Tuesday, April 15, 2008

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Իսրայելական «Ջեռուսալեմ փոստ» թերթի երեկվա համարում տպագրվել է «Հայոց ցեղասպանության նոր թանգարան» հոդվածը՝ Մերիլին Հենրիի հեղինակությամբ: Վերջինս անդրադարձել է ամերիկահայերի ջանքերով Վաշինգտոնում վերանորոգվող Հայոց ցեղասպանության թանգարանի շենքին, որի դռները հանրության առջեւ կբացվեն 2 տարի հետո: Թանգարանի մասին նրան մանրամասներ է հաղորդել պատմաբան, թանգարանի վերանորոգման նախագծի համակարգող Ռուբեն Ադալյանը, որն իր խոսքում շեշտել է ցեղասպանությունից փրկված հայերի հանդեպ ամերիկացիների երախտագիտության արժանի վերաբերմունքը, որի շնորհիվ նրանք հնարավորություն են ստացել նոր կյանք ստեղծելու եւ ազատ ու անվտանգ ապրելու: Իրենց անօրինակ մարդասիրությամբ աչքի ընկնողներից երեքը եղել են հրեա գործիչներ՝ դիվանագետ Հենրի Մորգենթաուն, գրող Ֆրանց Վերֆելն ու իրավագետ Ռաֆայել Լեմկինը: Հասկանալի է, որ Հայոց ցեղասպանության թանգարանն առանձնահատուկ տեղ կհատկացնի նրանց գործունեությունն ամբողջական ներկայացնելուն:

Հոդվածագիրը զրուցել է նաեւ Լոս Անջելեսի հրեական համալսարանի Հոլոքոսթի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Միքայել Բերենբաումի հետ, որը նաեւ Վաշինգտոնում Հոլոքոսթի թանգարանի մշտական ցուցադրությունների տնօրենն է. «Մ. Նահանգներում Հոլոքոսթի թանգարանը իրականում իր ուժերից վեր պարտականություն վերցրեց հրեաների պատմությունը պատմելու, կատարելով սոսկ մի երկու հիշատակում հայերի մասին եւ դրանով անկատար թողնելով հայկական ցուցադրություն բացելու հայերի զուր, թերեւս նաեւ անիրատեսական հույսերը»: Նա նաեւ հավելել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան մտնելիս հրեաներին պետք է մռայլ զգացումներ պատեն ամենից առաջ այն հարցից, թե ի՞նչ կպատահեր Հոլոքոսթի հիշատակի հետ, եթե Գերմանիան հերքեր իր կատարած ոճրագործությունը:

Շարունակելով իր զրույցը Ադալյանի հետ, հոդվածագիրը տեղեկացրել է, որ թանգարանում մեծ տեղ կհատկացվի հայ ժողովրդի մշակույթին եւ պատմությանը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղված դառը պայքարին, որը ցեղասպանության պատմության անքակտելի մասն է դարձել:

Հոդվածագիրն ուշագրավ մտքեր է արտահայտել Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերը գրեթե նույն օրերին նշելու հանգամանքի վերաբերյալ: «Շոայի օրը համապատասխանում է Մեծ եղեռնի հետ: Զոհերի հիշատակն այս տարի մենք կոգեկոչենք հայերից մեկ շաբաթ անց: Գիտենք, որ հայերը սպանվել են, դա հերքել նշանակում է նրանց սպանել երկրորդ անգամ: Եթե լռում ենք, դարձյալ սպանում ենք նրանց: Ինչպես համառորեն պահանջում ենք, որ Հոլոքոսթի հերքում տեղի չունենա, այնպես էլ պետք է պնդենք, որ չմերժվեն այլոց ցեղասպանությունները, այլապես մենք մեզ կնսեմացնենք ու կկորցնենք մեր ձեռք բերած բարոյական ազդեցությունը: Իսկ այդ հեղինակությունը ձեռք ենք բերել ոչ թե այն պատճառով, որ հրեաների համար հիշելը հրամայական է, այլ որովհետեւ Գերմանիան ընդունել է իր ոճիրները»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

No comments: