Tuesday, April 29, 2008

ՍՊԱՌՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԸ

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտող գիտնականներին միանում են հասարակական կազմակերպություններ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը սպառման եզրին է կանգնեցրել թուրքական ժխտողականության դիրքերը: Թեեւ Թուրքիայի իշխանությունները ժխտողականությունից չեն հրաժարվում, սակայն ճանաչման գործընթացի ծավալումը կասեցնելու հրամայականով անընդմեջ դիմում են անհեռանկարային հակաքայլերի: Այս պայմաններում «հայկական բանաձեւերի» չեզոքացումը որպես առաջնահերթ խնդիր, անընդմեջ զբաղեցնում է Անկարայի քաղաքական օրակարգը, որը նպաստում է Հայոց ցեղասպանության հարցի ակտիվ արծարծմանը երկրում: Վերարծարծման պայմաններում, ինչ խոսք, աճում է հարցի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը, իսկ դա նախադրյալներ է ստեղծում, որ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում դատապարտող առանձին թուրք գիտնականներին միանան նաեւ թուրքական հասարակական որոշ կազմակերպություններ:

Կազմակերպությունների պարագայում խոսքն առաջին հերթին վերաբերում է Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղին, որը Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման օրը կազմակերպել էր սեմինար «Ի՞նչ տեղի ունեցավ ապրիլի 24-ին» թեմայով: «Ազգը» ապրիլի 23-ի համարում տեղեկացնելով այդ մասին, նշել էր, որ սեմինարը կազմակերպվում է Ստամբուլի Բիլգի համալսարանում, աշխատանքներին կմասնակցի նաեւ Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը:

Լոնդոնաբնակ մեր հայրենակիցը սեմինարի ելույթում, ինչպես նշել են «Միլիեթն» ու «Ռադիկալը», ասել է. «Ապրիլի 24-ը «Իթթիհադ վե Թերաքքի» կուսակցության քաղաքական դավադրությունն էր, որը Անատոլիայի հայերի բնաջնջման սկզբնավորումն էր»: Սեմինարը բացել է Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Գյուլսերեն Յոլերին: Նա, արձանագրելով այն փաստը, որ առ այսօր Թուրքիան չի ճանաչում հայերի ցեղասպանությունը, ոչ էլ իշխանություններն են հնարավորություն տալիս հարցի քննարկմանը, քննադատել է ժխտողականությունը:

Մարդու իրավունքների միության նախկին փոխնախագահ Էրեն Քեսքինը ավելացրել է. «Մարդիկ չկարողացան ապրել հայրենի հողում, ոչ էլ այնտեղ մեռան: Միմյանց հետ թշնամացրին քրդին, թուրքին, հային, հույնին, որոնք դրկից հարեւաններ էին: Հարատեւում է իթթիհադական մտայնությունը: Առանց վերաքննելու «Իթթիհադ վե Թերաքքիի», «Թեշքիլաթ-ը Մահսուսայի», «Էրգենեքոնի» գործունեությունը առաջ գնալ չենք կարող»:

Հայտնի հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն նշել է, որ ապրիլի 24-ը նախադեպ էր մեր ժամանակներում այլ մտավորականների ձերբակալության համար, ապա եւ շարունակել է. «Երկրում կա տեսանելի եւ անտեսանելի պետություն, առկա է նաեւ «Թեշքիլաթ-ը Մահսուսան», դեռեւս գործում են օսմանյան պետական ծառայողները, որոնք չեն համակերպվում արդի պայմաններին: Մեր հասարակությունը ի վիճակի է համերաշխության հասնել, միայն թե իշխանությունները ստվեր չգցեն»:

Զեկուցողները, ըստ վերոհիշյալ թերթերի, ելույթ են ունեցել ավելի քան 300 հոգանոց լսարանի առջեւ: Թեեւ մասնակիցների ապահովության համար թուրքական ոստիկանությունը խիստ միջոցառումներ է կիրառել, այնուամենայնիվ սեմինարի աշխատանքները խանգարելու լուրջ փորձեր հավանաբար չեն եղել, այլապես մամուլը կարձագանքեր:

Խնդրո առարկա երկրորդ կազմակերպությունը «Առերեսում» միությունն է, որը ապրիլի 24-ին տարածել է «Մեծ եղեռն» վերնագրով հաղորդագրություն: Ի դեպ, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը «Հայլուր» ծրագրով անդրադարձավ հաղորդագրությանը: Այդ իսկ պատճառով կարելի էր, իհարկե, խուսափել կրկնությունից, եթե «Առերեսում» միության նախագահ Ջաֆեր Սոլգունի ստորագրությամբ այդ հաղորդագրությունը չուղարկվեր «Ազգի» խմբագրություն:

Հաղորդագրության մեջ խստագույնս դատապարտվում է Թուրքիայի ժխտողականության պետական քաղաքականությունը, նշվում է, որ անկախ 1915-ի իրադարձությունների բնութագրումից, մի ամբողջ ժողովուրդ անխնա բնաջնջվել է, որի հետքն անգամ չի մնացել աշխարհագրական տվյալ միջավայրում, ապա եւ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության հարցին, ընդգծելով. «Այս հարցը որեւէ առնչություն չունի «հողային պահանջի», «անջատողականության» կամ մեր ազգին «վիրավորելու» հետ: Դա մարդկության դեմ կատարված հանցագործության նկատմամբ խղճի դրսեւորման եւ արժանապատիվ կեցվածքի հարց է: Դա եղբայրական բարեկամ ժողովրդին պետության եւ թուրք ազգի անունից անկեղծորեն վշտակցելու եւ կատարվածի համար ոչ թե «ձեւական», այլ սրտանց ներողություն խնդրելու հարց է: «Առերեսում» միությունը սրտանց վշտակցում է հայ ժողովրդին եւ ժխտողականության անիծումը համարում է մարդկային պարտք»:

Ապրիլի 24-ին Ալի Էրթեմի եւ Բյուլենթ Գյուլի ստորագրությամբ տարածած հաղորդագրությունը «Ազգի» խմբագրություն է ուղարկել նաեւ Ֆրանկֆուրտում գործող «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը, որի վերջին 10 տարիներում ավանդույթ դարձած ներկայությունն այս տարի Մեծ եղեռնի հուշահամալիրում ապահովեց գերմանաբնակ գրող, հրատարակիչ Ռեջեփ Մարաշլըն, մատուցելով հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: