Monday, July 14, 2008
ՍՐԲԱԶԱՆ ՇԱՄԲԱԼԱ. ԱՆՀՆԱՐ Է ՏԵՍՆԵԼ ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ
Առասպել եւ իրականություն
ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Միջնադարյան սքոլաստիկայի հանրահռչակ ներկայացուցիչներից մեկը` լեգենդար աստվածաբան Անսելմ Քենթրբերացին փորձում էր Աստծո գոյությունը ապացուցել` հիմնվելով այն փաստարկի վրա, որ եթե Աստված գոյություն չունենար, ապա անհնարին կլիներ բարձրյալի վերաբերյալ պատկերացումը մարդկանց բանականության մեջ: Շամբալայի առասպելին հավատացող շատ եվրոպացիներ երբեմն ապավինում են հենց այս հնամենի փաստարկման համակարգին եւ համարում են, որ չէր կարող այդքան աղմուկ լինել մի բանի շուրջ, որն իրականում գոյություն չունի:
Իսկ առասպելները միշտ նոր առասպելներ են ծնել մարդկանց ուղեղներում:
Ասիական խորհրդավոր Շամբալան, Պլատոնի երկխոսություններում նկարագրված Ատլանտիդայի պես, բազմաթիվ հակասական բանավեճեր է ստեղծել թե՛ գիտնականների, թե՛ սովորական հետաքրքրասերների շրջանում. 15-16-րդ դարերում Շամբալան փորձում էին գտնել բուդդայական ուխտավորները, ճիզվիտ միսիոներները եւ չին փիլիսոփաները: Առասպելական ու կախարդական այդ երկիրը որոնում էին Հիմալայներում, խորհրդավոր Տիբեթում, Աֆղանստանում: 20-րդ դարի սկզբներին Շամբալայի որոնողական աշխատանքներով զբաղվում էին տարբեր երկրներից ժամանած գիտական արշավախմբեր, որոնցից ամենահայտնին, թերեւս, Նիկոլայ Ռերիխի արշավախումբն էր (վերջինս հատկապես զբաղվել է Արեւելքի մշակութային ժառանգության ուսումնասիրությամբ եւ Շամբալային անդրադարձել է իր ծավալուն աշխատության` «Ագնի Յոգայի» մեջ): Այս թեման հատկապես սիրում էին թեոսոֆները (նրանք, որպես կանոն, բարձրագույն արժեք էին համարում Արեւելքի իմաստնությունները` թերագնահատելով արեւմտյան քրիստոնեական արժեհամակարգը), որոնցից ամենակարկառուններից մեկը՝ Ելենա Բլավատսկայան նույնիսկ գրում էր սրբազան Շամբալայում ապրող հինգ գերինտելեկտուալ մարդկային ռասաների մասին: Նույնիսկ սովետական ՆԿՎԴ-ն ու նացիստական Գերմանիայի հատուկ ծառայությունների (Գերմանիայում նույնիսկ ստեղծվեց «Անարբե» («նախնիների ժառանգություն») ինստիուտը, որ զբաղվում էր արիական ռասայի արեւելյան արմատների որոնման աշխատանքներով) կողմից Տիբեթ էին գործուղվում գաղտնի արշավախմբեր, եւ այդ ծրագրերի իրագործման համար լուրջ պետական միջոցներ էին հատկացվում, Շամբալան դարձել էր Հիտլերի ու Ստալինի մրցակցության յուրահատուկ կռվախնձոր: Նույն Ն. Ռերիխը, ով տարիներ շարունակ զբաղվել է Շամբալա երեւույթի ուսումնասիրությամբ, 20-րդ դարասկզբին գրում է, որ Արեւմուտքում չկա մի աշխատություն` նվիրված Ասիայի անկյունաքարային համարվող այս հասկացությանը: Այն ժամանակից ի վեր աշխարհում այս թեմայի շուրջ բազմաթիվ գրքեր եւ գիտական հոդվածներ են տպագրվել, սակայն առասպելական Շամբալան այդպես էլ ծածկված է մնում խորհրդավոր շղարշով: Բազմաթիվ ճանապարհորդներին ու գիտական արշավախմբերին այդպես էլ չհաջողվեց գտնել հավաստի վկայություններ այն մասին, որ անցյալում գոյություն է ունեցել սրբազան Շամբալան: Շամբալայի առասպելն առավել գրավիչ էր դառնում հատկապես մի յուրահատուկ խթանիչ գաղափարի շնորհիվ, ըստ որի՝ Մեսիան դուրս էր գալու հենց այդ կախարդական երկրից:
Սրբազան երկրի մասին երբեմն խոսում էին` այն այլաբանորեն պատկերելով որպես «մաքուր երկիր», որը տեղակայված է բացարձակապես այլ իրականության եւ տարածաժամանակային միջավայրում, որտեղ կարող էին հասնել միայն հոգեւոր բարձր մակարդակ ձեռք բերած եզակի անհատականությունները: Շամբալան` որպես բացառապես հոգեւոր իրողության ոլորտ, կենտրոնական տեղ գրավեց տիբեթյան Կալաչակրա ուսմունքի (տիբեթյան կրոնական ուղղություն) մեջ եւ որպես հոգու հատուկ որակ, դարձավ Կալաչակրայի հետեւորդների հոգեւոր վերջնանպատակը, որին կարելի է հասնել երկարատեւ ու բարդ մեդիտացիայի շնորհիվ:
Հին ասիական առասպելների ժամանակակից վերարտադրությունների տարբեր դրսեւորումներում խոսվում է այն մասին, որ Շամբալայում ապրում են իմաստուններ, ովքեր տիրապետում են այնպիսի էզոթերիկ գիտելիքի, որը մարդուն լիարժեք իշխանություն է տալիս աշխարհի նկատմամբ, եւ այն ընտրյալները, որոնք «համաձայնության» կգան սրբազան Շամբալայի հետ, կիշխեն աշխարհին եւ մարդկանց (ի դեպ, հենց այս առասպելն էր ստիպել գերտերություններին` հետաքրքրվել այս երեւույթով):
Չնայած Շամբալան համառորեն ասոցացվում է տիբեթյան բուդդիզմի հետ, սակայն իրենք, տիբեթյան լամաները՝ հոգեւոր ուսուցիչները, սկեպտիցիզմով են վերաբերվում համանման առասպելներին: Իսկ բուդդայական որոշ ավանդույթներում Շամբալայի մասին ավանդություններն ընդհանրապես բացակայում են: Մի շարք մասնագետների կողմից գաղտնի գիտելիքների երկրի մասին ուսմունքը վերագրվում է Տիբեթի շամանական բոն կրոնին, որը մինչեւ բուդդիզմի տարածվելը անկյունաքարային նշանակության հավատալիքների համակարգ էր լեռնային այս գոտու բնակիչների համար: Այս մեկնակետից՝ Շամբալայի մասին լեգենդը սերտորեն կապված է Տոմպա Շենրաբի անվան հետ, որը հնում եղել է Շամբալա երկրի տիրակալը եւ բոն կրոնի հիմնադիրը: Ըստ ավանդության՝ Տոմպա Շենրաբը, լինելով երկնաբնակ էակի եւ երկրային կնոջ որդի, ծնվել է Օրմո Լունգրինգ երկրում (սանսկրիտերեն արտասանությամբ` Շամբալա): Շենրաբը, իր հարազատ քաղաք Յանգ-Պաչանը դարձնելով գաղտնի գիտելիքների օրրան, մարդկանց այնպիսի ծիսակարգ սովորեցրեց, որը թույլ էր տալիս սանձահարել չար ոգիներին եւ ստանալ աստվածների բարեհաճությունը: Այդ նույն քաղաքում տիրակալը հսկա տաճար կառուցեց եւ մշակեց բոն ուսմունքի խորհրդանիշը` շուռ տված սվաստիկան: Եթե դասական վեդայական համակարգում սվաստիկայի պտույտը ժամսլաքի ուղղությամբ է, ինչը խորհրդանշում է արեւի շարժման ուղղությունը, ապա բոնյան սվաստիկան հակառակ կողմ է թեքված եւ պետք է կանխորոշեր մարդկանց ամենակարողության անդրժելի հնարավորությունը, որը թույլ կտար մոգության միջոցով կոտրել աստվածային աշխարհակարգը, աստվածների կամքը ենթարկել իրենց, հաստատել բացարձակ վերահսկողություն ներքին` հոգեւոր, եւ արտաքին` նյութական աշխարհների նկատմամբ:
Մինչեւ այսօր տարբեր արշավախմբեր են ժամանում Տիբեթ՝ Շամբալայի որոնման աշխատանքներ կազմակերպելու, Շամբալայի կիզակետը գտնելու նպատակով:
Հետաքրքիր են 2005 թ. Տիբեթից վերադարձած ռուսական արշավախմբի ամփոփած արդյունքները: Արշավախումբը, որն իր ուսումնասիրությունները կատարել էր Հնդկաստանի ու Չինաստանի սահմանգծին, որոնման իր աշխատանքները կենտրոնացրել էր հատկապես Կայլաս խորհրդավոր սարի շրջակայքում: Խմբի ղեկավար Ալեքսանդր Սելվաչեւի վկայությամբ՝ միլիոնավոր բուդդիստներ, հինդուսներ, ջայնիստներ եւ բոն կրոնի հետեւորդներ 6714 մ բարձրություն ունցող Կայլաս սարը համարում են երկրագնդի ամենասրբազան վայրը: Նրանք գտնում են, որ լուսավորվել ցանկացողները պետք պտտվեն 108 անգամ (մի պտույտը կազմում է 56 կիլոմետր) սարի շուրջ, կատարեն, այսպես կոչված, Կորա, ինչը նրանց կազատի մեղքերից եւ իրական հնարավորություն կընձեռի հասնել նիրվանային` բացարձակ անխռով, ինքնաբավ ու երջանիկ աստիճանի կամ հոգեվիճակի:
Մեկ այլ արշավախումբ, որը ղեկավարել է մեկ այլ ռուս գիտնական` բժշկական գիտությունների դոկտոր Յ. Զախարովը, իր ուսումնասիրությունները եւս կատարել է նույն Կայլաս լեռան շուրջ: Արշավախումբը փորձել է պտտվել լեռան շուրջ բոն ավանդույթի համաձայն եւ հայտնաբերել է մի հովիտ, որը նշված չէ ոչ մի քարտեզի վրա: Արշավախումբն այնտեղ հայտնաբերել է նաեւ յոգայով զբաղվող մի ամբողջ համայնք, ընդ որում, այդ միջավայրը, գիտնականների դիտարկմամբ, անտանելի է նույնիսկ ֆիզիկապես գերպատրաստված օրգանիզմների համար: Արշավախբին 400 մետր էր մնացել, որպեսզի հասներ լեռան գագաթին, սակայն խմբի անդամների ֆիզիկական դիմադրողականությունը դա թույլ չի տվել. նրանք ունեին լեռնային հիվանդության բոլոր նախանշանները: Այնուամենայինիվ, արշավախմբի ղեկավարը, մի կողմ դնելով Շամբալայի հոգեւոր կենտրոնի մասին բոլոր կրոնական առասպելները, խոստովանել է, որ Կայլասը երկրագնդի կարեւորագույն էներգետիկ կենտրոններից մեկն է:
Մինչ արեւմտյան քաղաքակրթությունը փորձում է հասկանալ Շամբալա երեւույթը` փորձելով գտնել սրբազան երկրի ֆիզիկական տեղակայությունը, խորհրդավոր Արեւելքի` մասնավորապես Տիբեթում բնակվող բազմաթիվ ուսուցիչներ եւ հոգու ու մարմնի կատարելագործմամբ զբաղվող գուրուներ պարզապես վեհանձնորեն ժպտում են արեւմուտքցիների անսպառ էնտուզիազմի վրա: Արեւելքի շատ ուսուցիչներ սովորեցնում են, որ սրբազան Շամբալան կարելի է շոշափելի դարձնել հոգեւոր ներհայեցողության միջոցով` երկարատեւ ու խորը մեդիտացիոն պրոցեսների շնորհիվ: Իսկ արեւմուտքի մարդու համար սկզբունքորեն անհնար է Շամբալայի ֆենոմենը: Տիբեթաբան Ռ. Թուրմանի բնորոշմամբ՝ Տիբեթի մշակույթը միշտ միտված է մարդու ներքին` հոգեւոր եւ բանականության շերտերի նախահիմքերի բացահայտմանը, իսկ արեւմուտքին առավելապես հետաքրքրում է մարդու գործունեության նյութական շերտերի, արտաքին` ֆիզիկական ընդարձակումը, որը դրսեւորվում է սկսած խաչակիրների` նոր երկրներ նվաճելու արշավանքներից, վերջացրած մարդու` բնությունն իրեն ենթարկելու պարզունակ փորձերով, ասենք, տիեզերքի նվաճում եւ այլն:
Ընդհանրապես՝ մասնագետների շրջանում բազմիցս քննարկվել է այն հարցը, թե արդյո՞ք կարող է արեւմտյան աշխարհայացքը կրող ուսումնասիրողը լիովին հասկանալ Արեւելքի իմաստնությունները, ներթափանցել Արեւելքի բարդ ու դժվարըմբռնելի կրոնափիլիսոփայության խորքերը: Արեւելյան արժեհամակարգը եւ գենետիկական կոդը կրող բուդդիստ, հինդու եւ այլ ուսուցիչներ, ուսումնասիրողներ կարծում են, որ արեւմուտքցիներն ունեն խիստ դոգմատիկ հոգեբանություն եւ կարծրատիպային մտածելակերպ, ինչը թույլ չի տալիս վերջիններիս դուրս գալ մտավոր ու հիվանդագին մոգարգելքներից (տաբու), Արեւելքի մշակութային ժառանգությունը գնահատել` տուրք չտալով արեւմտյան հոգեբանական մշակութային բարդույթներին: Այնպես որ, Շամբալայի` արեւմտյան մասնագետների ուսումնասիրություններին Արեւելքում մեծ մասամբ, մեղմ ասած, հումորով են վերաբերվում:
Այնումենայնիվ, Շամբալայի երեւույթին առնչվող բոլոր նյութերը, գիտական, աշխարհագրական ուսումնասիրությունները, տարբեր ավանդույթների առատությունն ու դրանց տարբերությունները ոչ թե լույս են սփռում երեւույթի մութ անկյունների վրա, այլ ընդհակառակը` Շամբալան դարձնում են առավել խորհրդավոր ու առասպելական: Եվ սովորական հետաքրքրասերը, ամեն դեպքում, ցանկանում է, որ իրեն ուղղակի մատնացույց անեն Շամբալան, նա ուզում է իր մտապատկերների մեջ ունենալ սրբազան Շամբալայի հստակ ուրվագիծը, նա նույնիսկ ցանկանում է տեսնել անտեսանելին, կամ՝ գոնե հավատալ դրան:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment