Wednesday, April 23, 2008

ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Հետընտրական ընդվզումների մասնակիցների հետ զրույցներում ինձ անհանգստացնում է նրանց համատարած անտարբերությունը երկրի ճակատագրի նկատմամբ: Եթե իրենց չի հաջողվել վերստին գալ իշխանության, ապա թող այն վերանա: Մեկին դիմեցի, թե ինչո՞ւ է տեսանյութեր ու այլ տեղեկություններ հաղորդում Բաքու, նա պատասխանեց. «Թող ադրբեջանցիները գան ու ժողովրդավարություն հաստատեն Հայաստանում»: Անմիջապես հիշեցի 1918-ին բոլշեւիկների քարոզարշավը հայկական բանակի շարքերում. «Մի՛ կռվեք թուրքական բանակի դեմ, քանի որ նրանք գալիս են ձեզ ազատելու դաշնակցականների ճիրաններից»: Ու հայ զինվորներից շատերը թողնում էին դիրքերը, հեռանում: Այդպես թշնամուն զիջեցինք մեր երկրի մեծ մասը: Այսօրվա հակապետական քարոզչության տեղեկատուներն արտակարգ իրավիճակի հաստատումից հետո տեղեկություններ էին հավաքում Երեւան մտցված զորքերի մասին ու տեղեկությունները հաղորդում Բաքու: Հենց Մատաղիսի գնդի մասին տեղեկությունն էլ հիմք դարձավ ադրբեջանական բանակի հրամանատարության համար, որ շտապ գործողություններ սկսեն Լեւոնարխի ուղղությամբ: Կարծում եմ, որ Ադրբեջանի լեւոնական հայ բարեկամները արջի ծառայություն մատուցեցին «Հայաստանում ժողովրդավարական կարգեր հաստատելու» հրավիրված ադրբեջանցի զինվորականներին:

Այս ամենից հետո էլ ես չեմ հավատում, նույնիսկ չեմ ուզում հավատալ այն լուրին, թե իբր երկրի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը նախընտրական օրերին Մոսկվայում հանդիպել է Ալիեւի ուղարկած մարդուն, նրանից ստացել 200 միլիոն դոլար, դրանից 150-ը ուղարկել է արտասահմանյան բանկերից մեկի իր հաշվին, մնացածը բերել Երեւան` հեղաշրջումը ֆինանսավորելու համար: Նույնիսկ կասեի, որ այս լուրը շատ նման է իր թիմակիցների կողմից հորինվող ու տարածվող տեղեկություններին: «Ամեն գնով դեմոկրատիա» ծրագրով զինված տղաները համացանցով հազարավոր նյութեր են ուղարկում միջազգային ատյաններին եւ ուրախանում, որ Հայաստանի վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերը սառեցվել են, որ Հայաստանի «հարցը» կքննարկվի Ստրասբուրգում, որ Բուշը չի շնորհավորել Ս. Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով, որ զբոսաշրջությունը երկրում մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով անկում է ապրում, տխրում են, որ ադրբեջանական բանակի գործողությունը Լեւոնարխում տապալվել է, որ ամերիկյան պետդեպարտամենտը հայաստանյան նախագահական ընտրությունները օրինական է ճանաչել, որ երկիրը ցնցումներից հետո աստիճանաբար խելքի է գալիս:

Սակայն Հայաստանի Հանրապետության համար ամենավտանգավոր հետեւանքը քաղաքական վերնախավի մեջ առաջացած ճեղքվածքն է, որի վերացման համար իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում: Հավանաբար, համապատասխան պետական մարմինները չգիտեն էլ, թե ինչ է «քաղաքական վերնախավի անվտանգություն» հասկացությունը:

Տեղեկատվական պատերազմում Հայաստանի Հանրապետությունը զգալիորեն զիջում է թուրք-ադրբեջանական միացյալ քարոզչությանը: Իսկ դրան չի կարող դիմակայել նույնիսկ ներքին հասարակական միակամ կարծիքը, ուր մնաց թե ներքին ճգնաժամի պայմաններում:

ՀՀ առաջին նախագահի ու նրա համախոհների գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նրա թիմը պետական կառույցներին գերազանցում էր տեղեկատվական-հոգեբանական պատերազմ վարելու, միջազգային ատյաններում իր նկատմամբ դրական կարծիք ձեւավորելու գործում: Զարմանալի է, որ առաջին նախագահն իր այս ունակություններով ժամանակին ամենեւին չփայլեց ադրբեջանական քարոզչության դեմ պայքարում: Ժամանակին նրա ստեղծած տեղեկատվության նախարարությունը լցվել էր գործից անտեղյակ մարդկանցով, ուստի եւ չգործեց: Ըստ երեւույթին, նախագահն էլ չէր ուզում, որ այն գործի: Իսկ ահա նրա թիմն այսօր պետական ապարատին բացարձակ գերազանցեց թե՛ ինտերնետում եւ թե՛ մամուլում` հասարակական երեւույթները գնահատելու եւ իր օգտին ծառայեցնելու կարողությամբ: Փաստորեն այն ողողված էր հակաիշխանական, կառավարության անդամներին վարկաբեկող տեղեկատվությամբ: Այս պայմաններում չկար ԶԼՄ-ների աշխատանքը համակարգող այն օղակը, որը կառներ ստահոդ լուրերի դեմը:

Երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը, ապակողմնորոշող լուրերի անարգել տարածումը ցույց են տալիս, որ ՀՀ-ում բացակայում է նախագահի եւ կառավարության` հակաճգնաժամային գործողությունների համակարգումը:

Իսկ երկրի ներսում ու դրսում հասարակական կարծիքը ՀՀ իշխանությունների օգտին չէ: Արդեն ի հայտ է գալիս, որ երկրորդ նախագահի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը պետք է լիներ ՀՀ օգտին միջազգային ու ներքին հասարակական դրական կարծիքի ձեւավորման համար համապատասխան համակարգի ստեղծումը: Իսկ ահա սովորական է դարձել երկրին պարտադրված տեղեկատվական-հոգեբանական պատերազմի բեռը ղեկավարի կողմից համապատասխան համակարգի ստեղծման փոխարեն անհատապես կրելը, որը անհնար է եւ խիստ վտանգավոր, քանի որ կարող է բերել լուրջ պարտության:

Հաճախ են մամուլում, հեռուստառադիոզրույցներում արտահայտում այն կարծիքը, թե իբր անհնար է երկխոսությունը: Ըստ իս, երկխոսություն միշտ էլ եղել է, միայն թե որ պահին` ինչ լեզվով, իրավիճակն է թելադրել: Նախընտրական շրջանում իրար հետ հեռակա կարգով «խոսում» էին ընտրողների հետ հանդիպումներում, հետընտրական օրերին կողմերն իրար հետ խոսում էին հանրահավաքային ելույթներով, ԶԼՄ-ների հրապարակումներով, մարտի մեկի գիշերը իրար հետ սկսեցին «խոսել» քարկոծելով (հիշեցնեմ, որ մարտի մեկին առաջին նախագահի «պայքար, պայքարում» «քարը» ամենակարեւոր տարրն էր համարվում ), կրակոցներով, հրկիզելով: Իսկ դեմ առ դեմ նստելու կարիքը պետք է հասունանա: Նման «բերքը» ժամանակից շուտ քաղելը սխալ կլիներ:

Անշուշտ, կան հասարակության մեջ որոշ երեւույթների մեղմացման միջոցներ, որոնք պետք է կիրառվեն հարմար պահերին: Երբ այդ պահերը բաց ես թողնում ու դրա փոխարեն կրկին մկաններ ես ցույց տալիս, միանգամայն հակառակ էֆեկտն է ստացվում: Այս պարագայում անհրաժեշտ է մշակել հասարակական անցանկալի երեւույթների կանխման կամ մեղմացման մեխանիզմներ:

Վերջերս խիստ թեժացել է թուրք-ադրբեջանական քարոզչական մեքենայի կողմից տեղեկատվական պատերազմը, որը, ըստ էության, օգտվելով ՀՀ ներքին քաղաքական ճգնաժամից, արդեն կիրառում է տեղեկատվական-հոգեբանական ահաբեկչություն: Այս պայմաններում խիստ վտանգված է նաեւ երկրի քաղաքական վերնախավը, ինչն էլ կապված է երկրի անվտանգության խնդրի հետ: Ինչպես երեւում է, բացակայում է վտանգի գնահատման ու պաշտպանական համակարգում անվտանգության միջոցների ձեռնարկումը: Համացանցում հայաստանյան լրատվամիջոցները զգալիորեն զիջում են ադրբեջանականին: Բաքվի պետական «Apa.az» ու հասարակական «Day.az» լրատվական գործակալությունները Հայաստանում մրցակիցներ չունեն: Եթե «Apa.az»-ը թարգմանվում է յոթ լեզուներով, ապա Արմենպրեսը` երեք: «Apa.az»-ը օրական այցելուների թվով մի քանի անգամ գերազանցում է Արմենպրեսին, էլ չեմ ասում աշխարհի տեղեկատվական այլ գործակալությունների հետ նյութերի փոխանակման հնարավորությունների մասին: «Day.az»-ը եւս ՀՀ-ում մրցակից չունի: Նույնիսկ հայաստանյան իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու համար շատերը դիմում են «Day.az»-ին: Լավ կազմակերպված տեղեկատվական համակարգով կարելի է շատ ավելի մեծ հաջողությունների հասնել, իսկ անտեսելու դեպքում երկիրը միշտ էլ կարող է փլուզման եզրին հայտնվել:

Հոգեբանական պաշտպանվածությանն անտեղյակ մարդիկ այն անհեթեթություն են համարում, բայց ահա այսօրվա վտանգավոր իրավիճակը ցույց է տալիս, թե ինչքան վտանգավոր է այս գործոնը անտեսելը: Լուրջ խնդիր է նաեւ քաղաքական վերնախավի հոգեբանական անվտանգության կազմակերպումը:

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, առաջարկում եմ հիմնել տեղեկատվական-վերլուծական բյուրո, որի կազմում պետք է ընդգրկել.

1. էլեկտրոնային ԶԼՄ-ների, համացանցի բաժին,

2. մամուլի եւ ռադիո-հեռուստատեսության բաժին,

3. պետական իշխանությունների, ուժային կառույցների եւ մարզերի հետ համագործակցության բաժին,

4. սփյուռքի եւ նրա ԶԼՄ-ի հետ համագործակցության բաժին,

5. վերլուծական կենտրոն:

Արտակարգ իրավիճակներում անհրաժեշտություն կա ստեղծելու արագ արձագանքման ջոկատ, քանի որ հաճախ անհրաժեշտ է լինում հակաքարոզչական հատուկ առաջադրանքներ իրականացնել:

Երկրորդ նախագահը հաջորդին ու նրա թիմին որպես ժառանգություն է թողել նաեւ հասարակության մեջ ու քաղաքական վերնախավում երկրի համար վտանգավոր ճեղքվածք: Նոր նախագահն ու նոր վարչապետը իրենց նոր թիմով կկարողանա՞ն ճիշտ քայլերով կանխել ներքին ու արտաքին թշնամիների ստեղծած վտանգները: Կարծում եմ, ելքերից մեկն էլ ճիշտ ընտրված կադրերով տեղեկատվական համակարգի ստեղծումն է:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

No comments: