Wednesday, April 23, 2008

ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԸ ՉԷ

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ռուսական մամուլում հրապարակվող նյութերի մեջ երեւում են մոտիվներ, որոնք նախկինում առանձնակի ուշադրության չէին արժանանում: Խոսքը վերաբերում է Իսրայելի եւ առհասարակ հրեաների կողմից մեր ազգային ողբերգությունը չընդունելուն: «Հրեաների ու հայերի զանգվածային ոչնչացման զոհերի հիշատակի օրերը շատ մոտ են իրար՝ ապրիլի 30-ին եւ 24-ին: Սակայն ցեղասպանության զոհ դարձած մի ժողովուրդը չի ուզում ճանաչել մյուսի ողբերգությունը», գրում է թերթերից մեկը:

Գուցե հայերս վաղուց գիտենք եւ շատ ավելին, թե ինչու են հրեաներն այդպես վարվում: Սակայն վերոնշյալ հրապարակումները շահեկան են այն առումով, որ տալիս են իրենց մեկնաբանությունները եւ առնվազն տարակուսանք են հայտնում հրեաների ոչ այնքան բարոյական կեցվածքի համար:

Անշուշտ նշվում է, որ Իսրայելը «սրթսրթում» է մուսուլմանական Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների համար, պարտական է նրան իր ճանաչման համար եւ որի հետ բազմապլան, այդ թվում նաեւ ռազմական, համագործակցությունից քաղում է քաղաքական ու տնտեսական մեծ շահաբաժիններ: Բացի այդ, բնավ էլ հայամետ չէ Թուրքիայի բավական ազդեցիկ հրեական համայնքը:

Սակայն, ռուս հեղինակների կարծիքով, ամենակարեւորն այդ հարցում այն է, որ հրեաները միայն իրենց Հոլոքոսթն են համարում ցեղասպանություն եւ հայերի սպանդի հետ մեկտեղ չեն ընդունում ասորիների, գնչուների, սլավոնների եւ մյուսների ողբերգությունը: Եվ վախենում են, որ, ասենք, հայերի ցեղասպանությունն ընդունելուց հետո իրենց «եզակիությունը» կտուժի, կկորցնի հրատապությունը:

Չէ՞ որ նրանք հսկայական նյութական փոխհատուցումներ են ստանում, ընդ որում ոչ միայն Գերմանիայից: Եվ ի՜նչ հնարքի ասես չեն դիմում հրեաներն իրենց այդ «բացառիկությունը» տարբերակելու եւ հաստատելու համար: Օրինակ, նրանք գտնում են, որ եթե հայերը «խելք» ունենային, ապա մահմեդականություն կընդունեին եւ չէին ենթարկվի բռնության: Իսկ ահա, խեղճ հրեաները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զուրկ էին նմանատիպ հնարավորությունից:

«Բացառիկությունը երբեք չի եղել որեւէ ազգի ուժեղ կողմը: Ըստ երեւույթին Իսրայելում ոմանք մոռացել են այդ մասին», դառնությամբ արձանագրվում է հոդվածներից մեկում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

No comments: