմքում ընկած են Միջերկրածովյան միության ստեղծման պարագային ԵՄ-ին անդամակցության հնարավորությունը կորցնելու Անկարայի մտավախություններն ու Եվրոինտեգրման Ադրբեջանի հաշվարկները, առավելապես պետք է արտահայտվի ՀՀ նախագահական ընտրությունների եւ հատկապես դրա արդյունքների նկատմամբ վերաբերմունքի հարցում:
Խոսքը տվյալ դեպքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին է, որը փետրվարի 21-ին Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահներից անմիջապես հետո Հայաստանի նախագահ ընտրվելու առնչությամբ թուրք ազգի եւ անձամբ իր անունից ոչ միայն շնորհավորել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, այլեւ բարեմաղթանքներ էր հայտնել հայ ժողովրդին: Քանի որ նույն օրն Ադրբեջանը նոտա էր ներկայացրել ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին եւ Եվրոխորհրդարանին՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները, ուստի Աբդուլլահ Գյուլի շնորհավորական ուղերձով Անկարան ոչ միայն անտեսում էր Բաքվի նոտան, այլեւ ցույց էր տալիս նոտայից բխող ՀՀ նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու ադրբեջանական պահանջի սնանկությունը:
Միաժամանակ նշենք, որ Թուրքիայի նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի նորընտիր նախագահին, Ադրբեջանի վերոհիշյալ պահանջի սնանկությունը ցույց տալուց բացի զսպաշապիկի ներգործություն է ունեցել թուրքական կենտրոնական թերթերի վրա: Այդ իսկ պատճառով դրանք հատ ու կենտ բացառությամբ մարտի 1-ի խժդժությունների եւ Մարտակերտում հայ-ադրբեջանական շփման գծում բախումների առնչությամբ առանձնակի ոգեւորություն չեն դրսեւորում:
Թուրքական թերթերն, ընդհանուր առմամբ, չեն փորձում նաեւ ուռճացնել տվյալները: Դրա վկայությունը երեւանյան խժդժություններում կատարված 8 սպանության եւ 30 ձերբակալության մասին կառավարամետ «Ենի շաֆաքի» գլխավորությամբ կենտրոնական թերթերի հրապարակած տվյալներն են: Նույնը պետք է ասել նաեւ թուրքական հանրային հեռուստատեսության մասին, որն, ինչպես «Ենի շաֆաքն» ու այլ թերթեր, բացառությամբ Ադրբեջանում հրատարակվող «Զամանի», Մարտակերտի շփման գծում տեղի ունեցած բախումների առնչությամբ տուրք չեն տալիս 12 հայ զինծառայողի սպանության վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական հայտարարություններին: Պարզապես դրանք կիսով չափ կրճատում են սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը, նշելով, որ նրանք 4-ն են, հայտնի է 3-ի անունը, ադրբեջանական կողմն առաջ է քաշում մեծ թվով հայերի սպանության վարկած:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment