Wednesday, March 05, 2008

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԴՎԶՈՒՄԸ

«Սարսափի տարիների վերականգնման ցնորք, Հայաստանի առաջին նախագահի ահաբեկչական պլանները» վերնագրով Լեւոն Տեր-Պետրոսյանին հղած իր նամակում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը անդրադառնում է «Ռեգնում» գործակալությանը նրա տված ասուլիսին՝ անելով դրանից բխող եզրահանգումներ: Նա մեջբերում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները «շեշտակիորեն բարելավելու» Տեր-Պետրոսյանի առաջարկը, ընդգծելով, որ դրան կարելի է հասնել միմիայն տարածքային կորուստների ու ցեղասպանությունից հրաժարվելու ճանապարհով՝ «Հասկանալի է, որ դուք արյուն չեք թափել այդ սուրբ հողակտորի ազատագրման համար, բայց գոնե հարգեք հայ ժողովրդի որդիների թափած արյունն ու մեկընդմիշտ հրաժարվեք ձեր հայրենադավ գործունեությունից»: Երեւանի ժուռնալիստների միությունում երեկ նա ընթերցեց եւս մեկ նամակ՝ հասցեագրված «Ժառանգություն» կուսակցության Րաֆֆի Հովհաննիսյանին, որը Թուրքիայի նախագահին ուղարկած շնորհավորական ուղերձում ցեղասպանություն բառի փոխարեն գործածել էր հայրենազրկում կամ մեծ տեղահանություն բառը: Ըստ Գրիգորյանի, դրանով Րաֆֆի Հովհաննիսյանը ոչնչացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար տարված տարիների աշխատանքը, իմաստազրկել է 2 տասնյակից ավելի երկրների խորհրդարաններում ընդունված բանաձեւերը: «Անկասկած, Հովհաննիսյանը լիովին քաջատեղյակ է ցեղասպանություն բառի քաղաքական արժեքին: Չէ՞ որ Թուրքիան պատրաստ է առատորեն վճարել, որ հայերը ցեղասպանություն բառը փոխարինեն մեկ ուրիշ բառով: Սլովակիայում Թուրքիայի դեսպանը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի հանվի Բրատիսլավայի կենտրոնում տեղադրված խաչքարը, իսկ ցեղասպանություն բառի փոխարեն գործածվի մեկ այլ բառ»:
Ռ. Պ.

No comments: