Friday, June 13, 2008

****ՀՆԱԳՈՒՅՆ ՏՈՆԵՐԻ, ԾԵՍԵՐԻ ՎԵՐԱՐԹՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ ԱՄԱՆՈՐԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ****

Տոմարագետ, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գեւորգ Բրուտյանը եւ իր համախոհները փորձում են ազգային պետական օրացույցը, ազգային ծես-ծիսակարգերը, տոները, ավանդույթները վերարթնացնել ու պահպանել, արդի մտածողությամբ դրանք մեկնաբանել, ինչն, իրոք, յուրօրինակ է: Ի թիվս դրանց, նաեւ Ամանորը, վաղուց արդեն հայերիս մոտ արմատացած հունվարի 1-ը, ըստ տոմարագետի, մեր ավանդական տարեմուտի տոնի հետ առնչություն չունի եւ փոխառված է հռոմեական օրացույցից: Հայերը հնում Նոր տարին նշել են ամեն տարվա ամառային արեւադարձից մեկ շաբաթ առաջ ընկած օրը՝ հունիսի 14-ին: Մեր նախնիներն այդ օրը ճշտել են որոշակի աստղի դիտումով՝ արեգակնային համբարձումներով, որ ճշգրիտ չափման միջոց է եղել: Այսօր այդ եղանակով հնարավոր չէ պարզել՝ աստղի դիրքի փոփոխության պատճառով: Հին հայերի նավասարդյան ամանորը, որ օգոստոսի 11-ին է համապատասխանեցվել, XII դարում ընդունել է տոմարագետ Հովհ. Սարկավագը՝ որոշակի նպատակով ծիսակարգային անշարժ օրացույցի համար որպես հիմք համարելով հռոմեական օգոստոսի 11-ը: Հայկական ավանդական ամանորը յոթնօրյա բացօթյա տոնակատարությամբ տեղի է ունեցել Նպատ լեռան ստորոտում՝ արքունիքի, աշխարհազորի ներկայությամբ: Տոնի գլխավոր ծիսական արարողությունը լեռան գագաթին մեկամյա կենդանու զոհաբերությունն է եղել (հիմնականում՝ եղջերու) եւ ծիսական կերակուր եփելը (զոհաբերած կենդանու մսով հարիսա): Հեթանոս հայերի ամանորյա այս տոնակատարությունը շարունակվել է նաեւ քրիստոնեության վաղ շրջանում:

Անցյալ տարի հայերի ակունքները որոնողների մի խումբ առաջին փորձն է արել՝ Ամանորը հունիսի 14-ին նշելու, որը կատարվել է Հայաստանի ամենաբարձր սարի՝ Արագածի գագաթամերձ լճի մոտ:

Գեւորգ Բրուտյանը եւ իր ընկերներն այս տարի այդ փորձը կրկնելու են շաբաթ օրը. մեկնելու են դրամատիկական թատրոնի շենքի մոտից, ժամը 9-ին: Այս մասին մամուլի ասուլիսին երեկ «Տեսակետ» ակումբում ասաց տոմարագետը:

Մեծանուն աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը լրանում է այս տարի: Գ. Բրուտյանը նկատեց, որ թանգարանի շենքը, որտեղ 46 տարի ապրել է գիտնականը, վթարային է, գիտնականի արխիվն առայժմ ուսումնասիրված-հետազոտված չէ, որի հիմնական պատճառը հաստիքի բացակայությունն է: Նույն վիճակում է նաեւ գիտնականի հոր, նշանավոր բանասեր, թարգմանիչ Համազասպ Համբարձումյանի արխիվը:

Մ. Բ.

No comments: