Վերոնշյալ վերնագրի ներքո լրագրող Դեյվիդ Սմիթը «Ջերուսալեմ փոստ» թերթի ապրիլի 25-ի օնլայն կայքում, նշելով, որ մինչեւ օրս թուրքական կառավարությունը ժխտում է ինչպես Հիտլերի Լեհաստան ներխուժելու նախօրյակին արտասանած հայտնի խոսքերի, այնպես էլ ցեղասպանության կենսագործման իսկությունը, գրում է. «Ցեղասպանության հանրագիտարանի» գլխավոր խմբագիր եւ Թել Ավիվի համալսարանի պրոֆ. Իսրայել Չառնին պնդում է, որ այդ հայտարարությունը ամրագրված է «Ասոշիեյթեդ պրեսի» անառարկելիորեն լուրջ մի թղթակցի կողմից, որի գրության մեջ Հիտլերից մեջբերված այլ հայտարարություններ եւս հաստատում են, որ Հայոց ցեղասպանությունը անմիջական ուղղորդիչ գաղափար է եղել այդ հրեշի ուղեղում»:
Ապա հոդվածագիրը Գեւորգ Քահվեջյանի հոր՝ ցեղասպանությունից մազապուրծ հայտնի լուսանկարիչ Եղիա Քահվեջյանի օրինակն է բերում: Նա ամենայն մանրամասնությամբ իր որդուն՝ Գեւորգին պատմել է ականատեսի իր վկայությունները, թե ինչպես 2 եղբայրներին կապելուց հետո թուրքերը մորը, քրոջը եւ մյուս երկու եղբայրներին (մեկը ընդամենը մի քանի ամսական) տարագրել են Դեր Զորի անապատները: Ճանապարհին մայրը Եղիային մի քրդի է հանձնել, իսկ քրոջը թուրքերը հարեմ են տարել: Եղիան Սիրիայում է մեծացել, այնուհետեւ հայերին օժանդակություն ցուցաբերող «Նիըր իսթ Ռիլիֆ» ամերիկյան հաստատության միջոցով այլ որբերի հետ 1920-ին տեղափոխվել Լիբանան, որտեղ սովորել է լուսանկարչություն: Իր քրոջը Եղիան գտել է միայն 18 տարի անց:
Հոդվածագիրը Չառնիի այն միտքն է արտահայտում, թե կրոնական գործոնը «անկասկած» պետք է դեր խաղացած լիներ 301 թվին առաջինը քրիստոնեություն ընդունած հայերի հետապնդման գործում: «Որոշ մարդիկ այդ ժամանակաշրջանը նույնիսկ անվանում են «Քրիստոնեական ցեղասպանության» ժամանակաշրջան, քանի որ զոհերի ընդհանուր թվում էին ոչ միայն հայերը, այլեւ ասորիներն ու հույները», նշել է Չառնին, ավելացնելով, որ «պետք է զգույշ լինել այդ բառեզրը օգտագործելուց, քանի որ կարող է խանգարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործին»:
Հոդվածի վերջում Դեյվիդ Սմիթը գրում է. «Իսրայելցիներից շատերը ցանկանում են, որ իրենց երկիրը ճանաչի (Հայոց) ցեղասպանությունը: Այլապես, հայերի մտահոգությունն այն է, որ ճանաչումից հրաժարվող երկրները կարող են նպաստել Հիտլերի հռետորական հարցի իրականություն դառնալուն»:
Ավելացնենք, որ ապրիլի 29-ին, ըստ հոդվածում բերված տեղեկության, Երուսաղեմի եբրայական համալսարանի Գիվատ Ռամ կորպուսում սիմպոզիում է նախատեսված եղել նվիրված Հայոց ցեղասպանությանը, որին հրավիրվել են բանախոսելու պրոֆ. Չառնին եւ Գեւորգ Քահվեջյանը:
Հ. Ծ.
Friday, May 02, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment