Առաջինը կհելիոֆիկացվի Սառնաղբյուր գյուղը
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի նման նվազ ռեսուրսներ ունեցող երկրին հրաշքներ պետք են` ոտքի կանգնելու եւ տնտեսապես հզորանալու համար: Հրաշքներ` բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստներով, ոչ առաջինը կխանգարի,ոչ էլ երկրորդը: Եթե միայն հիշենք, թե տարբեր մասնագետներ ինչպես են անվերջ մտմտում` գտնելու քիչ ծախսատար ճյուղեր եւ տարածաշրջանային մակարդակով զարգացնելու` շահույթ բերելով պետությանն ու իրենք իրենց, հիշենք հաջողված եւ չներդրված, ընթացքից ձախողված գյուտերը, կարելի կլինի փաստել, որ հայ միտքն աշխատում է` ըմբռնելուվ, որ տարածաշրջանային մեզ շրջանցող ծրագրերի, մեզ շրջապատող ու մեզ կուլ տալ պատրաստվող հզորների առկայությամբ մենք այլընտրանք չունենք` գործի պետք է դնենք մեր միտքը, մեր գիտական ներուժն ու հնարամտությունը` հզորների ոտքի տակ չգնալու համար: Ապա եւ տեր կանգնենք մեր մտքին: Նույնիսկ տարբեր տեղական եւ դրսեկ նոստրադամուսներ գուշակում են, որ Հայաստանում պետք է մի քանի հրաշքներ կատարվեն, այդ թվում` գտնվելու է էլեկտրաէներգիա ստանալու այնպիսի պրիմիտիվ մեթոդ, որի շնորհիվ Հայաստանն այլեւս էներգիայի պրոբլեմ չի ունենալու:Հերունին փորձում է, չէ՞, արեւի էներգիան վերածել հոսանքի, ուրիշ բան, որ մերոնք առայժմ իրենց սուպերմարկետներով են զբաղված եւ բավարար չափով չեն սատարում գիտնականին` իրականացնելու գիտական մտահղացումը:
Պատահականությունը կամ Աստված, ով գիտե, այս տարվա հունվարի 19-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում երկրի այն ժամանակվա վարչապետ, այժմ նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպեցրեց տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի հետ, ով իր հայրենի գյուղը հելիոֆիկացնելու ծրագիր ունի եւ հենց այդ օրը գյուղի եկեղեցում էր. գյուղ էր տարել առաջին անգամ ցուցադրելու իր եւ իր աշխատանքային խմբի նախագծած ու կառուցած արեւային սարքը: Հենց եկեղեցում էլ նրան ներկայացրին Ս. Սարգսյանին, ով նախագահի թեկնածուի ընտրարշավի էր գյուղում:
Նախագահի թեկնածուի հետ Համազասպյանը կես ժամ զրուցեց եւ նրանից ըմբռնում եւ աջակցության խոստում ստացավ. «Ձեր ասածի 50 տոկոսը որ իրականություն դառնա, դա մեծ բան կլինի Հայաստանի համար», ասաց Ս. Սարգսյանը:
Վահան Համազասպյանը ստեղծել է արեւային էներգիայով աշխատող տեխնիկա` այսպես ասած հելիոհամակարգեր, որոնք օգտագործվում են տաք ջուր ստանալու, սնունդ վերամշակելու եւ կենցաղային մի շարք այլ խնդիրներ լուծելու համար, եւ որոշել է նախ իր ծննդավայրի ընտանիքներում առաջինը նորագույն տեխնոլոգիան ներդնել:
Սնունդ վերամշակելիս արեւային տեխնիկայի կիրառությունը բարձր տեխնոլոգիա է ոլորտում, նրա նախագծած սարքերն այսօր նմանակը չունեն աշխարհում, անցել են լրիվ փորձարկումները եւ պատրաստ են սերիական արտադրության: Իսկ Ս. Սարգսյանին Համազասպյանը պատմել է Սառնաղբյուր գյուղը հելիոֆիկացնելու իր ծրագրի մասին եւ այն, որ հետագայում հույս ունի հելիոֆիկացնել Հայաստանի մյուս գյուղերը, եւ ընդհանրապես` աշխարհն է գալու հելիոֆիկացիայի գաղափարին:
Նախապատմությունը
Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը ծնվել է Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում, ավարտել է Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով, պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը եւ Մոսկվայի կիսահաղորդչային էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան:
1981 թվականին իր ասպիրանտների հետ Արտաշատում հիմնեց «Էլեկտրոնստանդարտ» հայկական գիտահետազոտական ինստիտուտը, որը սպասարկում էր Անդրկովկասի եւ Հյուսիսային Կովկասի ռազմական արդյունաբերության 500 ձեռնարկությունների: Աշխատել է Մոսկվայի, Լենինգրադի եւ Հայաստանի էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություններում:
Արեւային տեխնիկայով սկսեց զբաղվել 1993 թվականից, իր ասպիրանտ Վալերի Մարկարյանի հետ: 1989 թվականից արդեն Հայաստանի ռազմական արդյունաբերության 150 խոշոր ձեռնարկությունները փլուզվում էին (ընկնում էին կոնվերսիայի տակ` ինչպես ասում են). դա նշանակում էր շուկաները կորցնել եւ զրկվել արտադրատեսակներից: Հայաստանի արդյունաբերության առյուծի բաժինն ընկնում էր այդ 150 խոշոր ձեռնարկություններին: Համազասպյանն ու իր համախոհները խնդիր դրեցին դուրս գալ այդ իրավիճակից եւ այնպիսի զբաղմունք գտնել, որպեսզի կարողանան օգտագործել գործարանների տեխնիկական եւ գիտական պոտենցիալը. շատ փնտրտուքներից հետո նրանք հանգեցին այն մտքին, որ Հայաստանում հեռանկարային կարող է լինել արեւային տեխնիկան. այդ գործում կարելի է միավորել Հայաստանի էլեկտրոնային արդյունաբերության եւ մեքենաշինական բազան, (գիտական սարքաշինություն է ներառում):
Այս ուղղությամբ էլ համախոհները սկսեցին աշխատատել, եւ արդեն հասել են շատ բարձր մակարդակի` Համազասպյանն ու իր ասպիրանտների մի մեծ գիտական խումբ աշխատում է այսօր հելիոհամկարգերի նորանոր տեսակների ստեղծման վրա:
Ոլորտում աշխարհի միտումները նկատի՞ են առնված
Պատմում է Համազասպյանը. «1993 թ. մենք որոշեցինք, որ ոչ մի գրականություն չենք նայում. մեր նպատակը ոչ թե էներգիտիկա կամ այլ ոլորտ զարգացնելն էր, այլ արդյունաբերության համար նոր բնագավառ գտնելը, մեր արդյունաբերության ունեցած գիտական եւ տեխնիկական ներուժն օգտագործելը: Էդ իմաստով կարիք չկար ուսումնասիրել ուրիշնեnի փորձը, որ իրենց սխալ ճանապարհներով մենք չգնայինք, քանի որ մեր կադրային ներուժը շատ բարձր մակարդակի վրա էր եւ է. ես չեմ կարծում, որ արտերկրում նման դասի մասնագետները նույնիսկ կզբաղվեին էդ կարգի գործերով, եւ արդյունքներն իրենք վկայում են իմ ասածի մասին...»:
Վահան Համազասպյանի բառերով` այսօր նրանք իրենց ձեռքբերումների ողջ պատկերը ցույց չեն տալիս` միայն այսբերգի գագաթը, քանի որ գիտության նորույթները սովորաբար միշտ աջուձախից գողացվում են, բայց շատ-շատ գյուտեր ունեն ոլորտում, որոնց արտերկրի գիտնականները դեռ չեն հասել. արեւային տեխնիկայով դրսում օգտագործում են ջրատաքացուցիչներ միայն, դա հագեցած շուկա է, ու սպառողական հատկանիշներով այդ սարքերը դեռ չեն բավարարում պահանջարկը (գին, հարմարավետություն եւ այլն):
Առաջ գնում են` ֆոտոպանելի, հոսանք ստանալու ուղղությամբ, բայց մերոնք այլ ուղղությամբ են գնացել, որը չի կիրառում աշխարհը` հեռանկար չեն տեսել այդ ուղղության մեջ եւ սխալվել են. «Մենք տեսանք մեծ շուկա` ամբողջ աշխարհը. 2020 թվականի համար հաշվարկած է, որ էդ շուկան լինելու է 4-5 տրիլիոն դոլարի սահմաններում: 1993 թվականին նավթի մեկ բարելը մոտավորապես 20 դոլար էր, էսօր արդեն 146, գազն անընդհատ թանկանում է, էներգետիկայի խնդիրը դառնում է աշխարհի թիվ մեկ պրոբլեմներից մեկը, այնպես որ այլընտրանքի որոնումը հրատապ է»:
Դրանք ծախսատար նախագծե՞ր են
«Մեր խնդիրն է ստեղծել պարզ, հուսալի եւ կիրառության համար շատ հարմար սարքեր, որոնք օգտակար կլինեն գյուղացուն` իր տնտեսության մեջ օգտագործելու», ասում է Համազասպյանը:
«Դրանց արտադրության համար մեծ ներդրում չի պահանջվում. Հայաստանում կան բազմաթիվ գործարաններ, շատերի հետ մենք աշխատել ենք, եւ կանգ առանք «ԱԷՏԱ» բաց բաժնետիրական ընկերության վրա` մեխանիկական գործարան է, մասնավոր ֆիրմա, պատկանում է Արշակ Աբրահամյանին` պետական մտածողություն ունեցող գործարարի, որը թույլ տվեց գիտնականներին օգտագործել տեխնիկական բազան եւ վերջացնել նախագծային աշխատանքները:
Արտադրելիս, իհարկիե, մեր համագործակցությունը կշարունակվի, բայց ես գտնում եմ, որ Արշակ Աբրահամյանի նման գործարարները կարող են շատ օգտակար լինել այսպիսի գործերում, մնացած գործարարները այդ օրինակով կտեսնեն, թե գիտնականին օգնելը կորած տեղ չէ: «Սպիտակ» գիտական եւ մարզաառողջարանական կենտրոնը (հինադիր Նորայր Մուրադյան, Իվան Սիլաեւ, Աբել Աղանբեկյան եւ այլք) եւս մեծ ներդրում ունի մեր գործում: Կենտրոնի ինֆրակառուցվածքները թույլ են տալիս զարգացնելու համահայկական բիզնեսը հելիոտեխնիկայի բնագավառում»:
Ե՞րբ կսկսվի սերիական արտադրությունը
Համազասպյանն ասում է, որ սերիական արտադրությունն ուզում էին Սպիտակում սկսել` հույս ունեին, որ Սպիտակի վերելակաշինական գործարանում են այն անելու: Գործարանն ունի հարմար մասնաշենքեր, կառուցված երկրաշարժից հետո, 1993-ին այնտեղ փորձարարական աշխատանքներ էին կատարում, հնարավորություն կար հոսքագիծ ստեղծել.«Բայց ափսոս գործարանը փլուզվեց, հիմա վաճառել ու քանդում են երկրաշարժի քսանամյակի այս օրերին. նախագահին ես Սառնաղբյուրում ասացի, որ մենք պատրաստ ենք ստեղծել 1000 աշխատատեղ Սպիտակում, բայց այսօր այդ խնդիրը հանվում է, որովհետեւ գործարանը դեմոնտաժի տակ են գցել`դեռ լուրեր են, իհարկե, բայց գործարանը այնպիսի մարդկանց ձեռքում է, որ այլ կերպ են նայում խնդրին, իսկ մասնագետներն ուրիշ ձեւով են աշխատում»:
Իսկ ահա «ԱԷՏԱ» գործարանն օրական 10 համակարգ 4-5 կվտ հզորության արեւային սարքեր արտադրելու հնարավորություն, նաեւ տարածքներ ունի, որտեղ կարելի է կառուցել նոր գործարան, արտադրությունը դնել հոսքագծի վրա, այլ խոսքով` զանգվածային արտադրության անցնել: Սա փորձնական փոքր սերիական արտադրություն է լինելու, բայց որպեսզի արեւային սարքերի ինքնարժեքը ցածր ստացվի, եւ միջազգային շուկայում կարողանան դիմանալ, պետք է անցնել խոշոր սերիական արտադրության, որին Համազասպյանն ու իր համախոհները պատրաստ են, արդեն նմուշներն ունեն:
Ըստ Համազասպյանի` երկրագնդի հարավային արեւոտ բնակավայրերի մի քանի մլրդ բնակչություն ունեցող երկրներն են այն շուկան, որոնք կարող են դառնալ մեր սարքերի պոտենցիալ սպառողը:
Հասանք, վերջապես, սարքերի նկարագրմանը
ԴՎՀ. այսպես է սարքի անունը` Դոկտոր Վահան Համազասպյան:
Սարքերը դեռեւս պատենտավորված չեն` կոմերցիոն գաղտնիք է, դեռ չեն հայտարարում ոչ տեսականի, ոչ էլ` լայն առումով պիտանելիության բոլոր ոլորտները, բայց հետաքրքիր շատ նորույթներ ունեն մեր «արեւային» գիտնականները, այնպիսիք, որ աշխարհում չկան, դրանց մասին կիմացվի, երբ արդեն հոսքագծի վրա կարտադրվեն:
Այժմ արդեն, երբ վստահ են իրենց սարքերի հաջողությանը` մեր գիտնականները նայել են աշխարհում հայտնի այս դասակարգման սարքերի ֆունկցիոնալ հնարավորությունները. կան, ասենք, մինչեւ 1 կվտ հզորության փոքր սարքեր, կան մեգավատանոց կայաններ, բայց միջակայքի փոքրիկ դիապազոնը, որով մերոնք աշխատել են, չկա: Դա ընդգրկում է 4-ից մինչեւ 200 կիլովատ միջակայքը, այդ հզորությամբ էլ ստեղծվում են Համազասպյանի սարքերը:
Եթե, այնուամենայնիվ, կարճ նկարագրելու լինենք` սրանք անհատական, կոմբինացված հելիոհամակարգեր են, որոնք տալիս են ջուր եռացնելու, սնունդ վերամշակելու եւ այլ օգտակար գործողություններ կատարելու հնարավորություն եւ կարող են հոսանք տալ: Ասենք` մի ընտանիքի 200 լիտր եռացրած ջուր կարող է տալ կամ ամենօրյա սնունդը վերամշակելու հիանալի տեխնոլոգիա է, գաղտնիքը թույլ չի տալիս առայժմ ավելին ասել:
Ի՞նչ արժեք կարող են ունենալ այդպիսի սարքերը. հաշվարկված է, որ սերիական արտադրության ժամանակ մեկ կիլովատի արժեքը կլինի 150-200 դոլարի սահմաններում, ասենք 4 կիլովատանոց սարքը 800 դոլար կարժենա, սակայն այդ արժեքի հետգնման ժամկետը 2 տարի է, այսինքն` 2 տարվա ընթացքում ինքն իր ծախսերը կհանի, եւ դրանից հետո դեռ 50 տարի կաշխատի: Շատ հեշտ սպասարկվող սարքեր են, հարմարեցված գյուղացու առօրյա աշխատանքին: Համազասպյանն ու իր խումբը մոտ 30 մոդել են մշակել 15 տարում:
Համազասպյանը երազում է մոտ ժամանակում սարքերի շնորհանդեսը կազմակերպել, որը կլինի նաեւ ոլորտի շնորհանդեսը
Նա հրատապ է համարում մեկ գյուղի հելիոֆիկացիայի շնորհանդեսը կազմակերպել կառավարական բարձր մակարդակով, եւ արդեն այդ գյուղի սահմաններում կազմակերպել սոցիալական էքսպերիմենտը:
Առայժմ երկու սարք ունի պատրաստված, բայց որպեսզի շնորհանդեսն արվի միջազգային ստանդարտներով եւ բարձր մակարդակով, հարմար կլիներ, որ ասենք գյուղի տներում տեղադրվեր 50 համանման սարք. դրա համար ընդամենը 100 հազ. դոլար է պետք.«Շատ կուզեինք, որ շնորհանդեսը լիներ պատշաճ մակարդակով, հանրապետության նախագահի մասնակցությամբ. շատ կոմերցիոն գաղտնիքներ չեմ ուզում բացահայտել, բայց մենք պետք է կարողանանք մոնոպոլ դիրք գրավել այս նոր ոլորտում, համագործակցել պետքական ֆիրմաների հետ, բայցեւ` կոմերցիոն գաղտնիքները մնան մեզ մոտ, Հայաստանում, աշխարհում էլ ասեին` հայերը վերցրել ու մի գյուղ հելիոֆիկացրել են: Ուզում եմ շնորհանդեսին հրավիրել արտերկրի նշանավոր ու ազդեցիկ մարդկանց, օրինակ` Շվարցենեգերին, Անգելա Մերկելին, Ալբերտ Գորին, քանի որ նրանք արեւային էներգիայի ջատագովներ են. Ա. Գորը արեւային տեխնիկայով եւ էկոլոգիայով է զբաղվում, հիմա էլ Օբամային պաշտպանում է, քանի որ նա էկոլոգիայի խնդիրները դրել է իր ծրագրում: Կալիֆորնիայում ամեն օր Շվարցենեգերը 15 րոպեանոց ելույթ է ունենում իր Սակրամենտոյից` նվիրված արեւային թեմաներին», երազում է Համազասպյանը` շատ կարեւոր համարելով Սառնաղբյուրում հելիոֆիկացման շնորհանդեսին զուգահեռ միջազգային ֆորում կազմակերպելը, որին մասնակցելու նախնական համաձայնություն տվել են Ժորես Ալֆյորովը, Աբել Աղանբեկյանը եւ այլոք, ինչպես նաեւ արեւային խաղեր-շոու երեխաների համար` սովորեցնելով ճանաչել արեւի էներգիայից եւ սարքերից օգտվելու ձեւերը խաղերի ու մրցույթների միջոցով:
Ի դեպ` Համազասպյանն առաջին սարքն արդեն նվիրել է Սառնաղբյուրի Սուրբ Թադեւոս եկեղեցուն, եւ շնորհանդեսի կուլմինացիան կյլինի արեւով եփած մատաղի բաժանումը Սառնաղբյուրում:
Աշխարհի հզորների քթի տակ հնարավո՞ր է այդպիսի` թեկուզ տարածաշրջանային բիզնես
Հնարավոր է, լավատես է Համազասպյանը, նրանք իրենց գումարներն արդեն այս ոլորտում կներդնեն: Իհարկե, նավթին հնարավոր չէ այսօր փոխարինող գտնել ամբողջովին, բայց նավթի գներն այնքան են աճում, որ աշխարհը ստիպված է այլընտրանք փնտրել:
Մի այսպիսի գիտական վարկած կա, ուրիշ շատ այլ վարկածների հետ, ըստ որի տասնամյակներ շարունակ աշխարհի հզոր երկրների կառավարությունները գաղտնի են պահում այլմոլորոկայինների մասին տեղեկությունները, քանի որ վախենում են, թե մարդիկ նրանցից էներգիայի ստացման շատ հեշտ մեթոդներ կսովորեն, եւ նավթի ու գազի շահագործման վրա հենված իրենց արդյունաբերությունները կփլուզվեն: Նրանք երեւի պատճառներ կունենան թեկուզ այս փոքրիկ ոլորտն իրենց մրցակից համարել ու խանգարել: Բայց Համազասպյանը մատնանշում է աշխարհի հայտնի գիտնականների հետ իր կապերը եւ չի հավատում այդ բանին: Իսկ մենք տեղական նշանակության մի հիշողություն էլ ունենք. Օնիկ Կարապետյանի դեմ, որը քաղցկեղի այլընտրանքային կանխարգելման իր մեթոդն ունի, աշխատել եւ աշխատում է արտերկրի եւ տեղական վիրահատական ու ավանդական բժշկության, այսպես ասենք, մաֆիան:
Բայց Համազասպյանը, չգիտես ինչու, հանգիստ է եւ համարում է, որ այս բնագավառում Հայաստանը կարող է լիդեր լինել, համագործակցել նաեւ տեխնոլոգիապես զարգացած երկրների հետ:
Արեւի էներգիայով, կվարցե ամանի մեջ, էկոլոգիապես մաքուր եւ համային արտակարգ որակներով սնունդը լինելու է արեւով սարքերի սենսացիան եւ ոլորտի այցեքարտերից մեկը:
Հետագա քայլերը.
Սարքը շատ արագ կկրկնօրինակեն արտերկրի ֆիրմաները, մենք պետք է կարողանանք պաշտպանել նոր ոլորտը:
Շուկայում մոնոպոլ դիրք գրավելու համար մի շարք խնդիրներում պետության օգնության կարիքը կլինի. հարկային եւ վարկային արտոնություններ, շինարարական նորմաների ստեղծում`արեւի էներգիայով սարքերի շահագործման ոլորտում, արեւային տարիֆների հաստատում (արեւ ժամանակ էներգիայի 1 կիլովատը եթե ասենք 50 դրամ արժենա, արեւ չեղած ժամանակ` 5-10 դրամ, դա արեւային տեխնիկայի կիրառումը խթանող միջոցառում կլինի): Արեւային տեխնիկայի գծով` Հայաստանը միջազգային չափորոշիչների մշակման մոնոպոլ դիրքում կարող է լինել, որը կհաստավի Եվրոպայում եւ այլն:
Լրացուցիչ տեղեկանք Վահան Համազասպյանի մասին
Եղել է աշխարհում առաջին ֆոտոսկանի հեղինակը, էլեկտրոնիկայում շատ գյուտեր ունի, բազմաթիվ կադրեր է պատրաստել ոլորտում: Հելիոսարքերից բացի` զուգահեռ ստեղծել է (իր խմբի հետ միասին) հելիոտեխնիկական մեքենաշինության բազա:
Ապրում է շատ համեստ կյանքով, մեքենա չունի, ուտել-խմելու սիրահար չէ:
Ի դեպ
Վահան Համազասպյանի կուրսեցի Ժիրայր Մշեցին, ի դեպ, նույնիսկ օրհներգ է գրել` մի տեսակ հելիոֆիկացման հիմնը:
Աստծո արարյալ արեգակ արդար
Լույսի, ջերմության աղբյուր կենարար,
Բանական մարդը կամքով իր ազատ,
Ավերակում է տունն իր հարազատ...
Թող որ մարդկային քանքարը բարի,
Քեզ դաշնակից եւ գործընկեր լինի,
Լույս, ուժ, ջերմությու քեզանից առնի,
Էկոլոգիական աղետը կանխվի...
Հորձանք է տրված այդ բարի գործին,
Արագած լեռան զովաշունչ լանջին,
Բազմած Սառնաղբյուր հանրահայտ գյուղի,
Քարանձավի մոտ, հին սրբատեղի...
Գործն այդ անվտանգ, գործն այդ կենարար,
Թող որ տարածվի աշխարհից աշխարհ,
Ողջ երկրագունդը հելիոֆիկացվի,
Աստծո օրհնությամբ աշխարհը լցվի...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment