Wednesday, April 30, 2008

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Անտեսելով թուրք մասոնների եւ Մարսելում Թուրքիայի հյուպատոսի թախանձագին խնդրանքը

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում ֆրանսահայերի նախաձեռնությամբ կազմակերպված Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման հանրահավաքին Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեի մասնակցությունն ու առավել եւս ժխտողականության համար թուրքական իշխանություններին դատապարտող խիստ ելույթը ծանր կացության մեջ էին դրել թուրք մասոններին: Ելույթի առնչությամբ հատկապես անհանգստացել էր Թուրքիայի ազատ մասոնների մեծ օթյակը, որովհետեւ ներկայացնում է ֆրանսիական դպրոցը, իսկ մյուսը՝ Թուրքիայի ազատ եւ ընդունված մասոնների մեծ օթյակը, առանց այդ էլ խճճված է ներքին խնդիրներով: Ավելին, երկու տարի առաջ այցելելով Թուրքիա՝ «երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու» պահանջով, մեծ վարպետը դիմել է հենց ֆրանսիական դպրոցը ներկայացնող օթյակին:

«Ազգը» ապրիլի 18-ի եւ 26-ի համարներում անդրադարձել էր Ֆրանսիայի մասոնների մեծ վարպետ Քիյարդեի ինչպես Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու նախաձեռնությանը, այնպես էլ Փարիզի Կոմիտասի արձանի առջեւ ունեցած ելույթին: Պարզվում է, մեծ վարպետի այդ ելույթը որոշված է եղել վաղօրոք: Այդ հարցը նույնիսկ որպես օրակարգի խնդիր քննարկվել է ապրիլի 17-19-ին Մարսելում գումարված «Միջերկրականի մասոնական միության» խորհրդաժողովում, որտեղ Թուրքիայի ազատ մասոնների մեծ օթյակի մեծ վարպետ Մեթին Անսենի տեղակալները Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեին մեկ անգամ եւս խնդրել են, որ ապրիլի 24-ին ելույթ չունենա, սակայն նրանց խնդրանքը կտրականապես մերժվել է: Մեծ վարպետը խնդրանքի համար հանդիմանել է նաեւ խորհրդաժողովի մասնակից թուրք մասոններին:

Ավելին, «Միջերկրականի մասոնական միության» խորհրդաժողովի ավարտին տրված հանդիսավոր ճաշկերույթին թուրք մասոնները հրավիրել են Մարսելում Թուրքիայի հյուպատոս Օզեր Այդանին եւ այնպես են դասավորել, որ նա սեղան նստի մեծ վարպետ Քիյարդեի կողքին: Հյուպատոսը, ինչպես ապրիլի 28-ի համարում նշել է «Զաման» թերթը, ճաշկերույթի ողջ ընթացքում մեծ վարպետին բացատրել է, թե Թուրքիան որքան զգայուն է Հայոց ցեղասպանության հարցում, փորձելով համոզել նրան, որ հրաժարվի ապրիլի 24-ին Փարիզում նախատեսվող ելույթից:

Ճաշկերույթից հետո Մարսելում թուրք մասոնները նույնիսկ հայտարարել են, որ մեծ վարպետ Քիյարդեն կմասնակցի Մեծ եղեռնը խորհրդանշող Կոմիտասի արձանի մոտ նախատեսվող միջոցառմանը, առանց ելույթ ունենալու, սակայն՝ ապարդյուն: «Զամանի» վկայությամբ, Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետը ապրիլի 24-ին Փարիզում ոչ միայն ելույթ է ունեցել, այլեւ ելույթը սկսել է «Ես էլ եմ հայ» արտահայտությամբ եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը ամեն կերպ աջակցելու խոստում տվել հայերին:

«Զամանը» կենտրոնական թերթ է: Սակայն Թուրքիայում հրատարակվում են նաեւ այլ խոշոր թերթեր, որոնք ոչ պակաս կենտրոնական են: Հատկանշական է, որ դրանցից ոչ մեկը չի անդրադառնում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն էլ Թուրքիայում, նպաստելու Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեի նախաձեռնությանը, ոչ էլ հայերին տված խոստումի առնչությամբ փորձում են քննադատել նրան: Մինչդեռ Քիյարդեն սովորական գործիչ չէ, ունի իր խոստումը կատարելու լայն հնարավորություններ, որոնց օգտագործումը Ցեղասպանության հարցում անկյուն է խցկելու Թուրքիային

No comments: