Wednesday, March 05, 2008

«ԱՋ ՈՒԺԵՐԻ ԴԱՇԻՆՔՆ» ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Ովքե՞ր եւ ինչո՞ւ նախաձեռնեցին Հայաստանի նախկին նախագահի վերադարձը

Նախընտրական շրջանի մեր հրապարակումներից մեկում («Ինչո՞ւ Հայաստանի նախկին նախագահը Մոսկվա մեկնեց», «Ազգ», 15 փետրվարի, 2008) անդրադարձել էինք Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ օրերին Մոսկվա կատարած այցելությանը եւ դրա նպատակներին: Մասնավորապես նշել էինք, որ նախկին նախագահի նախընտրական շտաբի տարածած տեղեկությունները, թե նա իբր հանդիպել է այն ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ եւ նախագահի գլխավոր թեկնածու Դմիտրի Մեդվեդեւի հետ, հերքեցին հենց ռուսական պաշտոնական աղբյուրները: Նշել էինք նաեւ, որ այդ տեղեկությունը նախկին նախագահի հերթական բլեֆն էր եւ լիովին տեղավորվում էր ապատեղեկատվության տարածման նրա նախընտրական ռազմավարության մեջ:
Միաժամանակ, անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ նա հանդիպել է «Աջ ուժերի դաշինք» կոչվող ռուսաստանյան կուսակցության ներկայացուցիչ եւ Մոսկվայի հրեական համայնքի ղեկավար Լեոնիդ Գոսմանի հետ, այն միտքն էինք ընդգծել, որ չնայած ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, ե՛ւ Լեոնիդ Գոսմանը հերքել են այդ հանդիպման փաստը, այն, այնուամենայնիվ, կայացել է: Գաղտնիք չէ, որ «Աջ ուժերի դաշինք» կոչվող կուսակցությունը արեւմտյան շրջանակների եւ մասնավորապես տխրահռչակ օլիգարխ Բորիս Բերեզովսկու շահերն է ներկայացնում եւ Ռուսաստանի անհանդուրժողական ընդդիմությունն է: Պատահական չէինք համարել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կապը ռուսաստանյան վերոնշյալ ուժի եւ Ադրբեջանից Ռուսաստանը շրջանցելով էներգակիրների տեղափոխմամբ շահագրգռված շրջանակների հետ: Այն համոզմունքն էինք հայտնել, որ հենց այդ շրջանակներն են նախկին նախագահին «խաղի մեջ» մտցրել՝ Հայաստանի միջազգային վարկանիշը եւ դիրքերը թուլացնելու նպատակով: Ներկայումս, երբ արդեն բոլորս ենք ականատես հետընտրական զարգացումներին, երեւի թե այլեւս կասկածելու տեղ չկա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը հենց վերոնշյալ՝ Հայաստանը ապակայունացնելու եւ վարկանիշը գցելու նպատակով էր արված, ինչը, դժբախտաբար, տեղի ունեցավ: Սակայն ոչ միայն անմիջական արդյունքով, այլեւ հենց կոնկրետ իրադարձություններով հստակորեն երեւում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ակնհայտ կապը ռուսաստանյան «Աջ ուժերի դաշինք» կուսակցության հետ: Ինչի՞ մասին է խոսքը:
Հայաստանում հենց նախագահական ընտրությունների օրը ռուսաստանյան «Աջ ուժերի դաշինքի» ինտերնետային էջում (www.sps.ru) հայտնվում է ոչ այլ մեկի, այլ հենց այդ կուսակցության ղեկավար Նիկիտա Բելիխի «Այսօր Հայաստանում նախագահական ընտրություններ են» վերնագրով հոդվածը: Հոդվածը բացահայտ համակրանքով է լցված Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ հակակրանքով՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ներկայացնենք մի քանի դրվագներ այդ հրապարակումից:
Փորձելով արդարացնել Հայաստանի նախկին նախագահի կառավարման իսկապես մղձավանջային տարիները, Նիկտա Բելիխը հայտնագործում է, որ 90-ականները «ցուրտ ու սով էին գրեթե ամբողջ հետխորհրդային տարածքում», եւ դժգոհում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «խորհրդային ռեժիմին հաղթելու մասին» հայկական հեռուստատեսությամբ խոսք անգամ չի ասվում: Միաժամանակ «Աջ ուժերի դաշինքի» ղեկավարը նեղսրտում է, ասելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին Հայաստանի իշխանությունները մեղադրում են, որ նա ցանկանում էր «հանձնել» Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, մինչդեռ, ըստ Նիկիտա Բելիխի խիստ քնքուշ մենկաբանության, «նախկին նախագահը նախատեսում էր 1998-ին ստորագրել հակամարտության կարգավորման փուլային համաձայնագիր Ադրբեջանի հետ»:
Ելնելով վերոնշյալից, կարիք կա հարցնելու, թե ինչո՞ւ էր հենց հայաստանյան ընտրությունների օրը վերոնշյալ ռուսաստանյան քաղաքական ուժի ղեկավարն անձամբ, այդպես ջանասիրաբար շտապել արձագանքելու հայաստանյան ընտրություններին, կամ կարելի է կասկածել նախընտրական շրջանում այդ կուսակցության ներկայացուցչի հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման փաստի առկայությանը: Այս ամենը բացահայտում է, թե ում շահերն է արտահայտում Հայաստանում Տեր-Պետրոսյանը, որտեղից է գալիս նրա վերադարձը քաղաքականություն եւ որ շրջանակներն են աջակցում նրան:
Ինչ վերաբերում է մարտի 2-ի նախագահական ընտրություններին եւ դրան հաջորդած ռուսաստանյան այս նույն ուժի՝ «Աջ ուժերի դաշինքի» եւ նույն Նիկիտա Բելիխի կազմակերպած բողոքի ցույցին, ապա դա վերջնականապես պայթեցնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի այն օրերին փչած փուչիկը՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ իբր նրա հանդիպման մասին: Ինչպե՞ս կարող էր Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին, երբ վերջինս հանդիպում եւ աջակցություն է ստանում իրեն արմատապես ընդդիմադիր «Աջ ուժերի դաշինքի» եւ նրա հովանավորողների հետ: Ի դեպ, նույն «Աջ ուժերի դաշինքի» ինտերնետային էջում ամիսներ շարունակ տեղադրված էր Դմիտրի Մեդվեդեւի նկարը եւ կոչ էր արվում ռուսաստանցիներին չմասնակցել նախագահական ընտրություններին, որը բնորոշվում էր որպես «ֆարս»: Բացի այդ, Ռուսաստանի նախագահի ընտրությունների հաջորդ օրը, նույն Նիկիտա Բելիխին, չարտոնված հանրահավաք անցկացնելու համար Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալեց:
Ասվածին մնում է ավելացնել, որ արդեն ծիծաղելի է ռուսաստանյան թերթերից մեկին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտությունը, թե ինքը չի կարող բացահայտել Ռուսաստանում իր հանդիպումների գաղտնիությունը: Այդ ամենն այնքան բացահայտ է: Մնում է միայն ծանոթանալ տեղի ունեցող իրադարձություններին եւ առկա հրապարակումներին, ինչը եւ ներկայացրինք:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

No comments: