Thursday, April 10, 2008
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ Հայաստանում փակվեց մի ժամանակաշրջան եւ բացվեց նորը: Ինչ է բերելու այդ նորը` գուցե շատ ենթադրելու բան կա, եւ դրա համար` առատ նյութ, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը երդմնառությունից մի պահ հետո արդեն այդ նորի շեշտադրումները կրում էր:
«Ես գիտակցում եմ, որ ստանձնել եմ հսկայական պատասխանատվություն, գիտեմ, որ լինելու եմ այն մարդը, ում պատասխանատու եք համարելու ամեն ինչի համար: Ես երաշխավորում եմ, որ այդ պատասխանատվությունից չեմ խուսափելու... Ես այդ պատասխանատվության չափը գիտակցում եմ հիմա ու գիտակցելու եմ առաջիկա հինգ տարիներին, յուրաքանչյուր օր: Ես պատվով եմ կրելու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների նախագահը լինելու պատասխանատվությունը»: Վերջին միտքը մենք ուզում էինք լսել ե՛ւ 1996-ին, ե՛ւ 2003-ին, երբ Հայաստանում քաղաքական բեւեռացում կար, երբ հասարակությունն էլի բանակների էր բաժանվել. երդվող նախագահները պետք է հավաստիացումներ տային երկու բանակներին էլ, սակայն առաջինի դեպքում դա չհնչեց, երկրորդի դեպքում՝ հնչեց մասամբ: Երեւի էվոլյուցիան իր աստիճանական վարքագիծն այս դեպքում իսկապես դրսեւորեց` երկրի նոր նախագահը պահ անգամ չվարանեց ասելու բաներ, որոնք, այո, նրանից սպասում էին, բայց նաեւ ամեն ոք չէր կարող մի քայլ հետ գնալ, մի շյուղ այն կողմ դնել նախագահի պաշտոնի բարձր նշաձողից եւ դրանք արտասանել: Այո, այս բանը մենք սպասում էինք լսել երկրի նախագահից, քանի որ այս պահին բոլորին դիմելու, ողջ հասարակության, անգամ իրեն չընտրած հատվածի համար ե՛ւ պատասխանատվություն ստանձնելու, ե՛ւ հոգածության կարիքը կա, եւ նոր նախագահը չտատանվեց դիմել բոլորին, թեեւ մեկ ամիս առաջ դառնություն ու ցավ էր զգացել նույն ժողովրդի ինչ-որ հատվածի հնչեցրած ինչ-որ որակումներից. «Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք իրավունք ունեիք քվեարկելու ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինելու ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կո՛չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը»:
Փոփոխությունների հրամայականը, փոփոխություններին հասարակության սպասումը եւս արտացոլվեց նախագահի ելույթում. «Այսօր ես փոփոխությունների կոչ եմ անում, եւ մենք կրկին ազդարարում ենք փոփոխությունների նոր սկիզբը: Յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի փոփոխությունները սկսել հենց իրենից»: Մնում է, որ սրանք չմնան լոկ խոսքեր եւ իրենց արտացոլումը գտնեն նախագահի հենց առաջին հրամանագրերում:
Ս. Սարգսյանը մի քայլ էլ առաջ դրեց այս բոլորից դեպի իր ընդդիմախոսներն` ասելով. «Չնայած այս նախընտրական արշավը սուր էր ու զերծ չէր անգամ վիրավորանքներից, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընդդիմախոսներին` պայքարի համար, առանձնակի շնորհակալությունս ուղղելով նրանց, ովքեր արժանապատվորեն ընդունեցին իրենց պարտությունը, նրանց, ովքեր սեղմեցին համագործակցության համար պարզված ձեռքը, ընդունելով միասին համախմբված Հայաստանի Հանրապետությունը շենացնելու առաջարկը»: Այսինքն` անկախ նրանից, թե ինչպիսի անձնական հատկանիշներ ու որակներ ունի նոր նախագահը` նա հասկանալ է տալիս ի սկզբանե, որ բարձր պաշտոնը պարտադրում է իրեն վեր լինել մարդկային ու անձնական ամեն տեսակ նեղացածություններից, ամբիցիաներից եւ մանրախնդրությունից ու գործել բացառապես երկրի շահերից ելնելով: Էլի հուսանք, որ սա լոկ խոսք չի լինելու` ասված հանդիսավորության պարտադրանքով եւ տարբեր միջազգային կառույցներից ներկա ուշադիր ականջների առկայության պատճառով:
Իսկ ո՞ր հայի ականջին հաճո չէ այսպիսի խոստումներ լսելը, այն էլ հրապարակային եւ ի տես ամբողջ աշխարհի. «Կառուցելու ենք այն Հայաստանը, որը կմիավորի համայն հայությանը, այնպիսի Հայաստան, որը կլինի բոլոր հայերի հայրենիքը»: Էլի խոստում չմնալու հույս փայփայենք: Ս. Սարգսյանը նաեւ պատգամներ ուղարկեց քաղաքական բոլոր ուժերին. «Ես համագործակցության եզրեր եմ փնտրելու բոլոր քաղաքական ուժերի հետ: Իմ ջանքերն ուղղված են լինելու համազգային նպատակների իրագործմանը, սերունդների միջեւ կապն առավել ամրապնդելուն, տարբեր սոցիալական խմբերի շահերը համատեղելուն, ազգային փոքրամասնությունների ու հայապահպանության խնդիրներին»: Տա Աստված: Այս մի խոստումի համար տասնապատիկ ջանք է պետք թափել` սա ե՛ւ եթերային քաղաքականությունն է ներառում, ե՛ւ նոր, կրթված սերնդի դաստիարակումը, ե՛ւ մեծ միջոցների ներդրումը` բարձրարժեք նախագծեր իրականացնելով եւ մտավորականության հանդեպ հասարակության վերաբերմունքն իրապես փոխելով. «Ես խրախուսելու եմ մտավորականության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը մեր երկրում», խոսքն այս խոստմանն է վերաբերում:
Սերժ Սարգսյանը չշրջանցեց մարտի 1-ի թեման, եւ դա, կարծում ենք, նրա օգտին է խոսում:
«Այս արարողությունը տեղի է ունենում ցավալի իրադարձություններից շուրջ մեկ ամիս անց, իրադարձություններ, որոնց թողած վերքերը դեռ թարմ են: Այդ վերքերը բոլորիս ցավ ու դառնություն պատճառեցին: Այսօր ես հորդորում եմ առաջ նայել, միասնաբար փնտրել ու գտնել ապաքինման ու համախմբման ճանապարհը, վաղվա Հայաստանի զարգացման ճանապարհը: Ես համոզված եմ, որ մենք չենք կարողանա ունենալ իրական ու շոշափելի հաջողություններ ապագայում, եթե չսերտենք անցյալի դասերը: Տեղի ունեցածը բոլորիս համար պետք է զգոնության ու սթափության դաս լինի, պետք է բոլորիս ստիպի աշխատել կրկնակի եռանդով ու նվիրումով»:
Ահա այսպիսի ելույթն իսկապես փոփոխությունների սկիզբ ազդարարող ելույթ է, չի կարող մեկն այսպես խոսել, սակայն շատ բան չփոխել երկրում, պարտավորված է պարզապես: Իսկ փոփոխություններն անհրաժեշտ են այս պահին օդի ու ջրի պես. նախ ներսի` հասարակության ու երկրի զարգացման համար, ու նաեւ` դրսի, քանի որ Հայաստանը կղզի չէ, այլ գլոբալ աշխարհի մի կարեւոր բաղկացուցիչը:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment