Friday, May 16, 2008

ՆՈՐ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՅՈՑ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Հայ ռազմարվեստի պատմությունը դեռ կարոտ է խոր ուսումնասիրման: Մեր պատմաբանների համար սա մի չհերկած խոպան է, որի աշխատանքները ոչ միայն պատմագիտական, այլեւ պետություն կառուցող ազգի համար ռազմավարական նշանակություն ունեն: Իմանալ սեփական ժողովրդի լավագույն զավակներին, ում մենք պարտական ենք բազում հաղթանակների համար` սա անհրաժեշտ է Հայաստանում աճող մատաղ սերնդի եւ նոր ուսումնասիրություններ կատարող ուսանողների համար: Հետեւաբար պատմական գիտությունների դոկտոր Մուրադ Կարապետյանի հերթական գիտական աշխատանքը` «Հայազգի զինվորականները ռուսական բանակում (XIX դարի վերջ-XX դարի սկիզբ)», նպատակ ունի լրացնելու այն բացը, որը կա մեր ժողովրդի ռազմարվեստի ուսումնասիրման գործում:

Մուրադ Կարապետյանը հայ գիտության այն երախտավորներից է, որ իր կյանքը նվիրել է հայ ռազմարվեստի եւ ռազմագիտության ուսումնասիրմանը: Սա պատմաբան Կարապետյանի չորրորդ գիտական աշխատանքն է հայ բանակի եւ հայազգի զորավարների մասին: Ինչպես նրա նախկին աշխատանքները` «Հայաստանի Հանրապետության բանակը (1918-1920 թթ.)», «Հայկական կամավորական խմբերը եւ ազգային գումարտակները Կովկասյան ռազմաճակատում (1914-1917 թթ.)», այս աշխատանքը եւս հիմնված է արխիվային նորագույն փաստաթղթերի վրա, որը տքնաջան գիտնականը պեղել է Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր արխիվներից: Մուրադ Կարապետյանը արխիվային փոշուց հայտնաբերել եւ, կարելի է ասել, երկրորդ անգամ կյանք է տվել հայ զորավարների հիշատակին, մարդկանց, որոնք արդեն մոռացվել էին, շատերի անունները նույնիսկ մասնագիտական նեղ շրջանակների համար անհայտ էին, սակայն դրանք մարդիկ են, ում գործն ու ծառայությունը ռուսական բանակում միշտ էլ հայանպաստ է եղել` ուղղված հայ զինվորական ոգու բարձրացմանն ու հայկական հողերի պաշտպանությանը: Պատմական գիտությունների դոկտոր Կարապետյանը «Հայազգի զինվորականները ռուսական բանակում (XIX դարի վերջ-XX դարի սկիզբ)» աշխատանքում մանրամասնորեն ներկայացրել է հայազգի 10 գեներալների եւ 7 բարձրաստիճան սպաների կյանքն ու ռազմական գործունեությունը, նրանց մասնակցությունը 20-րդ դարի սկզբին ցարական Ռուսաստանի մղած պատերազմներում եւ հատկապես կովկասյան ռազմաճակատում ընթացող գործողություններում, հայկական գյուղերի եւ քաղաքների պաշտպանության հերոսական գործունեությունը: Գեներալ-մայորներ Լեւոն Տիգրանյան, Միքայել Մելիք-Մուրադյան, Պողոս Մելիք-Շահնազարյան, Պողոս Խաչատրյան եւ այլք, գնդապետներ Արտեմ Տեր-Նիկողոսյան, Նիկոլայ Բաղդասարյան, Սերգեյ Շելկովնիկյան եւ ուրիշներ, սրանք միայն մի մասն են հայազգի այն զորավարների, ում իր գրքով երկրորդ անգամ կյանք է տվել գիտնականը: Գիտական այդ աշխատանքի թերեւս ամենահետաքրքրական մասը երրորդ գլուխն է, որը նվիրված է ռուսական բանակի կազակային զորամասերում Առաջին աշխարհամարտի տարիներին հայազգի զինվորականների մասնակցությանը: Ընդհանրապես այս թեման թերեւս հայ պատմագիտության սպիտակ էջերից մեկն է, որը դեռ երկար ուսումնասիրությունների կարիք ունի եւ Մուրադ Կարապետյանի փորձը` անդրադառնալ այս թեմային, արժանի է գովասանքի: Վերջինս գրում է. «Հայերը ծառայում էին ռուսական կայսրության բոլոր 11 կազակային զորքերում, սակայն նրանք հիմնականում համալրում էին Դոնի, Թերեքի, Կուբանի եւ Աստրախանի կազակային զորքերը»: Գրքում մանրամասն ներկայացված է Առաջին աշխարհամարտի կովկասյան ճակատում ռուսական կազակական ջոկատների գործունեությունը եւ հատկապես հայերի մասնակցությունը դրանց: Ինչպես գրում է Մուրադ Կարապետյանը, «Ռուսական բանակի հրամանատարությունը բարձր գնահատեց հայ-«կազակների» ռազմական գործունեությունը... Գեորգիեւյան խաչի 3-րդ եւ 2-րդ աստիճանի շքանշաններով պարգեւատրվեցին շարքայիններ Լեւոն Կասպարովը, Գրիգոր Ավանեսյանցը եւ այլն»:

Ինչեւէ, թերթի էջերը բավարար չեն մանրամասն ներկայացնելու գրքի պատմագիտական արժեքը, աշխատությունը հետաքրքրական է ոչ միայն մասնագետների, այլեւ ընթերցողների լայն շրջանակների համար: Իսկ պատմաբան Մուրադ Կարապետյանի նվիրվածությունը հայ ռազմարվեստի պատմությանը, կարծում եմ, պատահական չէ, կադրային սպայի ընտանիքում ծնված եւ մեծացած գիտնականը այս աշխատանքը նվիրել է պապին` խորհրդային բանակի սպա Սեդրակ Կարապետյանի հիշատակին: Համոզված եմ, որ հայ պատմագիտությունը դեռ երկար տարիներ կարիք է ունենալու գիտնականների, որոնք մանրամասն կուսումնասիրեն հայ զինվորականների մասնակցությունը տարբեր պատերազմների: Եվ այս առումով պատմական գիտությունների դոկտոր Մուրադ Կարապետյանի աշխատանքը լուրջ ներդրում է հայ ռազմագիտության ուսումնասիրության գործում:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

No comments: