Friday, June 13, 2008

ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՉՃԱՆԱՉԵՑ 1915-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնականը վա՞խն է թուրք ծայրահեղականներից

Հունիսի 12-ին Շվեդիայի խորհրդարանը 245 ձայնից միայն 37 կողմ է արձանագրել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին: Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի հայկական ասոցիացիաների միության նախագահ, «Արմենիկա.օրգ» էջի գլխավոր խմբագիր Վահագն Ավետյանը, քվեարկության նախորդ օրը շվեդական խորհրդարանում երկար քննարկումներ են եղել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` մարդու իրավունքներին առնչվող զեկույցների կապակցությամբ` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով:

Ցեղասպանության ճանաչման բանաձեւի մերժման հիմնավորումներն արդեն իսկ քվեարկության նախօրեին ձեւակերպվում են 4 կետով: Մասնավորապես, Շվեդիայի որոշ քաղաքական ուժեր բանաձեւը չընդունելու փաստարկներից մեկն են համարում ՄԱԿ-ի կողմից Հայկական հարցի առնչությամբ որեւէ փաստաթղթի ընդունված չլինելու հանգամանքը:

Երկրորդ փաստարկը 1948 թվականին ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւի ընդունման ժամանակ գոյություն չուներ Օսմանյան կայսրությունը, այլապես կարող էր ցեղասպանություն գնահատվել քաղդեացիների, ասորիների, հայերի հետ տեղի ունեցածը: Երրորդ փաստարկով նշվում է, թե դեռեւս առկա է տարաձայնություն Օսմանյան կայսրության փլուզման տարբեր իրադարձությունների եւ ուղղությունների առչնությամբ:

Վերջին փաստարկը ընդդեմ բանաձեւի ընդունման, վերաբերում է Թուրքիայում ներկա իրավիճակին ու զարգացումներին այն մոտեցմամբ, թե նման բանաձեւը կարող է դրդել ազգային որոշ նրբին գործընթացների, ինչն էլ կարող է բերել ծայրահեղականների գործողությունների:

Ինչեւէ, մինչեւ քվեարկությունը, քննարկմանը Ձախ ուժերը ներկայացնող խորհրդարանական Հանս Լինդը երեք հարց է առաջադրել ի հակադրություն նշված «փաստարկների». ովքե՞ր են այն հետազոտողները, որ չեն համաձայնում 1915 թվականի իրողություններին, եթե 1948 թվականի ՄԱԿ-ի բանաձեւով չի կարելի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպե՞ս է ճանաչվում Հոլոքոսթը, եւ ինչո՞ւ պետք է վախը Թուրքիայի ներսի ծայրահեղականներից թելադրի խոսքի ազատությունը շվեդական խորհրդարանում: Բանաձեւը մերժելուն կողմ արտահայտվողներից ոչ մեկը պատասխան չի տվել:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: