Thursday, April 10, 2008
ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄԵՋ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԷՐ
Վիկտոր Համբարձումյանի կտակից
Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:
Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ:
29.08.1994
Մայրենին ամեն ինչից վեր դասելու մեծերին բնորոշ այս մոտեցումն ավելի ազդու է դառնում, երբ այցելում ես Բյուրական, շրջում աշխարհահռչակ աստղագետի՝ թանգարան դարձած տանը, նստում իր իսկ ստեղծած եդեմական այգում: Լորենիների եւ սոճիների շվաքի տակ, կարմիր բռինչի հյութեղ ու բարբարիսի կիսաչոր պտուղները համտեսելիս երանելի զգացողություն ես ունենում, ասես հայտնվել ես Հայաստան աշխարհի այն անկյունում, ուր հասկացել ու սրբորեն պահպանել են տիեզերքի օրենքներն ու պատգամները՝ երկրային կյանքը դարձնելով դրախտավայր:
Իր կառուցած առանձնատանը Վիկտոր Համբարձումյանն ապրել է 46 տարի՝ գեղեցկուհի կնոջ՝ Վերա Ֆեոդորովնայի եւ 4 զավակների հետ: Նրա կենսագրությանը ծանոթանալիս առաջին հերթին հիանում ես հոր՝ Համազասպ Համբարձումյանի լայնախոհ կերպարով՝ բանաստեղծ, հին հունարենի մասնագետ, իր կյանքի մեծագույն ժամանակը նվիրած հույն պատմիչների բնագրերի թարգմանությանը:
Համբարձումյանների տոհմը սերում է Արեւմտյան Հայաստանից՝ Բայազետի Դիադին քաղաքում ծնված մահտեսի Համբարձումից: Դիադինում նրանք ապրել են մինչեւ 1828 թ. ռուս-թուրքական պատերազմը, որին հետեւած հայության բռնագաղթի ժամանակ եկել հասել են Սեւանի ավազան ու բնակվել Վարդենիսում, որտեղ էլ ծնվել է Համազասպ Համբարձումյանը, որը տարիներ անց պիտի հրաշալի կրթություն ստանար Թիֆլիսում, հենց այնտեղ էլ 1908-ին պիտի լույս աշխարհ գար որդին՝ Վիկտոր Համաբարձումյանը եւ համաշխարհային գիտության մեջ իրենով ճանաչելի դարձներ հայ ժողովրդին:
Երեք տարեկան հասակում նա արդեն տարբերվում է հասակակիցներից՝ աչքի ընկնելով հորից իրեն փոխանցված գիտության հանդեպ անհագ սիրով: Հայրը մեծ ուշադրություն է դարձնում նրա կրթությանը, ձգտելով բավարարել նրա հետաքրքրասիրությունը: 9-ամյա որդին սկսում է զբաղվել գիտությամբ, իսկ 11 տարեկանից՝ աստղագիտությամբ: Այդ տարիքում նա արդեն հայտնի էր որպես փոքրիկ գիտնական. 15 տարեկանում հարաբերականության տեսության մասին դասախոսություն էր կարդում պետհամալսարանում, նա այն հազվագյուտ ուսանողն էր, որը համալսարանն ավարտեց միջազգային ճանաչում ունեցող գիտնական դարձած:
Լենինգրադի Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրան 1928-ին ավարտելուց հետո այնտեղ ծավալում է գիտակրթական գործունեություն, սակայն Հայրենական պատերազմի տարիներին տեղափոխվում է բնակվելու Ելաբուգայում, որտեղից էլ 1943-ին վերադառնում է Հայաստան: 1946-ին հիմնում է Բյուրականի աստղադիտարանը, սկզբում ապրում է գյուղում, հետո՝ գիտնականների համար կառուցված ժամանակավոր կացարանում: Առանձնատունը կառուցելու հնարավորություն է ունենում Ստալինյան 2-րդ մրցանակը ստանալուց հետո:
Բնության ու գիտության հանդեպ տիեզերական սիրով օժտված Համբարձումյանն ուսումնասիրում է տիեզերքի խորհուրդները, ճանաչում անիմանալին, անանձնականը միախառնում անձնականին, սիրում ու սիրվում գեղեցկուհի կնոջից, որի հետ ամուսնանում է 24 տարեկանում, նրա հետ սիրո հարկի տակ ապրում են 63 տարի, աշխարհ բերում սիրո 4 պտուղ՝ 2 դուստր եւ 2 ուստր: Բոլորը դառնում են գիտնականներ՝ մաթեմատիկոսներ ու ֆիզիկոսներ, այդ բնագավառներում հասնում են հաջողության ու ճանաչման: Միջնեկ զավակները՝ Հեղինեն ու Ռաֆայելը բնակվում են Մոսկվայում, իսկ ավագն ու կրտսերը՝ Հայաստանում, Կարինեն ապրում է Աշտարակում, Ռուբենը՝ Երեւանում:
Համբարձումյանի մահից հետո՝ 1996-ից Բյուրականի նրա տունը դարձել է թանգարան, ուր ամեն ինչ պահպանվել է ճիշտ այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին, թերեւս մասնակի փոփոխություններով:
Տուն-թանգարանի պատերին նրա մանկության ու պատանեկության, ընտանեկան եւ աշխատանքային լուսանկարներն են, նաեւ սերունդներին թողած պատգամներն ու պատվիրանները, որոնք ամփոփված են կյանքի վերջին տարիներին գրած «Կտակում»:
Համբարձումյանի մասին հետաքրքրական պատմություններ է պատմում թանգարանի տնօրեն, աստղագետ Գրիգոր Բրուտյանը. «Դեռեւս խորհրդային տարիներին նա եղել է միջազգային աստղագիտության նախագահ, բոլոր երկրների ակադեմիաների անդամ, ստացել է իր ժամանակաշրջանի հեղինակավոր բոլոր մրցանակները, սակայն Երեւանի պետհամալսարանի վկայականը ստացել է ավարտելուց 50 տարի անց: Սա բացառիկ դեպք է պատմության մեջ: Իմացել է 7 լեզու՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, կիսով չափ ֆրանսերեն ու վրացերեն: Սակայն այդ 7-ը պայմանական պետք է համարել, որովհետեւ նրա տանը պահվել է հոլանդերեն, նորվեգերեն, շվեդերեն, հունարեն լեզուներով գիտական գրականություն՝ գրքերի լուսանցքներում արված նշումներով: Բնական է, որ ինքն է արել: Ունեցել է նշյալ լեզուների բառարաններ, իսկ դա նշանակում է, որ Համբարձումյանն իմացել է եւս 7 լեզու:
Նրա տպագիր աշխատանքների ցանկը բավականին ընդարձակ է՝ հազարից ավելի, մաթեմատիկայի, կենսական ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի վերաբերյալ: Նա եղել է բոլոր ժամանակների մեծագույն աստղաֆիզիկոսը, աստղագիտության մեջ գիտական նոր աշխարհայացքի ձեւավորողը: Տիեզերքի մասին գիտական շատ պատկերացումներ նրան են պատկանում: Ապրել է պարզ կենցաղով, քնել է սովորական չոր թախտի վրա, գլուխը պատից մեկուսացնելու համար ստվարաթուղթ է փակցրել պատին, սափրվել է հորից մնացած սեղանի հայելու առջեւ: Տան կահույքի մի մասը նույնպես հայրիկից է մնացել: Երկրորդ հարկի պատշգամբից բացվում է սքանչելի տեսարան՝ Արարատն իր վեհաշուք պատկերով: Նրա ննջարանում պահվում է ամենատխուր բանը՝ գիպսե դիմակը, որը նրա մահվան հաջորդ օրը հանել է քանդակագործ Խաչիկ Իսկանդարյանը: Այստեղ է նաեւ այն բազկաթոռը, որի վրա հոգին ավանդել է մեծանուն գիտնականը»:
Թանգարան այցելողների թիվը տարեկան հասնում է մոտ 5 հազարի, թանգարանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ստորաբաժանումն է, չափազանց աղքատիկ ֆինանսավորմամբ, հաստիքների սահմանափակ թվով՝ ընդամենը 5: «Փաստացի ավելի շատ ենք աշխատում, որպեսզի գործը գլուխ բերենք: Ջանում ենք մեր միջոցներով եւ անձնական կապերով ստեղծել թանգարանի կայքէջը, դրանով հիմնականում զբաղվում են Համբարձումյանի զավակները: Հասկանալի է, որ առանց կայքէջի թանգարանը չի կարող միջազգային կապեր ստեղծել»:
Բրուտյանը խնամում է նաեւ Համբարձումյանի այգին՝ 6,5 հազար քմ, որը պատկանում է թանգարանին: «Մեզ համար ամենաթանկը Համբարձումյանի հիշատակն է, նրա պես հռչակավոր մարդը, հասկանալի է, իր տանը ոսկի ու թանկարժեք քարեր չէր պահի: Նրա մտքի թանկարժեք բեկորները պահպանվում են արխիվում, որից կարող է օգտվել ամեն ոք՝ հոգաբարձուների խորհրդի թույլտվությամբ, իհարկե` թանգարանից դուրս չտանելու պայմանով: Համբարձումյանի արխիվն արժեքավոր է թե՛ գիտական, թե՛ պատմական առումներով: Ցավոք, այս տարի չհասցրեցինք որեւէ գիրք հրատարակել՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: Ի վերջո, ամեն ինչ հանգում է դրան: Արխիվը դասակարգելու համար թանգարանը կարիք ունի նոր հաստիքների: Համազասպ Համբարձումյանի արխիվը նույնպես դասակարգված չէ, բոլոր գրությունները թղթապանակների մեջ են, ճիշտ այն վիճակում, ինչ ընտանիքի անդամները հանձնել են ակադեմիայի հիմնարար գրադարանին, որն էլ անցած տարի փոխանցեց մեզ: Սակայն ունենք պահպանության խնդիր, որովհետեւ թանգարանը ձմռանը չի ջեռուցվում: Հիմա հատուկ ծրագիր է պետք դրանցով հիմնովին զբաղվելու համար: Ցավոք, մեզանում գիտության հանդեպ հետաքրքրություն չկա, արխիվային նյութերը միայն աստղագիտության վերաբերյալ չեն, այլեւ հայագիտության: Վիկտոր Համբարձումյանը միայն աստղագետ չէր, նա մեր պատմության մի մասն էր: Զբաղեցրել է վարչական պաշտոններ, 50 տարի ղեկավարել է Հայաստանի գիտությունների ակադեմիան՝ 46 տարի որպես նախագահ, 4 տարի՝ փոխնախագահ: Նրա գործունեությունը կապված է նաեւ քաղաքական անցուդարձի հետ, հիշենք Արցախյան շարժման ժամանակ նրա ելույթները, հացադուլ հայտարարելը: Այդ ամենի մասին կան փաստաթղթեր, գրություններ, որոնք պետք է հետազոտել: Համբարձումյանի արխիվը հետազոտելը նշանակում է ուսումնասիրել մեր երեկվա ու 50 տարի առաջվա պատմությունը: Սա միայն աստղագիտության խնդիր չէ: Նրա արխիվը պահպանելու լավագույն ձեւը հետազոտելն ու հրատարակելն է», ասում է Բրուտյանը:
2003-ից ամեն տարի, Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ին, տուն-թանգարանում անցկացվում են համբարձումյանական ընթերցումներ: Մասնակիցները, մոտ 50 հոգի, նախ այցելում են նրա շիրմին, ապա հավաքվում թանգարանի այգում ստեղծված բացօթյա լսարանում՝ ունկնդրելու զեկուցումներ գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ: «Սկզբում զեկուցումները միայն աստղագիտության վերաբերյալ էին, բայց հետո մեր մոտեցումը փոխվեց, որոշեցինք ընդգրկել գիտության բոլոր ոլորտները, նաեւ հայագիտությունը՝ հաշվի առնելով Համբարձումյանի լայնածավալ գործունեությունը: Նրա ավանդներին հետեւելով` մեծ տեղ ենք տալիս հատկապես նորարարական աշխատանքներին, որոնք, կարելի է ասել, ամբողջովին ընդունված չեն գիտական հասարակության կողմից, բայց շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում եւ շատ կարեւոր են: 100-ամյակի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումների թվում կանցկացնենք նաեւ ընթերցումներ, իսկ եթե ծննդյան օրը տեղի ունենա հոբելյանական խոշոր միջոցառում, ընթերցումները կհետաձգենք հաջորդ օրերին: Տեսնենք, ինչպես կլինի»:
Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում իմ անցկացրած մոտ 5 ժամերն այնքան լեցուն էին ու հանգստաբեր, որ վերադառնալիս Երեւանն ինձ թվաց էլ ավելի անտանելի, բազմաժխոր եւ անդեմ: Երեւանյան ժխոր մտնելիս հասկացա, որ իմաստնությամբ եւ արվեստով լի Համբարձումյանի կյանքի հետ շփումը նման էր տիեզերքում լինելուն:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Բյուրական-Երեւան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment