Նպատակը` թուրքական առանձին թերթերի պնդմամբ, Թուրքիայի հարավ-արեւելքում «Մեծ Հայաստանի» ստեղծումն է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում, հայկական սփյուռքում եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Դրանք, նախքան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը, մտահոգություն էին պատճառում Թուրքիային: Վերջին տարիներին, երբ գործընթացը ծավալվեց, թուրքական մտահոգությունը վերաճեց խուճապի: Ճանաչման պայմաններում սպառվեցին թուրքական ժխտողականության դիրքերը, ցեղասպանության հարցում Թուրքիան սկսեց աստիճանաբար զրկվել ավանդական բարեկամների աջակցությունից եւ կանգնեց մեկուսացման սպառնալիքի առջեւ:
Այդ սպառնալիքը ավելի ակնառու դարձավ մարտի 26-ին, երբ Քնեսեթն ընդունեց Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու որոշում, որը ենթադրում էր հարցի մուտքը Իսրայելի խորհրդարանի օրակարգ: Դրան հետեւեց Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեի Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունն ու ապրիլի 24-ին Փարիզում ֆրանսահայերի կազմակերպած Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցությունը, ինչպես նաեւ Կոմիտասի արձանին հարող «Կոնկորդ» հրապարակում ելույթը: «Ես էլ եմ հայ» արտահայտությամբ սկսվող ելույթում մեծ վարպետն ասել էր, որ անհրաժեշտության դեպքում քաղաքական գործիչները կարող են պատմության վերաբերյալ որոշումներ ընդունել: Նա «կատարյալ անհեթեթություն» համարելով 1915-ի իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկը, ընդգծել էր. «Մի՞թե պատմաբանների հանձնաժողով պիտի ստեղծենք պարզելու համար` գազախցիկներ համակենտրոնացման ճամբարներում եղե՞լ են, թե՞ ոչ»:
Մինչդեռ պատմաբանների հանձնաժողովը ներկա պահին Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Անկարայի քաղաքական ամենաշոշափելի խաղաթուղթն է: Թվում էր, թե մեծ վարպետը, համարելով դա անհեթեթություն ի լուր աշխարհի, կբախվի թուրքական քաղաքական շրջանակների բուռն հակազդեցությանը, իսկ մամուլը դրան կարձագանքի ամենայն սանձարձակությամբ: Թուրքական թերթերի զսպվածությունը գերազանցեց ենթադրությունները: Մեծ վարպետի ելույթին հակազդեցությամբ «Մասոնական դավաճանություն» վերնագրով ապրիլի 27-ին արձագանքեցին իսլամական «Վաքիթ», իսկ մայիսի 1-ին` «Մասոններն ու ցեղասպանության հայկական զրպարտությունը» վերնագրով «գորշ գայլերի» խոսափող «Ենի չաղ» թերթերը: Սակայն երկու դեպքում էլ հակազդեցության թիրախը թուրք մասոններն էին, սիոնիստներն ու Իսրայելը:
«Վաքիթի» պնդմամբ, սիոնիստների «Ավետյաց երկիրը» ներառում է նաեւ հարավ-արեւելյան Անատոլիան, ինչի պատճառով հայերը նրանց համար դառնում են Եփրատն ու Տիգրիսը գրավելու առաջադրանքի իրականացման միջոց: Դրա հետեւանքով էլ Հայոց ցեղասպանության հարցը շարունակում է մնալ միջազգային հանրության օրակարգում: Կարծիքը հիմնավորելու համար «Վաքիթը» մեջբերում է հետազոտող Ալի Կուզուի հետեւյալ խոսքերը. «Ակնհայտ է, որ մասոնական օթյակները ծառայում են Իսրայելին: Ուզում են «Մեծ Հայաստան» ստեղծել Թուրքիայի հարավ-արեւելքում: Սակայն հայերի թիվն աշխարհում հետզհետե նվազում է: Այսինքն` հայերը «Մեծ Հայաստան ստեղծելու» ուժ եւ կարողություն չունեն: Սիոնիստները հայերի պատրվակով ձգտում են տեր կանգնել Եփրատին եւ Տիգրիսին: «Մեծ Հայաստանը» սիոնիստական ծրագիր է, ուստի միանգամայն տրամաբանական է, որ մասոնները ցեղասպանության պնդումներում աջակցեն հայերին»:
Ինչ վերաբերում է «Ենի չաղին», ապա դա էլ գրում է. «Սպասում էինք, որ թուրք մասոնները կհանդիմանեն Ֆրանսիայի Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետին, եթե դա չեն կարողանում, գոնե նրան կասեն. «Ցեղասպանության հարցը թողնենք պատմաբաններին»: Բայց` ապարդյուն: Արդեն Թուրքիայում հայկական պնդումները պաշտպանողների մեծամասնությունը մասոն է: Սակայն ինչո՞ւ թուրքական թեզի փոխարեն մասոնները պաշտպանում են հայկական տեսակետները: Մի՞թե, որ հայերը արդարացի են: Իհարկե` ոչ: Նրանք այս հարցին ցուցաբերում են ոչ թե բարոյական, այլ քաղաքական մոտեցում, որն, ինչ խոսք, պայմանավորված է Իսրայելի համահունչ մոտեցումով: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ մասոնականության առնչությունը Կաբալային (թվահմայնության հրեական միստիկական ուսմունք), որն էլ առնչվում է սիոնիզմին եւ Իսրայելին: Ոչ ոք չի կարող ասել, որ սիոնիզմը աչք չի դրել Ավետյաց երկրի վրա: Ապագան կանխատեսելու կարողություն ունեցող յուրաքանչյուր ոք հեշտությամբ կնկատի այն քայլերը, որոնք Թուրքիայի որոշակի շրջան ներառող «Մեծ Հայաստանի» ստեղծման համար կատարում է սիոնիզմը: Հյուսիսային Իրաքի զարգացումները, Թուրքիայում թեկուզ միջնորդավորված հողատարածքի գնումները, թուրքական հրեա, մասոնների մեծ վարպետ Նեսիմ Լեւիի 10 տարվա վաղեմությամբ խոստովանությունը. «Բնակություն ենք հաստատում Թուրքիայի հարավ-արեւելքում», դրա փաստացի ապացույցն են: Հատկանշական է, որ այն օրերին, երբ Ֆրանսիայի մասոնների մեծ վարպետը թուրք եղբայրներից պահանջում էր նպաստել երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Քնեսեթը այդ հարցն ընդգրկում էր օրակարգում: Թուրքիայի նախազգուշացումից հետո միայն Իսրայելի խորհրդարանը զերծ մնաց նման մտադրությունից: Սակայն դա հավերժ չի տեւի: Ընդամենը կհետաձգվի մինչեւ «պայմանների հասունացումը»: Չմոռանանք, որ 2007-ի հուլիսին, ուղեւորվելով Հայաստան, Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցկերը մի խուրձ ծաղիկ գրկած այցելեց Երեւանի ցեղասպանության հուշարձան եւ ասաց. «Իսրայելի կրոնական համայնքը հայ ժողովրդի հետ սգում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի համար»: Երբ Իսրայելի գլխավոր ռաբբին այսպես է արտահայտվում, մի՞թե հնարավոր է, որ մասոնական օթյակները, որոնց արմատները, անկախ գտնվելու վայրից, Իսրայելում են թաղված, հակառակն անեն: Հետեւաբար Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու առումով թուրք եղբայրներին հորդորելիս, ինչ խոսք, ելնում է Իսրայելի շահերից: Միաժամանակ նա խրախուսում է թուրք մասոններին, որ «շարունակեն ծառայել արմատներին»: Հայկական զրպարտություններում աչքներս լինելու է Իսրայելի եւ մասոնների վրա»:
Խոսքը տվյալ դեպքում թուրք մասոնների մասին է: Ապրիլի 19-ին Ֆարուք Արսլանի «Կանադա-թուրք» կայքէջում հրապարակված հոդվածի համաձայն, Թուրքիայում կա տեղային 198 օթյակում գրանցված 14 հազար մասոն: Տեղային օթյակները ենթակա են Թուրքիայի ազատ մասոնների եւ Թուրքիայի ազատ եւ ընդունված մասոնների մեծ օթյակներին, որոնցից առաջինը ենթարկվում է ֆրանսիական Մեծ Արեւելք օթյակին: Ըստ հեղինակի, աշխարհի տեղային 6 օթյակներում մեծամասնություն են կազմում թուրքահպատակ մասոնները: Այդ օթյակներից «Թյուրքայը» գործում է Գերմանիայի միացյալ մեծ օթյակի ենթակայության տակ: Մյուսը Փարիզի «Ոսկեջուր» օթյակն է, թուրքական «Նուր» օթյակներից մեկը Թել Ավիվում է, մյուսը՝ Վաշինգտոնում, իսկ Նյու Յորքում` «Անատոլիա» օթյակն է: Բուխարեստի «Ըշըք» (լույս) օթյակը նույնպես թուրքական է, արարողակարգն այնտեղ թուրքերեն է կատարվում:
Friday, May 16, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment