Wednesday, May 28, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՍԵՐԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ օրերից է, որի հետ կապվում է ոչ միայն 20-րդ դարում հայկական առաջին պետության ստեղծումը, այլեւ խորհրդանշում է մեր ժողովրդի ազատատենչ ձգտումը, 600 տարվա ընդմիջումից հետո հայկական պետություն կառուցելը: Նկատենք, սակայն, որ ուրախալի թվացող այս փաստը, այն ժամանակ ժողովրդի մեջ մեծ ոգեւորություն չառաջացրեց: Ցեղասպանություն տեսած հայություն, Երեւանի շուրջը ծվարած տասնյակ հազարավոր գաղթականներ, տարածաշրջանից հեռացող ռուսական զորք եւ դեպի Հայաստանի խորքը ձգտող թուրքական բանակ: Ստեղծված ռազմաքաղաքական այս բարդ պայմաններում, թվում էր, հնարավոր չէր դիմակայել աշխարհի հզորների խաղերին եւ Հայաստանի ճակատագիրը որոշված է:

1917-ին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռուսական զորքերը սկսեցին արագորեն լքել Անդրկովկասը: Օգտվելով դրանից Անդրկովկասյան սեյմը 1918-ի ապրիլի 22-ին հայտարարեց Ռուսաստանից անջատվելու իր որոշման մասին: Ստեղծված քաոսային իրավիճակը լավ առիթ էր թուրքերի համար, որոնք մայիսին վերսկսեցին հարձակումը` նպատակ ունենալով գրավել Երեւանը, Թիֆլիսը: Օրհասական թվացող այդ օրերին Արամ Մանուկյանը, Դրոն, զորավարներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը եւ ուրիշներ կազմակերպեցին հայ կամավորական եւ կանոնավոր զորախմբերը` դիմագրավելու թուրքական առաջխաղացմանը: 1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի եւ Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել եւ ապա Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Այդ նույն օրերին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր լուծարման մասին: Ադրբեջանը եւ Վրաստանը հայտարարեցին իրենց անկախության մասին: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Այդ օրերին տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու»: Ընդամենը 2 նախադասությունից կազմված, կարելի է ասել, այս փոքրիկ հայտարարությունն էլ դարձավ անկախ Հայաստանի հռչակագիրը: 1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմի մեջ են մտնում Երեւանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը եւ Նոր Բայազետի գավառը: Նորանկախ Հայաստանը, համաձայն այդ պայմանագրի, ստեղծվում էր 11 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծված առաջին խորհրդարանը կազմված էր կուսակցական եւ ազգային ներկայացուցչական սկզբունքով: 47 հոգանոց խորհրդարանում կային 18 դաշնակցական, 6 սոցիալիստ-հեղափոխական, 6 սոցիալ-դեմոկրատ, այդ թվում` մեկ բոլշեւիկ, 6 ժողովրդական (ռամկավար), 3 չեզոք, ինչպես նաեւ 6 թուրք, մեկ եզդի եւ մեկ ռուս: Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին: 1918-ի օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հանդիսավոր բացումը, շենքի ճակատին բարձրացվեց հայոց եռագույնը: Խորհրդարանի նախագահության նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):

Հզորացում

1918-ի աշնանը Գերմանիայի եւ նրա դաշնակիցների պարտությամբ ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Թուրքիան ստիպված էր իր զորքերը դուրս բերել գրաված տարածքներից: 1919-ին հայկական զորքերը մտան Կարս, ազատագրվեց նաեւ Սարիղամիշը, մայիսին Հայաստանին միացավ նաեւ Նախիջեւանը: Այսպիսով վերականգնվեց 1914-ի ռուս-թուրքական սահմանը: 1919-ի հունիսին անկախ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական առաջին ընտրությունները: Նորընտիր խորհրդարանը օգոստոսի 7-ին նոր կառավարության կազմը վստահեց Ալեքսանդր Խատիսյանին: Խորհրդարանը Ավետիս Ահարոնյանին վստահեց Հայաստանի շահերի պաշտպանությունը հաղթող երկրների կազմակերպած Խաղաղության վեհաժողովում:

Արեւմտահայության շահերը ներկայացնող Պողոս Նուբար փաշայի եւ Ավետիս Ահարոնյանի ստորագրությամբ ներկայացվեցին հայկական պահանջները. նոր Հայաստանի մեջ պետք է մտնեին` 1. Վանի, Բաղեշի, Տիգրանակերտի, Սեբաստիայի, Կարնո եւ Տրապիզոնի վիլայեթները, 2. Կիլիկիայի 4 սանջակները, 3. Կովկասի Հայկական Հանրապետությունը: Այս հողերի վրա ստեղծված անկախ պետությունը պետք է լիներ «դաշնակից պետությունների եւ Միացյալ Նահանգների կամ Ազգերի լիգայի երաշխավորության տակ»: 1920-ի հունվարին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան ճանաչեցին Հայաստանի անկախությունը: Նույն թվականի ապրիլին Հայաստանի անկախությունը ճանաչեց ԱՄՆ-ը: 1920-ին Հայաստանը կազմակերպված պետություն դառնալու փորձեր էր կատարում, երկիրը բաժանված էր 4 նահանգների, գավառներում կազմակերպված էին ինքնավարություններ: Երկրում արդեն տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրությունները, կազմված էր կառավարություն: Գործածության մեջ էր դրված հայկական դրամը, հիմնված էր պետական դրամատունը, կային գավառական գանձարաններ: Խորհրդարանը ընդունում է անվճար, պարտադիր կրթության սկզբունքը, բացվում է պետական համալսարանը:

Աշխարհաքաղաքական փոփոխվող իրավիճակ

Սակայն երկրում ընթացող բարեփոխումները կատարվում էին տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների եւ ներքաղաքական խորացող ճգնաժամի պայմաններում: Օր օրի հզորացող Խորհրդային Ռուսաստանը եւ նրա հետ դաշնակցելու փորձ կատարող քեմալական Թուրքիան լուրջ վտանգ էին ներկայացնում երիտասարդ Հայաստանի Հանրապետության համար: Իսկ հայկական դիվանագիտությունը ավելի շատ զբաղված էր Փարիզում եւ Վաշինգտոնում հայանպաստ ու միավորված Հայաստանի մասին որոշումներ կորզելու աշխատանքներով: Բարվոք չէր ներքաղաքական իրավիճակը, քաղաքական կուսակցությունների միջեւ առկա լարվածությունն ուղեկցվում էր մամուլում, հասարակության մեջ որոշ ուժերի կողմից արհեստականորեն ներմուծված, այսպես կոչված, ռուսահայերի, թուրքահայերի, նույնիսկ պարսկահայերի անհամատեղելիության մասին քննարկումներով: Այս հարցերն այն աստիճան էին սրված, որ հայ շատ քաղաքական ու զինվորական գործիչներ հեռացան երկրից: Հայաստանից հեռացավ նաեւ զորավար Անդրանիկ Օզանյանը: Այս ամենը չէր կարող չազդել հայ զինվորի ոգու, նրա մարտունակության վրա: Եվ ընդամենը 2 տարի առաջ թուրքին հաղթող հայկական բանակը այլեւս նախկինը չէր: Հայկական բանակում բացասական գործունեություն էին կատարում նաեւ հայ բոլշեւիկները: Թուրքիայի դրդմամբ Հայաստանի շատ շրջաններում զինված հարձակումներ էին կազմակերպում տեղի ադրբեջանցիները: 1920-ի ապրիլի 28-ին Ադրբեջանը դարձավ խորհրդային: Մայիսին խռովություն բարձրացրին հայ բոլշեւիկները, Հայաստանի մի շարք շրջաններ դարձան քաղաքացիական կռիվների թատերաբեմ:

Մայիսի 5-ին հրաժարական տվեց Խատիսյանի կառավարությունը: Նոր կառավարության գլուխ կանգնեց Համո Օհանջանյանը: Ադրբեջանում գտնվող Կարմիր բանակը շարժվեց Ղարաբաղի եւ Զանգեզուրի ուղղությամբ: Հայաստանը ստիպված էր Մոսկվա ուղարկել պատվիրակություն Լեւոն Շանթի գլխավորությամբ՝ հաշտության պայմանագիր ստորագրելու: Մինչ տեղի էին ունենում այս դեպքերը, 1920-ի օգոստոսի 10-ին կնքվեց Սեւրի պայմանագիրը: Պայմանագրի 89-րդ հոդվածով Հայաստանի մանդատը հանձնվեց ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին: Սակայն Սեւրի պայմանագիրը ուշացած էր. այն չէր արտահայտում տարածաշրջանում ստեղծված ուժերի նոր դասավորությունը, հետեւաբար չէր կարող իրական ազդեցություն ունենալ: Կարող ենք փաստել, որ Սեւրի պայմանագիրը մեռելածին էր: Սակայն Հայաստանի ղեկավարությունը ոգեւորված Սեւրի պայմանագրով, փորձում էր ստանալ եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի աջակցությունը, այդ քայլերով իր դեմ հանելով քեմալական Թուրքիային եւ բոլշեւիկյան Ռուսաստանին: 1920-ի սեպտեմբերի 23-ին Քյազիմ Կարաբեքիրի զորքերը շարժվեցին դեպի Հայաստան: Սկսված հայ-թուրքական պատերազմը ճակատագրական նշանակություն ունեցավ Հայաստանի համար: Հայկական բանակն առանց լուրջ դիմադրության հանձնեց Կարսը, եւ պարզ դարձավ, որ պարտությունն անխուսափելի է: Ինչպես գրում էր Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, «Հայաստանի ճիչերը եւ օգնության աղաղակները ոչ մի տեղից` ո՛չ «մարդասիրական» Եվրոպայից եւ ո՛չ էլ «հեղափոխական» Մոսկվայից արձագանք չգտան»: Նոյեմբերին հրաժարական տվեց Համո Օհանջանյանը, նոր կառավարությունը կազմեց Սիմոն Վրացյանը: Վերջինիս բանակցությունները բոլշեւիկյան Ռուսաստանի ներկայացուցչի հետ ավարտվեցին դեկտեմբերի 2-ի Հայաստանի խորհրդայնացման պայմանագրի ստորագրմամբ: Այդ նույն օրը Ալեքսանդրապոլում վերջնագիր ներկայացրեց Կարաբեքիրը՝ պահանջելով «հաշտության» նոր պայմանագրի ստորագրում: Հայաստանը խորհրդայնացվեց, սակայն Ալեքսանդրապոլի պայմանագիրը, թեկուզ եւ մասամբ, կատարվեց: Թուրքիան իր հսկողության տակ պահեց Կարսը եւ հայկական մի շարք շրջաններ:


--------------------------------------------------------------------------------


Փաստորեն կարող ենք նշել, որ դադարեց գոյություն ունենալ առաջին անկախ Հայաստանի Հանրապետությունը: Առաջին հանրապետությունը կործանվեց արտաքին քաղաքական անբարենպաստ պայմանների եւ հայ քաղաքական մտքի կողմից իրավիճակի ոչ ճիշտ գնահատման, հետեւաբար արտաքին քաղաքականության մեջ ժամանակին անհրաժեշտ փոփոխություններ չկատարելու պատճառով: Ներքաղաքական իրավիճակի սրումը եւ «ազգային պետականության ստեղծումը որպես գերագույն նպատակ» գաղափարի շուրջը հայ հասարակությանը եւ քաղաքական ուժերին միավորելու անկարողությունը բերեցին հանրապետության կործանմանը:

Հիշենք, որ գտնվելով բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում, որտեղ առկա է գերհզոր պետությունների շահերի ու ազդեցությունների մրցակցությունը, մենք՝ առավել եւս պետք է զգույշ լինենք մանրադրամ չդառնալու համար այդ պետությունների տարբեր խաղերում:

No comments: