Friday, June 27, 2008
«ՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՓԱՐԻԶԸ»
«Գասպրինտ» հրատարակչությունը 2007-ին տպագրել է «Սարյանը եւ Փարիզը» խորագրով ժողովածուն: 328 էջ ծավալով (չհաշված Մարտիրոս Սարյանի եւ օտարազգի նկարիչների՝ բազմաթիվ ներդիր գունավոր նկարները) այդ ժողովածուն հրատարակվել է շքեղ կազմով եւ բարձրորակ թղթով: Գիրքը նորություն է, որովհետեւ առաջին անգամ գրեթե ամբողջությամբ ներկայացվում է մեծն Սարյանի փարիզյան կյանքն (1926-1928 թթ.) ու այդ շրջանի ծանրակշիռ արվեստը: Եվ այս երեւույթը Մարտիրոս Սարյանի հանճարը, նրա մեծությունն ընկալելու, գնահատելու նորովի հնարավորություն է ընձեռում:
Ժողովածուի հրատարակությունը նախաձեռնել, բնագրերը հավաքել ու պատրաստել, կազմել եւ գեղարվեստական ձեւավորումը ծրագրել է Երեւանի Սարյանի տուն-թանգարանի տնօրենուհի, արվեստաբան Ռուզան Սարյանը:
Պետպատվերով հրատարակված «Սարյանը եւ Փարիզը» ժողովածուին իր նպաստն է բերել տիկին Ալիս Նավասարդյանը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Էդուարդ Նավասարդյանի:
Ժողովածուն խմբագրել, որոշ նյութեր թարգմանել եւ 23 էջ ծավալով վերլուծական առաջաբան է գրել ճանաչված գրականագետ, արվեստասեր Ավիկ Իսահակյանը: «Որքա՜ն ազատ եմ այստեղ շնչում...» (Սարյանի միտքն է. Ռ. Ի.) վերնագրով առաջաբանում, ելնելով ժողովածուի նյութերից, հանգամանորեն քննում ու բնութագրում է Մ. Սարյանի փարիզյան կյանքի դրվագները եւ այդ շրջանի նրա արվեստը: Ապրելով Փարիզում (1926-1928 թթ.), Մ. Սարյանը պատկերում էր հայրենի եզերքի գունագեղ բնությունը: Փարիզյան կտավներն արտահայտում են հանճարեղ նկարչի ու հայկական անզուգական բնաշխարհի ներդաշն միասնության վեհ գաղափարը. Սարյանը եւ Հայաստանը մի անտրոհելի համաձուլվածք են: Ավիկ Իսահակյանը իր առաջաբանի վերջում ընդհանրացնում է. «... Ներկայացվող գիրքը նաեւ մի պատուհան է՝ բացված Սարյանի կյանքի եւ ստեղծագործության փարիզյան շրջանի վրա, որը կես դար, գուցե եւ ավելի ժամանակահատված խորհրդային պաշտոնական քննադատության կողմից անտեսվել, լռության է մատնվել. ասես ոչինչ չի եղել...» (էջ 23):
Անդրադառնալով ժողովածուի նյութերին՝ նշեմ, որ հայ արվեստի պատմության մեջ հայտնի է, որ Մարտիրոս Սարյանը 1926-28 թթ., մոտ մեկուկես տարի, ապրել է Փարիզում, արգասաբեր ստեղծագործել, կերտել հանճարեղ կտավներ՝ առլեցուն հայկական կյանքով ու բազմերանգ բնությամբ: Ինչպիսի՜ հոգու աչքեր, մտքի թռքիչներ ու երեւակայություն է ունեցել Սարյանը, որ ապրելով շքեղաշուք Փարիզում, տեսնելով Նոտր Դամը, Սիտեն, Վերսալը, Էյֆելի աշտարակը, Ելիսեյան դաշտերը, Բուլոնյան անտառը, Մոնմարտրն ու Մոնպառնասը, Սենայի ափերն ու Սեն-Միշելը, վրձնել է Կոտայքի լեռները, հայկական գյուղը, հայրենի աղբյուրը, լեռնային գետակը, կիրճը, ծառը եւ այլն: Ինչպիսի՜ կապվածություն հայրենի երկրին ու հողին...
Սակայն, ավա՜ղ, Փարիզում նրա պատկերած մոտ 40 նկարները Հայաստան վերադառնալու ճանապարհին այրվել են Կոստանդնուպոլսի նավահանգստում՝ ֆրանսիական բեռնատար նավի վրա բռնկված հրդեհից: Սա մի դրամատիկ էջ էր մեծ նկարչի կյանքում:
Ընդգծեմ, որ ժողովածուի ընդգրկած մի շարք նյութեր հրապարակվում են առաջին անգամ, եւ, որ կարեւորն է, զգալի մասն էլ Մ. Սարյանի «Գրառումներ իմ կյանքից» աշխատության հեղինակային, այսինքն՝ մայր բնագրից բերված մասունքներ են, իրենց հատուկ գունեղ լեզվով ու կենսափիլիսոփայական խորքով: Սարյանը պատկերել է իր ճամփորդությունը Սանկտ Պետերբուրգից Փարիզ եւ իր փարիզյան կյանքն ու արվեստը: Գրքի նյութերից յուրաքանչյուրը մեծ նկարչի դիմապատկերի մի ուրվագիծ է, վառ վկայություն՝ նրա տպավորությունների ու անպատմելի գեղագիտական ճաշակի ու զգացողության:
Ժողովածուում մի առանձին բաժին են կազմում Մ. Սարյանի նամակները, հոդվածները, մտքերն ու կարծիքները հանրահռչակ Վան Գոգի, Պոլ Գոգենի, Ռենուարի, Պաբլո Պիկասոյի, ֆրանսիական իմպրեսիոնիստների մասին: Դրանք, որ ընտրաքաղված են թե՛ անցյալ դարի մամուլի էջերից, թե՛ տարբեր ցուցահանդեսների կատալոգներից եւ թե՛ մի շարք արվեստագետների գրքերից, հուշերից, աներկբայորեն վկայում են Մ. Սարյանի գեղագիտական փայլուն մտածողության ու լայն աշխարհայացքի մասին:
Նմանօրինակ նյութերի ժողովածու կազմելով, կարելի է ասել, Ռուզան Սարյանը իրագործել է իր նպատակը: Բայց կազմողն իր առջեւ դրել է առավել բարդ խնդիր՝ ո՛չ միայն ներկայացնել «Փարիզը Սարյանի աչքերով ու ըմբռնմամբ», այլեւ բացահայտել, թե ի՛նչ է «Սարյան-Փարիզ զուգահեռը արվեստագետների աչքերով ու հայացքներով»: Հենց այս զուգահեռն է ներկայացված գրքի երկրորդ մասում:
Գրքի նյութերը կարելի է բաժանել երկու մասի. հրապարակումները՝ կապված Սարյանի կյանքի ու ստեղծագործության փարիզյան շրջանին եւ նրա առաջին ցուցահանդեսին (Փարիզ, 1928) եւ, երկրորդ, հրապարակումներ, որոնք ցուցադրում են Սարյանի արվեստն ու նրա փարիզյան հաջորդ ցուցահանդեսները՝ 1980-ից մինչեւ ներկա ժամանակները:
Այստեղ է, ահա՛, որ մենք վերջապես կարող ենք ունկնդիր լինել ոչ միայն Սարյանի արվեստի հայազգի մեկնաբանների, այլեւ օտարազգի արվեստագետների (հիմնականում ռուս, ֆրանսիացի) ծանրակշիռ գնահատումներին: Եթե հայ մարդուն ուրախացնում է Սարյանի արվեստը գնահատողների այնպիսի սիրված եւ հաճախ անսպասելիորեն հայտնված հայկական անուններով, ինչպիսիք են Արշակ Չոպանյանը, Երվանդ Քոչարը, Ռաֆայել Շիշմանյանը (Հրաչ կեղծանվամբ), Զապել Եսայանը, Վահան Թոթովենցը (Թովի), Վիլյամ Սարոյանը եւ այլք, ապա այլազգիների շարքում են Աբրամ Էֆրոսը, Վլ. Իվանովը, Ալեքսանդր Կամենսկին, Իլյա Էրենբուրգը, Լուի Արագոնը, Ռաուլ-Ժան Մուլեն, Պոնտյուս Հյուլտոնը եւ ուրիշները: Եվ այս հեղինակավոր արվեստագետները պատշաճ ձեւով են արժեւորում ու չափակշռում Մ. Սարյանի արվեստը:
Մի կարեւոր հանգամանք. Սարյանի մասին ֆրանսիացիների բարձր կարծիքները ցայսօր մեծավ մասամբ անմատչելի էին արվեստասեր շատ ընթերցողների՝ թե՛ սկզբնաղբյուրներ ձեռք բերելու, եւ թե՛ լեզվական խոչընդոտի առումներով: Այսինքն՝ նոր հավաքած նյութերից բացի, ներկա ժողովածուի համար կատարվել է (Ռ. Սարյանի, Ավիկ Իսահակյանի կողմից) թարգմանական պատկառելի աշխատանք:
Գրքում ճաշակով զետեղված են 35-ից ավելի ցուցադրական նյութեր, մեծարժեք ներդիր նկարներ, որոնք առավել խոսուն ու արտահայտիչ են դարձնում Մ. Սարյանի փարիզյան շրջանի արտակարգ լուսավոր ու բազմերանգ արվեստը՝ կենսափիլիսոփայական խորքով ու լայնընդգրկուն բովանդակությամբ:
Համակողմանիորեն ներկայացնելով Մ. Սարյանի կյանքի ու ստեղծագործության փարիզյան բազմաբեղուն շրջանը՝ գրախոսվող աշխատությունը փաստագրական լայն հնարավորություն է ընձեռում ընթերցողին միանգամայն նորովի ընկալելու եւ արժեւորելու նկարչի հանճարը: Աներկբայորեն հավասարվում է մեծահռչակ Լուի Արագոնի հետեւյալ միտքը. «Այնքան գեղեցիկ, որ դարերը մեր Սեզանի, մեր Մատիսի կողքին կդասեն Սարյանին՝ առաջին կարգում եւ ավելի վեր (ընդգծումն իմն է,- Ռ. Դ.) հռչակավոր նկարիչներից, քանզի նա երջանկության նկարիչ է» (էջ 246): Հիրավի, այդպես է. Մարտիրոս Սարյանն ունի իր իսկական տեղը ազգային ու համաշխարհային արվեստում:
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment