Monday, June 30, 2008

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ

Կամ ինչպես վերացնել «հակասեմիտիզմն» ու Բեն Լադենին Հայաստանից

Ինչպես հայտնի է, վերջին օրերին Հայաստանում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Դեյվիդ Կրամերը: Նման բարձրաստիճան հյուր Վաշինգտոնից մեր երկիր ամեն օր չէ, որ ժամանում է, այնպես որ, կարծում եմ, վերջինս արժանի է մեր ուշադրությանը, հատկապես հաշվի առնելով թե՛ մարդու իրավունքների եւ թե՛ ժողովրդավարության խայտառակ վիճակը Հայաստանում:

Արեւմտյան տարբեր տրամաչափի չինովնիկների այցերին հետեւելը ինքնին հետաքրքրական է, քանի որ միանգամից կարծիք ես կազմում մի քանի հարցի վերաբերյալ, նախ` պարզորոշ երեւում է մեր քաղաքական դաշտի ու ընդհանրապես հասարակության գավառականությունն ու նաեւ այդ արեւմտյան չինովնիկների մտավոր տգիտությունը, որոնցից շատերը, իմ կարծիքով, Հայաստան գալուց ու մեկնելուց հետո էլ գլխի չեն ընկնում թե, օրինակ, աշխարհի որ մայրցամաք են այցելել: Ինչեւէ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը, հասկանալի կերպով, պայմանավորված էր մեր երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակով եւ «պետքարտուղարության անհանգստությամբ այդ առիթով»:

Կիսելով պետքարտուղարության մտահոգությունը, այնուամենայնիվ չենք կարող չանդրադառնալ Դեյվիդ Կրամերի մի քանի հայտարարություններին, որոնք նա հնչեցրեց իր այցի եւ բազմաթիվ հանդիպումների ժամանակ:

Նախ` հակասեմականության մասին, որն այդքան սարսափեցրել էր մեր բարձրաստիճան հյուրին: Վերջինս բոլոր հանդիպումների ժամանակ անընդհատ շեշտում էր, որ հակասեմականությունը Հայաստանում անթույլատրելի է: Չհամաձայնել նման տաղանդավոր մտքին, իհարկե, չենք կարող, սակայն փորձենք նախ եւ առաջ հասկանալ թե ինչ նկատի ունի Կրամերը հակասեմականություն ասելով: Մեր ընթերցողներին հիշեցնեմ, որ ըստ ազգագրության լեզուներն իրենց ծագումնաբանությամբ բաժանվում են լեզվաընտանիքների, որոնցից մեկն է նաեւ սեմական լեզվաընտանիքը, որի մեջ մտնում են մի շարք լեզուներ` արաբերեն, ասորերեն, արամեերեն, եբրայերեն եւ այլն: Այսինքն` չեմ կարծում, թե որեւիցե մեկը հայտարարի, թե Հայաստանում կան հակաարաբական կամ հակաասորական տրամադրություններ, արամեացիների մասին ընդհանրապես քչերը գիտեն, իսկ եթե փոխպետքարտուղարը նկատի ունի հակահրեականությունը, ապա նկատենք, որ Կրամերը սխալ երկրում է անում նման հայտարարությունները: Հենց մեր հարեւան երկու երկրներում` Իրանում եւ Թուրքիայում է հակահրեականությունը կամ հակասիոնիզմը բավականին տարածված, առաջինում` պետական, երկրորդում` կենցաղային մակարդակով: Հայ իրականության մեջ հակահրեականություն երբեք չի եղել ու չկա մինչ օրս, իսկ տարբեր մանր-մունր կազմակերպությունների ժամանակ առ ժամանակ տարածվող նմանատիպ հայտարարությունները երբեք լուրջ չեն ընդունվել, առավել եւս չեն էլ նկատվել հասարակության լայն շերտերի կողմից: Իսկ եթե Կրամերը այսպիսով ցանկանում էր պաշտպանել լեւոնական ընդդիմությանը, որն իր ցույցերին սիրում էր Իսրայելի դրոշը ծածանել, ապա իր հայտարարությամբ պետքարտուղարի տեղակալը, կարծես թե ոչ ուղղակիորեն հաստատում է մամուլում տարածված այն հաղորդագրությունները, թե իբր լեւոնական ընդդիմությունը լուրջ գումարներ է ստացել Իսրայելից:

Ինչեւէ, Կրամերի այցը հետաքրքրական էր նաեւ մեկ այլ առումով. ցույց տվեց մեր քաղաքական ու լրատվական միջոցների գավառականությունը: Դուք երբեւէ եղե՞լ եք Հայաստանի հեռավոր գյուղերից որեւիցե մեկում, եթե եղել եք, ապա շատ լավ կհասկանաք «քաղաքից մարդ ա եկել» արտահայտության ողջ ուժը, դա բավական է, որ ամբողջ գյուղի բնակչությունը հավաքվի գյուղացիներից մեկի տանը եւ թամաշա անի «քաղքից» եկածին: Թումանյանի Գիքորի ոճով արած նմանատիպ մի պատմություն էլ կապված էր Կրամերի այցի հետ: Հետաքրքրական էր դիտել, թե ինչպես էր հայաստանյան քաղաքական ողջ վերնախավը հերթ կանգնել ԱՄՆ-ի դեսպանատան առաջ` սեղմելու Կրամերի ձեռքը: «Քաղքից» եկած տղեն բոլորին մեծահոգաբար ընդունում էր, ժպտում, խոսում, խորհուրդներ տալիս, մեծահոգաբար ուսերին թմփթմփացնում ու նույնիսկ պատասխանում լրագրողների հարցերին: Իշխանամետ լրագրողներն անհամբեր սպասում էին թե ինչ դրական բան կասի մեծարգո Կրամերը իշխանությունների հասցեին, իսկ ընդդիմադիրները` թե ինչպես կքննադատի նույն այդ իշխանություններին: Ասենք, որ Կրամերը, դեռ Հռոմեական կայսրության ժամանակներից հաստատված ավանդույթի համաձայն, հավասարաչափ մտրակ ու բլիթ էր բաժանում բոլորին, իր «հպատակներին» հորդորելով հանգիստ ապրել, իրար միս չուտել, իրար հետ երկխոսության գնալ, չգժտվել, առավել եւս դատարկ բաների համար, եւ ընդհանրապես հետեւել մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը երկրում: Իսկ այն երջանիկները, ովքեր անձամբ սեղմել էին Կրամերի ձեռքը, հավանաբար երդվեցին իրենց ձեռքն այլեւս չլվանալ ու բոլորին ցույց տալ, հպարտանալով, որ այս ձեռքով են սեղմել աշխարհում մարդու իրավունքներ ու ժողովրդավարություն տարածողի ձեռքը:

Ի դեպ, ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին, հիշո՞ւմ եք, ժամանակին, որպեսզի իր հեգեմոնիան տարածի ողջ աշխարհում, ԽՍՀՄ-ը պրոլետարական հեղափոխություն էր տարածում, իսկ այաթոլլա Խոմեյնին՝ իսլամական հեղափոխություն: 21-րդ դարում ամենալավ տարածվող «բրենդը» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն են: Հասկանալի է, որ մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը մտրակ դարձրած ԱՄՆ-ը ժամանակ առ ժամանակ իր ներկայացուցիչներին է ուղարկում հսկելու համար, թե ինչպես են վերը նշված արժեքները տարածվում եւ ով է այդ ուղուց շեղվել: Այնպես որ, Դեյվիդ Կրամերին կարելի է դիտարկել ամերիկյան այդ մտրակի դերում, որը եկել էր վատ լսող աշակերտներին ձաղկելու:

Ի դեպ, հետաքրքրական էր նաեւ Կրամերի մեկ այլ հայտարարությունը, որ սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված երկկուսակցական հանձնաժողովի օրինակով Հայաստանում եւս պետք է այդպիսի հանձնաժողով ստեղծել: Թե ինչո՞ւ էր հատկապես սեպտեմբերի 11-ի հանձնաժողովը օրինակ բերել փոխպետքարտուղարը, դժվարանում եմ ասել, սակայն համեմատությունն ինքնին հետաքրքրական է, կարելի է կարծել, որ, հավանաբար, ըստ ամերիկացիների, մարտիմեկյան դեպքերի ժամանակ կողմերից մեկում միջազգային ահաբեկիչներ են եղել, ափսոս, Կրամերը չի ճշտել թե հատկապես ո՞ր կողմում էր մարտնչում «հայազգի» բեն Լադենը:

Ինչեւէ, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Կրամերի այցը Հայաստան մեկ անգամ եւս պարզորոշ ի ցույց դրեց մեր քաղաքական վերնախավի, թե՛ իշխանամետ եւ թե՛ ընդդիմադիր ու նրանց սպասարկող լրատվամիջոցների ողջ գավառամտությունը եւ քաղաքական սնանկությունը: Վերջիններս չունենալով ազգային-պետական մտածելակերպ, մի ամբողջ պետության ապագան տեսնում են միայն Արեւմուտքից ժամանած այս կամ այն չինովնիկի հայտարարության մեջ, փորձում են ինչ-որ նրբերանգներ հասկանալ նրա ասածներից, դրանով ուրախանալով կամ տխրելով:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

No comments: