Monday, May 19, 2008
ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ Ս. ՆՈՐԱՇԵՆԸ
Եղբա՞յր եմք մեք...
Վիրահայոց թեմն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնել Թբիլիսիում գտնվող Ս. Նորաշեն հայկական եկեղեցու եւ դրան հարող տարածքի հանդեպ վրաց եկեղեցու հոգեւորական Թարիել Սիկինչելաշվիլու ոտնձգության կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը, Ս. Նորաշենը կառուցվել է 15-րդ դարի կեսերին եւ կառուցման օրվանից մաս է կազմել Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանի: 20-րդ դարի 30-ականներին, ի թիվս այլ կրոնական կառույցների, եկեղեցին փակվել է եւ օգտագործվել որպես գրքերի պահեստ: Վրաստանում անկախության հռչակումից հետո երկրի կառավարությունը չվերադարձրեց եկեղեցին օրինական, պատմական սեփականատիրոջը:
Հաղորդագրության համաձայն, վերջին օրերին տեր Թարիելն ու նրան ենթակա մի խումբ մարդիկ Ս. Նորաշեն եկեղեցին ու հարող տարածքները անջրպետող երկաթյա պարիսպ են քաշում` վրաց եկեղեցուն հատուկ կրոնական տարրերով: Վիրահայոց թեմն այս ամենը դիտարկում է որպես վրացական կողմից Հայ առաքելական եւ Վրաց ուղղափառ եկեղեցիների միջեւ կնքված Թբիլիսիի 5 եկեղեցիների, այդ թվում` Նորաշենի, պատկանելության հարցը քաղաքակիրթ լուծելու մասին ձեռք բերված համաձայնության խախտում:
Առավել հետաքրքրական է, որ տեր Թարիելը հայտարարել է, թե մոտ ժամանակներս պատրաստվում է եկեղեցու ներսում «վերականգնողական» աշխատանքներ իրականացնել, որից հետո հայկական Նորաշենում ծիսակատարություններ կիրականացնի վրաց եկեղեցին:
Վիրահայոց թեմը գրավոր դիմել է վրաց եկեղեցուն եւ համապատասխան պետական կառույցներին, որոնց կողմից այսօրինակ գործողությունը կանխելու համար որեւէ քայլ չի ձեռնարկվել: Վիրահայոց թեմը հիշեցնում է վրացական կողմին այսօրինակ հարցերը քաղաքակիրթ լուծելու առնչությամբ ձեռք բերված համաձայնության մասին, նշելով, որ իրադարձությունների ոչ քաղաքակիրթ զարգացումը կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment