Մեր մեջ սովորություն կա դավադիր ամեն ինչի հետեւում «հրեական մատ» տեսնելու, կամ, առնվազն, մասոնական կապեր փնտրելու: Ըստ երեւույթին՝ այդպես ավելի հեշտ է, կարիք չկա հարցերի խորքը թափանցելու, հետաքննելու, վերլուծելու, վերջապես՝ ուղեղ աշխատեցնելու: Բայց այս դեպքում իսկապես հրեական կազմակերպության հետ գործ ունենք, այն էլ՝ 100 եւ ավել տարեկան: Կոչվում է՝ Եբրայական գաղթականական օգնության ընկերություն (Hebrew Immigrant Aid Soceity (HIAS), Inc.):
Ավելի քան մեկ դար, ինչպես կարդում ենք ընկերության պաշտոնական կայքէջում (www.hias.org), HIAS-ն օգնություն է ցուցաբերել աշխարհի հրեաներին՝ նրանց փրկելու, վերամիավորվելու եւ վերաբնակեցնելու գործում, եւ որպես «հրեական ավանդույթների եւ արժեքների արտահայտություն», չի՜ զլացել օգնության ձեռք մեկնելու նաեւ այլ ժողովուրդների, «ովքեր սպառնալիքի տակ են եւ ճնշված»: Ստեղծված լինելով 1881-ին, HIAS-ն օգնել է ավելի քան 4,5 մլն մարդու՝ հասնելու իրենց երազած ազատությանը, նրանց տեղափոխելով Իսրայել, Կանադա, Լատինական Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ այլուր, շարունակում ենք կարդալ կայքէջում: Այդ «փրկվածների» մեջ եղել են հարյուր հազարավոր մարդիկ նախկին Խորհրդային Միությունից, Եգիպտոսից, Մարոկկոյից, Եթովպիայից, որոնք իրենց «նոր կյանքն են վերակառուցել» Մ. Նահանգներում:
Մարդկանց փրկելու այդ վե՜հ առաքելության մեջ կազմակերպությունն անշուշտ չի մոռացել նաեւ պարսկահայերին: Այս թերթի խմբագիրը վերջերս եղավ Թեհրանում եւ իրանահայ կրոնական թե ազգային մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաեւ մշակութային կազմակերպությունների անդամների հետ շփումների ընթացքում տեղեկացավ, որ HIAS-ը վերջին տարիներին մեծ փութաջանությամբ հայերին էլ է ներառել իր «աստվածահաճո» առաքելության մեջ եւ օգնում է նրանց կազմակերպված ձեւով տարհանելու դեպի Մ. Նահանգներ: Կազմում է գաղթել ցանկացողների ցուցակներ, նրանցից յուրաքանչյուրից գանձում է 3000-ական դոլար եւ Իրանում Ավստրիայի դեսպանատան միջոցով նրանց տեղափոխում Վիեննա (որտեղ յուրաքանչյուրին վերադարձնում է 2900 դոլար) եւ այնուհետեւ կազմակերպում նրանց թռիչքը Մ. Նահանգներ:
Ըստ իրանահայ գաղութի պատասխանատուների, HIAS-ի միջոցով Մ. Նահանգներ են արտագաղթել (այս բառն այստեղ ճիշտ ենք օգտագործում, քանի որ հայրենամերձ այս գաղթօջախն արդեն ունի շուրջ 400 տարվա պատմություն) մոտ 6000 հայեր: Սակայն ուրիշներ պնդում են, որ այդ թիվը շատ ավելի է, ավելացնելով նաեւ, որ եթե սկզբնական շրջանում արտագաղթող հայերն Իրանում էժան գնով վաճառում էին իրենց տունն ու բնակարանը նաեւ, վերջին գաղթողները, հետեւելով արդեն Մ. Նահանգներում գտնվող իրենց փորձառու բարեկամների հորդորներին, բարեբախտաբար չեն այրում վերադարձի բոլոր «կամուրջները»՝ պահում են իրենց տները:
Անշուշտ, բնակության վայր ու երկիր փոխելու իրավունքը որեւէ անհատի կամքն է, մարդու սրբազան իրավունքներից: Սակայն երբ այդ բանը կատարվում է հավաքաբար, կազմակերպված ձեւով եւ տարածաշրջանում հաստատ հետին նպատակներ ունեցող կազմակերպության կողմից, այն էլ մի երկրից, որտեղ հայերն ամենեւին իրենց վատ չեն զգում, մտածելու եւ մտահոգվելու տեղիք է տալիս:
Առայժմ մեկ կողմ թողնելով ավելի գլոբալ հարցը, թե ինչու արաբական երկրներից՝ Եգիպտոսից, Լիբանանից, Սիրիայից եւ Իրաքից, իսկ այժմ արդեն Իրանից հատկապես քրիստոնյաներին եւ նրանց թվում հայերին են փաստորեն գաղթեցնում, կազմակերպված գաղթի այս նոր ալիքը, այն էլ, կրկնում ենք, հայրենամերձ, հայրենաշունչ, պատմական, կենսունակ գաղթօջախից, կարիք ունի հակազդեցիկ միջոցների, մշակութային, եկեղեցական եւ քաղաքական հակաքայլերի՝ առաջին հերթին պետական մակարդակով:
Wednesday, May 07, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment