Wednesday, May 28, 2008
ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԸ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ
Հայ ժողովրդի հազարամյակների պատմության առավել բախտորոշ շրջադարձերի շարքում Սարդարապատի հաղթանակն իր ուրույն եւ առաջնային տեղն ունի: Եվ որքան էլ տարօրինակ թվա, փաստ է, որ այդ հերոսամարտի մասին քիչ է գրվել, իսկ նրա շատ հերոսներ սպասում են իրենց ճշմարիտ գնահատմանը:
Գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյանը ծնվել է 1876 թվականին Ռուսաստանի Նալչիկ քաղաքում: Հայրը` ռուսական բանակի գնդապետ Գերասիմ Արարատյանը, Անիից սերող եւ Թիֆլիսում բնակվող հայտնի Արարատյան ազնվական գերդաստանի շառավիղն էր, որ ծառայության բերումով բնակություն էր հաստատել Նալչիկում: Համաձայն ընտանիքում ընդունված կարգի` գնդապետի որդին ազնվականին վայել փայլուն կրթություն ստացավ, շարունակելով հոր` զինվորականի մասնագիտությունը: Թիֆլիսի կադետական դպրոցն ավարտելուց հետո ապագա գեներալն ընդունվեց եւ գերազանցությամբ ավարտեց Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Միխայլովյան հրետանային ուսումնարանը: Նա 1896-ի ուս. տարվա երեք լավագույն շրջանավարտներից մեկն էր, ովքեր բացի պոդպորուչիկի կոչում ստանալուց իրավունք ունեին որոշելու ծառայության ապագա վայրը: Ավելին, 20-ամյա Արարատյանին վստահվեց մայրաքաղաքի զինվորական ուսումնարանների շրջանավարտներին նվիրված զորահանդեսում գլխավորել հեծյալ մարտկոցը: Զորահանդեսին ներկա Ալեքսանդր Երրորդ կայսրը հիացած էր երիտասարդ սպայի պահվածքով: Հենց տեղում կայսրը 20-ամյա հայորդուն պարգեւատրեց ոսկե զենքով` կովկասյան սուսերով, որի վրա կար մակագրություն. «Գեներալ Մոիսեյ Արղութինսկի-Դոլգոռուկիին` Կովկասի փոխարքա կոմս Ալեքսեյ Երմոլովից»:
Պոդպորուչիկ Արարատյանը, օգտվելով արդեն վաստակած ծառայության վայրն ընտրելու իրավունքից, որոշեց ծառայել Թիֆլիսից ոչ հեռու գտնվող Կոջորիի մոտ տեղաբաշխված կովկասյան գրենադերյան հրետանային բրիգադում: Այստեղ էլ հայորդին ստիպեց խոսել իր մասին` կարճ ժամանակամիջոցում դառնալով լավագույն սպաներից մեկը:
1904 թվականին սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը: Քրիստափոր Արարատյանն հոժարակամ մեկնեց ռազմաճակատ: Այստեղ էլ հայորդին կարողացավ աչքի ընկնել արիությամբ ու խիզախությամբ: Կարճ ժամանակամիջոցում դարձավ շտաբս-կապիտան, ստացավ առաջին շքանշանը: Զինվորական թերթերն անմիջապես անդրադարձան այդ փաստին` իրենց էջերում գրելով երիտասարդ շտաբս կապիտանի սկզբունքների, արիության եւ կամքի մասին:
1914-ին ավարտել է Ցարսկոյե Սելոյի սպայական դպրոցը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Հարավ-արեւմտյան, Հյուսիս-արեւմտյան, Արեւմտյան եւ Կովկասյան ռազմաճակատներում: 1916-1917 թթ. ծառայել է ռումինական բանակում, որպես ռուսական հրետանային միսիայի հրահանգիչ:
Ամրագրված փաստ է, որ Քրիստափոր Արարատյանն ընդամենը երեք տարում արժանացավ բազմաթիվ մեդալների, ինչպես նաեւ Սուրբ Ստանիսլավի 2-րդ եւ 3-րդ աստիճանի, Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի, Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանների:
Այս ամենը հայ սպայի համար հրաշալի ճանապարհ կբացեր դեպի զինվորական հիերարխիայի վերին աստիճանները, սակայն պայթեց Հոկտեմբերյան հեղափոխությունը: Այս իրադարձությունը միլիոնավոր մարդկանց ճակատագրեր փոխեց: Արարատյանը բացառություն չէր:
Սարդարապատի ճակատամարտում Արարատյանը հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատարն էր: 1918-ի մայիսի վերջին տեղի ունեցավ այն ճակատամարտը, որը, ինչպես Ավարայրը 15 դար առաջ, պիտի ապահովեր Հայաստանի հարատեւումը:
Գրեթե երեքհազարամյա պատմության ընթացքում հայերը օրհասական պահերին կարողացել են համախմբվել, որի արդյունքում էլ գոյատեւել են: Սարդարապատն այն կետն էր, որտեղ էլ պետք է որոշվեր հայի ճակատագիրը, պետք է որոշվեր` ապրում ես ծնկաչոք, թե՞ կռվում ես ազատության համար:
Մայիսի 19-ին թուրքերի 36-րդ կովկասյան դիվիզիան ներխուժեց Արարատյան դաշտավայր եւ մյուս օրը գրավեց Արաքս կայարանը, որն ընկած էր Ալեքսանդրապոլ-Երեւան երկաթգծի վրա` Սարդարապատից տասը կիլոմետր հեռու: Նույն օրը Խալիլ բեյը Բաթումի կոնֆերանսի հայ պատվիրակներին հայտարարեց, թե «հայերը պարտվել են եւ պետք է ենթարկվեն»:
Ըստ էության` սա պարզապես կոնֆերանսում արտահայտված հայտարարություն չէր: Սա վերջնագիր էր:
Երեւանում այս իրադարձություններից մի քանի օր առաջ հարաբերական անդորր էր, սակայն թուրքերի կողմից քաղաքի գրավման սպառնալիքը իրեն զգալ տվեց: Գեներալ Մովսես Սիլիկյանն իր հրամանատարական կետը հաստատելով Գեւորգյան ճեմարանի շենքում` Էջմիածնի Մայր եկեղեցուց մոտ 100 մետր հեռավորության վրա, մայիսի 18-ին տեղեկացրեց գլխավոր շտաբ, որ դրությունը ողբերգական է: Հաջորդ օրը Սիլիկյանն այցելեց Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդին եւ առաջարկեց նրան անվտանգության նպատակով տեղափոխվել Սեւանա լճի շրջան: Կաթողիկոսը, որպես իսկական հայ, արժանապատվորեն պատասխանեց. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա: Հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա մայր տաճարի շեմին»:
Դրությունն այնպիսին էր, որ նահանջելն անթույլատրելի էր: Ըստ Քրիստափոր Արարատյանի հուշերի` Սարդարապատի ճակատամարտում հայերը նահանջելու տեղ չունեին, որովհետեւ Սարդարապատի հետեւում կանգնած էր Սուրբ Էջմիածինը, իսկ Էջմիածնի հետեւում Երեւանն ու ամբողջ Հայաստանն էին: Պետք է ինչ-որ ուժ հավաքեր հայերին: Այդ ուժը Արամ Մանուկյանի կոչն էր` ամեն ինչ, ամեն ոք ճակատի համար: Մահ կամ ազատություն: Գեներալն անմիջապես արձագանքեց: Գիտակցելով, որ ելքը մեկն է` հաղթել կամ մեռնել, մշակեց գործողության համարձակ ծրագիր: Հայտնի է ենթականերին Արարատյանի տված առաջին հրամանը. «Կրակել բոլոր մարտկոցներով»: Միաժամանակ, թվական գերազանցության տպավորություն ստեղծելու նպատակով, նա հաջողությամբ կիրառեց Առաջին աշխարհամարտում կուտակած փորձը: Մարտի ընթացքում անընդհատ մանեւրում էր եւ արագ փոփոխվող դիրքերից կրակ սփռելով` քանակական գերազանցության պատրանք էր ստեղծում: Հարձակումից հետո հոգնած հայկական հետեւակը կանգ առավ: Նահանջող թուրքերին խոցում էին հրետանավորները: Այս կենաց մահու գոտեմարտում հայերը հակառակորդի 12 հրանոթ առգրավեցին: Դրանք սպասարկող գերմանացիները շրջեցին փողերը եւ ակամա կրակ բացեցին թուրքերի վրա: Դա գերմանացիների դավաճանությունը չէր: Գերմանացի հրետանավորները կատարել էին Արարատյանի` մաքուր գերմաներեն տրվող հրամանները:
Մայիսի 27-ին հայերը վերսկսեցին հարձակումը: Գնդապետ Արարատյանը, թշնամու համար աննկատ, մարտկոցները մոտեցրեց դիրքերին եւ հրամայեց հետ չմնալ հետեւակից: Անսպասելի բացված հրետանային կրակը թշնամուն հանկարծակիի բերեց` մեր հետեւակին ու հեծելազորին հնարավորություն տալով անցնելու հակառակորդի թիկունքը: Կեսօրին ամեն ինչ ավարտված էր, բայց հայ հրետանավորները շարունակում էին հարվածել հակառակորդին, արդեն նրա պաշտպանական դիրքերին ու թիկունքին: Թուրքերը վերջնականապես խուճապի մատնվեցին, որը վերածվեց խուճապահար նահանջի: Քյազիմ Կարաբեքիրը թողեց դիտակետը: Հայերի հաղթանակը լիակատար էր:
Մարտից անմիջապես հետո սպարապետ Թովմաս Նազարբեկյանն իր հրամանում նշում է. «...Շնորհակալություն եմ հայտնում ռազմաճակատի Սարդարապատի տեղամասի հրետանու հրամանատար Քրիստափոր Արարատյանին` իրեն վստահված զորքերի հմուտ ղեկավարման համար...»:
Շնորհակալություն էր հայտնում նաեւ ողջ հայ ժողովուրդը:
Ք. Արարատյանը հետագայում կխոստովանի. «Ես երբեւէ չեմ եղել ավելի երջանիկ, որքան 1918-ի մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը»: 42-ամյա զորավարին շնորհվեց հրետանու գեներալ-մայորի կոչում եւ 1919-ի ապրիլին Ք. Արարատյանը նշանակվեց ՀՀ զինվորական նախարարի պաշտոնին մինչեւ 1920-ի մայիսը: Օգնական նշանակվեց Դրոն (Դրաստամատ Կանայանը): Ապրիլի 25-ին կազմվեց զինվորական խորհուրդ, որի նախագահ կարգվեց զորավար Թովմաս Նազարբեկյանը, անդամներ` զորավար Հ. Հախվերդյանը եւ Հովհաննես Բաղրամյանը: 1919-ի փետրվարին Արեւմտահայ 2-րդ համագումարը հանդիսավոր հայտարարեց, որ Հայաստանը միացյալ եւ անկախ է ճանաչում: Սույն հուշագիրը 8 նախարարների հետ ստորագրում է նաեւ զինվորական նախարար, գեներալ-մայոր Ք. Արարատյանը: Իսկ օգոստոսի 10-ին Ք. Արարատյանը մյուս նախարարների հետ ստորագրեց նոր կառավարության անդամների ցանկը: Փաստորեն, գեներալ մայոր Քրիստափոր Արարատյանը դարձավ Հայաստանի պաշտպանության առաջին նախարարը: Հետագայում, երբ հաստատվեց Համո Օհանջանյանի կուսակցականացված կառավարությունը, Արարատյանին առաջարկվեց մնալ իբրեւ նախարարի խորհրդական, ինչից նա կտրականապես հրաժարվեց եւ խնդրեց իրեն ուղարկել Կարս, որտեղ էլ Արարատյանը հայտնվեց գերության մեջ: Մի ամբողջ տարի Արարատյանը գերության մեջ էր: Ինքը` գեներալ Քյազիմ Կարաբեքիր փաշան, քանիցս այցելել է «Թուրքերի սարսափին» (Սարդարապատի ճակատամարտից հետո այդպես էին կոչում Արարատյանին)` հորդորելով ծառայության անցնել իրենց մոտ եւ դասախոսել թուրքական հրետանային ակադեմիայում: Հորդորներին հետեւեցին խոշտանգումները: Գեներալն անդրդվելի էր: Միայն 1921-ին գեներալը վերադարձավ հայրենիք: Այն ժամանակվա Հայաստանի կառավարության ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի առաջարկով զբաղեցրեց հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնը: Մյասնիկյանի զոհվելուց հետո Արարատյանն ազատվեց պաշտոնից եւ մեկնեց Մոսկվա` ուսանելու Ֆրունզեի անվան ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացներում: Վերադառնալուց հետո դարձավ Երեւանի պետական համալսարանի եւ մյուս բուհերի զինվորական ամբիոնների վարիչ: Երբեք որեւէ կուսակցության չհարած այդ ազնվագույն մարդը սրբորեն ծառայեց իր ժողովրդին: Այսօր արդեն քչերին է հայտնի, որ Երեւանին խմելու ջրով ապահովելու նախագծի հեղինակը գեներալ Արարատյանն է` նաեւ մեծատաղանդ ճարտարագետը: Կոմայգին էլ ստեղծվեց նրա ու իր սաների ջանքերով:
Գեներալի երկու երեխաներն ընտրեցին խաղաղ մասնագիտություններ: Կոնստանտինը ավարտեց Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոմելիորացիայի բաժինը, իսկ դուստրը դարձավ բալետի պարուհի: Այդպես էլ ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Ելենա Արարատովան, որ իրավամբ հայկական բալետի ամենահռչակավոր աստղերից էր, չդարձավ ժողովրդական արտիստ: «Ժողովրդի թշնամու» դուստրը չէր կարող կրել ժողովրդականի կոչում...
1937-ի օգոստոսին, տեղեկանալով իր մարտական ընկերոջ` գեներալ լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ձերբակալության մասին, Արարատյանն ինքնակամ ներկայացավ արյունարբու Մուղդուսուն, որը կրճտացնելով ատամներն` ասաց, թե նրա հերթը չէ: Այդ «հերթը» վրա հասավ սեպտեմբերի երկուսին: Տնից այդպես էլ անվերադարձ տարան անգամ գեներալի ձեռագրերը, զենքերը, ընտանեկան լուսանկարները:
1937-ի դեկտեմբերի 10-ի առավոտվա ժամը հինգին չեկիստները բեռնատար մեքենայով Ավանի ձոր տեղափոխեցին մի խումբ նախկին զինվորականների` գեներալներ Մովսես Սիլիկյանին, Քրիստափոր Արարատյանին, Դմիտրի Միրիմանյանին, գնդապետներ Աղասի Վարոսյանին, Ստեփան Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին, Հարություն Հակոբյանին: Չեկիստներն արդեն սովորության համաձայն փորձեցին կապել նրանց աչքերը: Բոլորն էլ հրաժարվեցին:
- Մահվան աչքերին շատ ենք նայել: Կրակեք....
Համազարկը չուշացավ: Հայ բոլշեւիկների կրակոցից ընկան Հայաստանի Հանրապետության ռազմական (պաշտպանության) առաջին նախարարն ու նրա ընկերները` հայ ժողովրդի պանծալի զավակները:
Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ փոքր ազգերն ապրելու իրավունքը պետք է արյամբ վաստակեն: Ճակատագրական պահերին հայերը համախմբվել են, սակայն վտանգը հաղթահարելուց հետո սկսվել են ներքին կռիվներն ու բանսարկությունները, ակամա հող նախապատրաստելով նոր արհավիրքների համար: Հայ հերոսները` Վարդանից մինչեւ Մոնթե, վստահ նայել են մահվան աչքերին` համոզված լինելով, որ իրենց նահատակությունը կկռի միասնության այն վահանը, որը ոչ միայն կպաշտպանի Հայաստանն ու հայերին, այլեւ կդարձնի լիարժեք տեր իր երկրին ու իր արդար պատմական պահանջին:
ԶԱՐԻՆԵ ԹՈՐԳՈՄՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment